23/02/2025

Թրամփի ուղերձը՝ կասկածելի թվերով

Եթե առանձին, մեկուսացված վերցնենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որտեղ նա խիստ գնահատականներ է տալիս Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, ապա, իմ կարծիքով, ոչ մի պետության ղեկավար այդպիսի խոսքերով չպիտի արտահայտվի մեկ այլ պետության ղեկավարի մասին՝ դա հակասում է միջպետական հարաբերությունների էթիկական նորմերին:

Բացի դրանից, բերված տվյալների մի մասը առնվազն կասկածներ է առաջացնում: Մասնավորապես, Զելենսկու վարկանիշը, ըստ Թրամփի, 4 տոկոս է, բայց մեզ հայտնի վերջին հարցման համաձայն, որն անցկացրել է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, Ուկրաինայի նախագայի վարկանիշն անցած տարվա դեկտեմբերին 52 տոկոս էր, իսկ այս տարվա փետրվարին` 57 տոկոս: Բացառված չէ, որ այդ տոկոսներն ուռճացված են, բայց ԱՄՆ նախագահն իր ասած 4 տոկոսի համար ոչ մի աղբյուր չի վկայակոչում:

Ըստ Թրամփի, պատերազմի երեք տարիների ընթացքում ԱՄՆ -ի օգնությունը Ուկրաինային կազմել է 360 միլիարդ դոլար: Մինչդեռ նույն ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ՝ գեներալ Քիթ Քելագը հնչեցրել է այլ թիվ՝ 174 միլիարդ: Իհարկե, չի կարելի ասել, որ դա փոքր գումար է: Համեմատության համար նշեմ, որ այս տարվա Հայաստանի բյուջեի ծախսերը կազմում են մոտ 8.71 միլիարդ դոլար:

Բայց բացի զուտ փաստական (թերեւս՝ հաճախ սխալ) արձանագրումներից’ պետք է ուշադրություն դարձնել ընդհանուր քաղաքական համատեքստին՝ ուղերձներին, որոնք սկզբից ուղղել է Վենսը Մյունխենում, իսկ այնուհետեւ’ Թրամփը: Իսկ հիմնական ուղերձն այն է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը մտադիր չէ ծախսել իր հարկատուների գումարներն այն նախագծերի վրա, որոնք, իր կարծիքով, չեն առնչվում երկրի ազգային շահերին:

Թե ինչն է առնչվում, ինչը՝ ոչ, դրա հետ մենք՝ այլ պետությունների քաղաքացիներս, կարող ենք մեր կարծիքն ունենալ: Բայց առաջնահերթությունները ձեւակերպում է Թրամփի թիմը: Ուկրաինայի դիմադրությունը Ռուսաստանի ագրեսիային այդ առաջնահերթությունների մեջ չի մտնում: «Մենք դրանից բաժանված ենք մեծ, հրաշալի օվկիանոսով», – ասում է Թրամփը:

Բայց եթե Ուկրաինային աջակցելը պետք է եվրոպական երկրներին, ապա նա այստեղ որեւէ խնդիր չի տեսնում՝ թող իրենք էլ անեն համապատասխան ծախսերը: Եվրոպան, վստահ եմ, իրենից կախված ամեն ինչ կանի, որ Ուկրաինան շարունակի զսպել Պուտինի հարձակումը: Որքան ժամանակ, մինչեւ երբ եւ ինչպես է այդ խնդիրը հանգուցալուծվելու՝ կտեսնենք մոտակա ամիսներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am