23/02/2025

Որ ոլորտին նայենք, այս վիճակն է, համատարած քաոս է …

Հայաստանը, մասնավորապես՝ մայրաքաղաք Երեւանը, առատ ձյան հետեւանքով կոլապսի մեջ է հայտնվել: Երեկվանից դժվարանցանելի են մայրաքաղաքի փողոցները, հանրային տրանսպորտը դժվար է գործում, բուհերն ու դպրոցները չեն գործում, տպավորություն է, որ ոչ թե լուսավոր 21-րդ դարում ենք ապրում, այլ՝ քարի դարում:

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Երեւանի ավագանու նախկին անդամ, «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանի հետ:

– Մայրաքաղաքը քաոսի մեջ է, մարդկանց բնականոն առօրյան խաթարվել է բնական, ոչ աղետալի երեւույթի՝ ձյան պատճառով: Ի՞նչն է պատճառը, որ քաղաքում նման իրավիճակ է: Քաղաքապետարանի բյուջեն դատա՞րկ է, որ անգամ ձյունը փողոցներից չեն մաքրում:

– Երեւանն ունի ե՛ւ բյուջե, ե՛ւ ձյունահավաք մեքենաներ, ի դեպ՝ դրանց վրա ահռելի գումարներ ծախսվեցին այն ժամանակ, երբ որոշում կայացվեց քաղաքապետարանի կողմից, որ այդ բոլոր գործիքները պետք է վերցնի իր սեփականության տակ: Նախկինում «Սանիթեքն» էր կատարում այդ աշխատանքները, այժմ՝ Երեւանի քաղաքապետարանը: Այն ժամանակ «Սանիթեքից» դժգոհ էին, որ լավ չի աշխատում, սակայն այսօր համայնքային հիմնարկն աշխատում է շատ ավելի վատ: Ավինյանի օրոք 2 անգամ է նորմալ ձյուն եկել, երկու անգամն էլ խայտառակ իրավիճակ է. իրար հարվածող ավտոմեքենաներ, փչացող հանրային տրանսպորտ, շտապօգնության անսարք մեքենաներ եւ այլն: Սա, վստահաբար, վատ կառավարման արդյունք է: Առատ ձյան մասին մասնագետները շաբաթներ առաջ ահազանգել էին, եւ շատ տարօրինակ է, որ ձյան առատ տեղումների պահին Տիգրան Ավինյանն անտարբեր նստած էր կուսակցության նիստին: Նա չի կարողանում կառավարել քաղաքը: Ո՛չ Ավինյանն է իր տեղում, ո՛չ էլ՝ հիմնարկների ղեկավարները, արդյունքում ունենք այս վիճակը: Կառավարման թերի լինելու հետեւանքով արդյունքը զրո է: Մեր օրերում եղանակային պայմանները կանխատեսելի են: Պետք է նախապես տեխնիկա պատրաստեին, աղ նախապատրաստեին, որպեսզի վերջին րոպեին չգնեին: Հույսները դրել են եղանակային պայմանների վրա, որ ձյուն չի գալու: Վստահ եմ, որ մարտ-ապրիլին ձյունն ինքն իրեն հալվելու է գնա, չեն մաքրելու:

– Իսկ «բարեփոխված» տրանսպորտն ինչո՞ւ է հայտնվել այս վիճակում:

– Երեկ ականատես եղանք ավտոբուսների վթարների: Վարորդները շատ ճիշտ են անում, որ այդքան մարդու կյանք չեն վտանգում: Երեկ ժամը 10-ից փողոցներն անանցանելի էին: Վարորդները շատ անհանգիստ էին: Առատ ձյան դեպքում սեզոնային անվադողերն անգամ լավ չեն աշխատում: Վարորդները փորձել են ապահովագրել իրենց: Երեկ դեպք ունեցանք, որ վարորդի ինքնազգացողությունը վատացավ` շտապօգնություն կանչեցին քաղաքացիները: Խայտառակ վիճակ էր ուղղակի: Մարդիկ 2-3 ժամ տրանսպորտի մեջ սթրեսի են ենթարկվել: Սա մեր բարեփոխված, թանկացած տրանսպորտային համակարգն է: Անգամ շատերը չեն հասել երթեւեկման վերջնակետին: Կեսից իջել են` ստիպված: Քաղաքային տնտեսությունն ամբողջությամբ ձյան պատճառով կոլապսի մեջ է: Խոսքը բոլոր ենթակառուցվածքների մասին է։ Ավինյանին օգնության հասան ԿԳՄՍ նախարարը, բուհերի ռեկտորները եւ այլն: Ես չեմ հիշում առաջներում նման բան, որ ձյան պատճառով դասեր հետաձգվեին:

– 2000-ականներին ձմռան բոլոր օրերն էին այսպիսին: Ինչո՞ւ նման իրավիճակ չէր ստեղծվում: Փաստորեն, այն ժամանակվա իշխանությունները համեմատության մեջ շատ ավելի լավ էին աշխատում:

– Այո, առաջ ավելի շատ էր ձյուն գալիս: Դպրոց էինք գնում ձյան պայմաններում, բայց այն ժամանակ այսքան ավտոմեքենաներ չկային, մայրաքաղաքի ենթակառուցվածքներն այսքան զարգացած չէին: Բայց, ամեն դեպքում, այն ժամանակ կային մարդիկ, ովքեր իրենց տեղում էին: Կոմունալ ծառայությունները նորմալ աշխատում էին: Թեպետ նրանք էլ ձյունը պատշաճ չէին մաքրում: Սպասում էին ապրիլ-մայիսին՝ ինքն իրեն մաքրվեր: Այժմ եթե մայթերը չմաքրվեն, կոտրվածքներով մարդիկ հերթեր են կանգնելու հիվանդանոցներում: Երեւանի քաղաքապետարանը պետք է պարտավորվի՝ մարդկանց վնասները փոխհատուցել, քանի որ ամեն բան իրենց անգործության պատճառով է լինում: Անձրեւ է գալիս` Երեւանում քաոս է, քամի է` քաոս է, ձյուն է` քաոս է: Եղանակային բոլոր նորմալ երեւույթները մեր քաղաքն աղետի են վերածում: Ինչպե՞ս կարելի է ամեն անգամ ձմռանը ձյան տեղումներից անակնկալի գալ: Թեպետ, իրենց բախտից, վերջին տարիներին շատ քիչ է ձյուն գալիս: Նախկիններն էնքան կռռացին, որ այս տարի ձյուն եկավ: Երեկ առատ ձյան պահին փոխանակ մեր քաղաքային իշխանություններն իրավիճակը կարգավորեին, Ֆեյսբուքում մի քանի տեղ տեսա, որ նորից Հայկ Մարությանին էին հիշել։ Մարությանին էին մեղադրում, որ ձյուն է գալիս: Փոխանակ ձյուն մաքրեն, էլի մեղավորը Մարությանն է, Մարգարյանն է ու Բեգլարյանը: Իրենք մեղավոր չեն, բնությունն է մեղավոր նաեւ: Զավեշտ է: Որ ոլորտին նայենք, այս վիճակն է: Քաղաքն աղբի մեջ է, այլեւս վերելակներ չեն վերանորոգում, համատարած քաոս է: