Գյումրու ընտրություններից առաջ ՔՊ-ն կրկին օլիգարխներին քերելու գործին է անցել։ Պաշտոնապես երեկ հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսում է դրամահավաք-արշավ՝ Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավները եւ կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:
Հրապարակ թերթը գրել է․ Նվիրատվության եւ անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել 2 միլիոն 500 հազար դրամը: Իրավաբանական անձինք նվիրատվություն կատարել չեն կարող:
Համեմատության համար նշենք, որ «Ելք» դաշինքի համահիմնադիր, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի դրամահավաք-երեկոյի ժամանակ հավաքել էր շատ չնչին գումար, իսկ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Երեւանի քաղաքապետի վերջին ընտրություններին 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքել 506 մլն 532 հազար ՀՀ դրամ:
Ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանի գլխավորած «Ելքի» դեպքում այդքան քիչ գումար հավաքվեց, իսկ ՔՊ-ի դեպքում` ահռելի թվեր։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է.
«Դրամահավաքի միտքն էր՝ համախմբել մեր այն համախոհներին, ովքեր պատրաստ էին մեր գործունեության համար սեփական կամքով գումար վճարել։ Նույնն անում էր նաեւ «Ելք» դաշինքը։ 5 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ նվիրատվություն էին անում՝ առանց որեւէ շահի, առանց սպառնալիքի ազդեցության։ Այն, ինչ անում է «Քաղպայմանագիրը», շատ տարբերվում է այդ դրամահավաքներից։ ՔՊ-ի դրամահավաքներին ներդրում են ունենում խոշոր գործարարներ, ովքեր ինչ-որ կերպ կապված են պետության հետ․ տենդերներ, շինթույլտվություններ, հարկային որոշակի խնդիրներ եւ այլն։ ՔՊ-ի քաղաքային ընտրությունների դրամահավաքից պարզ դարձավ, որ այդ գումարների զգալի մասը օրենքին համապատասխանեցնելու համար տրոհվել էին տվյալ կազմակերպության աշխատակիցների միջեւ»։ Խաժակյանը նկատի ուներ այն սկանդալը, որը ծագեց նախորդ ընտրություններից առաջ, երբ պարզվեց, որ անհայտ անձանց տված փողերը մուտքագրել են ՔՊ անդամների անունից` օրինականացրել են անօրինական ստացած գումարները:
Խաժակյանը վստահ է՝ ՔՊ-ն նույնն անելու է այս դրամահավաքի ժամանակ` գործարարներին հորդորելու է գումարներն այսկերպ փոխանցել։ «Ընդդիմադիր ՔՊ-ն նման բան անել չէր կարող, որեւէ մեկը նման գումար չէր հանգանակի։ Սա միայն հնարավոր է իշխանություն ունեցող ՔՊ-ի պարագայում, որն իր վարչական լծակները կարող է կիրառել տվյալ բիզնեսմենների վրա»,- ընդգծեց նա։ Կա՞ այս ամենի մեջ կոռուպցիա։ Խաժակյանի խոսքով՝ դասական իմաստով գոյություն ունի «քաղաքական կոռուպցիա» հասկացությունը։ «Դա այն է, երբ ուղղակի կամ անուղղակի քո քաղաքական գործունեության համար գումար ես վերցնում տարբեր բիզնեսմեններից՝ հետագայում իրենց ավելի բարեհաճ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Սա դասական, քաղաքական կոռուպցիա է»,- նշեց նա։
ՀՀԿ-ական պատգամավորից ՔՊ-ի սրտի օլիգարխ դարձած Լֆիկ Սամոյին՝ Սամվել Ալեքսանյանին, Փաշինյանը ժամանակին քննադատում էր, իսկ այսօր Ալեքսանյանը դարձել է ՔՊ-ի աջակիցն ու ֆինանսավորողը, եւ ոչ միայն նա։ «Բիզնեսմեններից նման գումարներ ստանալը խոսում է այն մասին, որ այս կամ այն պահին տվյալ բիզնեսմենը պետությունից ստանալու է որոշակի առավելություն։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէր կարող ներազդել տվյալ գործարարների վրա։ Դա հնարավոր է միայն իշխանական լծակներ ունենալու դեպքում։ Ես շատ հեռու եմ այն մտքից, որ Երեւանի ընտրությունների պարագայում այդ հանգանակության գումարը մեկ միլիոն դոլարը գերազանցեց, դա կարող էր լինել առանց փափուկ հարկադրանքի»,- ասաց Խաժակյանը։ Դատելով երկրում տիրող ընդհանուր մթնոլորտից՝ ի՞նչ արդյունքներ կգրանցի ՔՊ-ն Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում։ «Ես կարծում եմ, որ ՔՊ-ի գործերը լավ չեն։ Հույս ունեմ, որ այնպես, ինչպես տեղի ունեցավ Երեւանում եւ Վանաձորում, այդպես էլ տեղի կունենա Գյումրիում` իշխանությունները կպարտվեն։ Իհարկե, նրանք ունակ են մանդատագողության, հետոն ցույց կտա ընտրությունների արդյունքներով»,- նշեց Դավիթ Խաժակյանը։
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին
Որ միջոցառման համար է հատկացվել 8 միլիոն դրամ
16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն