23/02/2025

ԱՄՆ կոնգրեսականները տրամադրված չեն Ուկրաինային նոր օգնություն տրամադրել. Ջոնսոն

ԱՄՆ Կոնգրեսում մտադիր չեն Ուկրաինային զինելու և ֆինանսավորելու նոր օրինագիծ սահմանել:

Այս մասին Newsmax-ին ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը։

«Մենք պետք է վերջ տանք հակամարտությանը։ Եվ ես կարող եմ ձեզ ասել, որ մեր եվրոպացի դաշնակիցները նույնպես հասկանում են դրա անհրաժեշտությունը։ Սա շարունակվում է չափազանց երկար», – ասել է Ջոնսոնը:

Միաժամանակ ուկրաինայի Գերագույն Ռադան հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայի կողմից գնված զենքի մատակարարումը։

«Իմ տեղեկություններով՝ վաճառքի հանվող զենքերը դադարել են։ Այն ընկերությունները, որոնք վաղը պատրաստ էին փոխանցել այս զենքերը, հիմա սպասում են, քանի որ որոշում չկա։ Եվ բոլորը սպասում են, թե արդյոք որոշում կլինի՞ գոնե փողի դիմաց զենք մատակարարել»,- ասել է Ռադայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ռոման Կոստենկոն։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին հարցին, հաստատել է, որ այս գործընթացում «ուշացումներ» կան։

«Մեր զենքի մեծ մասը, որը մենք մատակարարել ենք Ուկրաինային, եղել է պաշարների կրճատման ծրագրի մի մաս, որտեղ մենք բառացիորեն դրանք հանել ենք մեր պահեստներից, իսկ հետո, ի վերջո, հատկացումների միջոցով սկսել ենք դրանք հետ գնել՝ մեր պաշարները համալրելու համար: Պարզապես նշեմ, որ շատ դեպքերում այս գործընթացի ձգձգումներ են եղել։ Երբ մենք նայում ենք մեր գործունեությանը ամբողջ աշխարհում, մեր պաշարներից շատերը գնալով սպառվում են»,- ասել է Ուոլցը Սպիտակ տան մամուլի ասուլիսում:

Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ դա եղել է հակամարտության ավարտի ժամկետների վերաբերյալ մտահոգությունների պատճառներից մեկը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է մարտերը դադարեցնելու վրա։