Ռուս-ամերիկյան պաշտոնական բանակցություններին զուգահեռ կողմերի միջև ընթանում են բացառապես փորձագիտական բնույթի քննարկումներ: Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները և հավելում, որ այդ գործընթացը մեկնարկել է ամիսներ առաջ, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Դոնալդ Թրամփը:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում Լավրով-Ռուբիո հանդիպումը նույն աղբյուրները որակում են «բանակցություններ՝ բանակցություններ սկսելու մասին»:
Հասկացվում է, որ անցյալ տարվա նոյեմբերի կեսերից սկսված քննարկումներում կողմերի փորձագետներին չի հաջողվել «ընդհանուր հայտարարի գալ», ուստի տպավորությունը, թե ԱՄՆ նախագահ Թրամփը «մայիսի 9-ին կայցելի Մոսկվա և այդ խորհրդանշական օրն էլ կարձանագրվի Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական տրիումֆը», կարծես այնքան էլ իրատեսական չէ:
Ռուսաստանի նախագահը կառավարության հեռավար նիստում փետրվարի 21-ին հորդորել է արևմտյան ընկերությունների գործունեությունը վերսկսելու հարցում «զգուշավոր լինել», ինչից հետևում է, որ մեկ կամ նույնիսկ մի քանի հանդիպումների արդյունքում ռուս-ամերիկյան հարաբերությունների «սառույցը չի հալվի»: Մանավանդ որ արտաքին գործերի նախարարի Լավրովն էլ մեկնաբանել է, որ բանակցությունների «երկու տրեկ կա, մեկը ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումն է, մյուսը՝ ուկրաինական կարգավորումը»:
Կողմերի միջև անվստահությունը չափազանց խորն է: Երևում է, որ Մոսկվան շարունակում է կասկածամիտ լինել ԱՄՆ նախագահի հրապարակային հայտարարությունների նկատմամբ և ակնկալում է առարկայական քայլեր: Իրոք, չափազանց կարևոր է, թե իրական քաղաքականության ռեժիմում ԱՄՆ նախագահը, որքան գործնական կգտնվի:
Ըստ էության՝ հիմնական ինտրիգն այն է, թե Ուկրաինան «հանձնելով»՝ աշխարհաքաղաքական ի՞նչ իրական նպատակ է հետապնդում Դոնալդ Թրամփը: Գրեթե կասկած չկա, որ եթե ուկրաինական պատերազմն ավարտվի Ռուսաստան-ԱՄՆ այնպիսի գործարքով, որ կարձանագրի Մոսկվայի տարածքային նվաճումները, իսկ Վաշինգտոնին կտա Ուկրաինայի ընդերքին տիրանալու հնարավորություն, ապա Վլադիմիր Պուտինը գործի է դնելու «Մեծ Եվրասիա» նախագիծը, մյուս կողմից Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններն ավելի են սրվելու:
Ռուսաստանյան մամուլի բազմաթիվ հրապարակումներ կառուցվում են այն կանխավարկածով, որ Մոսկվա-Վաշինգտոն գործարքը «կարող է Եվրամիության փլուզման պատճառ դառնալ»: Ռուսաստանցի փորձագետները չեն թաքցնում, որ Մոսկվան նպատակադրված է այս կամ այն ձևով վերականգնել Արևելյան Եվրոպայի նախկին կոմունիստական երկրների նկատմամբ ազդեցությունը: Դոնալդ Թրամփը, եթե Եվրոպայից «օվկիանոսով բաժանված լինելու» մասին նրա դիտարկումն անկեղծ է, նման հեռանկարը Միացյալ Նահանգներին սպառնալիք չի համարում:
Այս ֆոնին արևմտյան աղբյուրները հայտնում են, որ մարտի 4-5-ին Սամարղանդում կգումարվի Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողով՝ Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: Եթե այն տեղի ունենա, ապա Ռուսաստանի արձագանքը միանշանակորեն բացասական է լինելու:
Այդ առումով Եվրամիություն-Ռուսաստան լարվածությունը կարող է «արտապատկերվել» նաև Հարավային Կովկասում, քանի որ Կենտրոնական Ասիա ԵՄ «մուտքի» ճանապարհն անցնում է մեր տարածաշրջանով: Մամուլում դեռևս անցյալ տարվա կեսերին տեղեկություն է տարածվել, որ Եվրամիությունը Կենտրոնական Ասիայի հետ հաղորդուղիների ենթակառուցվածքային արդիականացման ծրագիր ունի, որ գնահատվում է շուրջ ինը միլիարդ եվրո: Այդ գումարի մի զգալի մասն, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, նախատեսված է ծախսել Բաքու-Կարս երկաթգծի թողունակության մեծացման և տեխնիկական վերազինման նպատակով: Եվրամիությունն ունի նաև Թուրքմենստանի և Ղազախստանի նավահանգստային ենթակառուցվածքների արդիականացման մտադրություն:
Դոնալդ Թրամփը վերանայում է նաև Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների առաջնահերթություննե՞րը: Եթե՝ այո, ապա դա իրավիճակային, զուտ նրա ընկալումներով պայմանավորված «որոշո՞ւմ»է, թե՞ ԱՄՆ-ն «մեկուսանում է» հետխորհրդային ամբողջ տարածքում: Թրամփը «փրկու՞մ է» Ռուսաստանը, թե՞ «նախապատրաստում նրա կործանումը»:
Արևելյան Եվրոպայից , Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից Միացյալ Նահանգների ռազմավարական «նահանջը» կստեղծի աշխարհաքաղաքական շատ վտանգավոր վակուում, որը վերալցնելու համար Ռուսաստանն, անկասկած, կբախվի ոչ միայն այդ տարածքի երկրների հետ հարաբերությունների սրման, այլև արտաքին շահագրգիռ ուժերի հետ հակամարտությունների սպառնալիքի:
Բաց մի թողեք
Փաշինյանի հյուրընկալած թուրք լրագրողը Երևանում անցկացրած մեդիատուրի մասին իր ռեպորտաժում «պատմական թուրքական» է որակել
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին ու Միրզոյանին՝ Ուոլցի հայտարարության հետ կապված
Ռումբ Եվրոպայի տակ․ Սերբիան ալեկոծվում է․ Միլորադ Դոդիկը պայքարում է