23/02/2025

Գերմանիայի ընտրությունը ցույց է տալու, թե ինչ ուղղությամբ և տրամաբանությամբ կզարգանա ԵՄ

Այսօր Գերմանիայում անցկացվում է խորհրդարանի արտահերթ ընտրություն՝ այն բանից հետո, երբ նախորդ տարեվերջին ճգնաժամի առաջացավ կառավարող կոալիցիայում և խորհրդարանն անվստահություն հայտնեց կանցլեր Շոլցին:

Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքը, անկասկած, շոշափելի նշանակություն է ունենալու ոչ միայն այդ երկրի, այլ նաև ամբողջ Եվրոպայի համար, այն պարզ պատճառով, որ Գերմանիան Եվրոպայի ու Եվրոպական Միության առանցքային երկրներից մեկն է:

Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրության հնարավոր առաջատարը Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունն է, որը նախկին իշխանությունն էր կանցլեր Մերկելի գլխավորությամբ: Ներկայումս, ըստ սոցհարցումների, այդ ուժը քրիստոնյասոցիալիստական միության հետ համատեղ կարող է ստանալ ձայների մոտ 129 տոկոսը:

Երկրորդ տեղում, ըստ սոցհարցումների, Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունն է՝ մոտ 21 տոկոս վստահությամբ, համաձայն սոցհարցումների: Անվստահության արժանացած կանցլեր Շոլցի ուժը՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ունի 15 տոկոսին մոտ վարկանիշ, իսկ նրանց հետ կառավարող կոալիցիայի մյուս անդամ կանաչները՝ 13 տոկոս: Սոցհարցումներով ուրվագծված այս ցուցանիշները որքանով կպահպանվեն, դժվար է ասել:

Պետք չէ բացառել ոչինչ: Սոցհարցումները տալիս են ընդհանուր պատկեր, սակայն չեն երաշխավորում որևէ արդյունք: Սակայն ցանկացած պարագայում Գերմանիայի նոր կառավարությունը դարձյալ կլինի կոալիցիոն, որովհետև հազիվ թե կա որևէ ուժ, որը կհավաքի կառավարություն միանձնյա ձևավորելու համար անհրաժեշտ 51 տոկոս ձայն:

Բայց գրեթե անհավանական է նաև, որ կոալիցիա կազմեն Քրիստոնյադեմոկրատները և այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը; Նրանք երկուսը գաղափարական ընդհանուր աջ դաշտում են, սակայն բավականին, էապես տարբեր երանգավորումով:

Բայց, կհաջողվի՞ կառավարող կոալիցիա կազմել այլ ուժերի, օրինակ՝ սոցիալիստների և կանաչների հետ: Չփորձենք, իհարկե, Հայաստանի հեռվից գուշակել հնարավոր կոնֆիգուրացիաներ, սակայն ուշադրության արժանի փաստ է և այն, որ Գերմանիայում քվեարկությանն ընդառաջ հերթական անգամ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությանն աջակցություն է հայտնել Թրամփի թիմի նշանակալից անդամ Իլոն Մասկը:

Մասկն այս ընթացքում բավականին բաց աջակցություն է հայտնել ԱԳՀ կուսակցությանը: Արդյո՞ք դա կունենա էական նշանակություն, պարզելու համար մնացել է շատ քիչ ժամանակ: Գերմանիայում քաղաքական ճգնաժամը արտացոլում է միջազգային հարաբերությունների ընթացքը, որում Բեռլինը հայտնվել է տուժող կողմում: Ուկրաինական պատերազմը հարվածել է երկրի տնտեսությանը:

Եվրոպայի տնտեսության անվիճելի առաջատարը ունեցել է տնտեսական անկում, այն բանից հետո, երբ եղել է ռուսական էներգակիրների մատակարարման խնդիր և ճգնաժամ: Այդ պատկերը բերել է եվրոպական քաղաքականության մեջ ուժերի հարաբերակցության փոփոխության: Դա շարունակվելու է, պարզապես Գերմանիայի ընտրությունը ցույց է տալու, թե ինչ ուղղությամբ և տրամաբանությամբ:

Գերմանիայում ճգնաժամը նոր փուլ կմտնի ընտրության արդյունքում, թե՞ Գերմանիան կսկսի դուրս գալ դրանից և ձեռնամուխ լինել վերականգնման, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական, այլ նախ և առաջ գաղափարական իմաստով: