Գերմանիայում փետրվարի 23-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը որպես առաջնահերթություն նշել է ԱՄՆ-ից «իրական անկախացումը», մասնավորապես, անվտանգության հարցերում, հաղորդում է Reuters-ը։
Ֆրիդրիխ Մերցը նաև կասկածներ է հայտնել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Արևմուտքի պաշտպանական շահերն աջակցող ՆԱՏՕ-ի ապագայի վերաբերյալ։
Քննադատելով Թրամփին՝ Գերմանիայի ապագա կանցլերն ասել է, որ նրա վարչակազմը ցույց է տվել, որ «մեծապես անտարբեր է Եվրոպայի ճակատագրի նկատմամբ»:
«Իմ բացարձակ առաջնահերթությունը կլինի նպաստելու Եվրոպայի հնարավորինս արագ հզորացմանը, որպեսզի մենք քայլ առ քայլ կարողանանք հասնել ԱՄՆ-ից իրական անկախության»,- հավելել է նա։
ի դեպ, չնայած Մերցի քննադատություններին՝ Թրամփը ողջունել է ընտրությունների արդյունքները: «Ինչպես Միացյալ Նահանգները, Գերմանիայի ժողովուրդը ևս հոգնել է էներգետիկայի և ներգաղթի վերաբերյալ տարիներ շարունակ առկա անմիտ օրակարգից», – գրել է Թրամփը Truth Social-ում:
Միաժամանակ, իշխանամետ «Türkiye» թերթը նշում է, որ ընտրություններում հաղթած Ֆրիդրիխ Մերցը հայտնի է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում դեմ դիրքորոշմամբ։ Իր նախընտրական ծրագրում արված հայտարարություններում Մերցն ընդգծել էր․ «Թուրքիան կարևոր գործընկեր է, որը պահպանում է իր ռազմավարական նշանակությունը Եվրոպայի համար։ Սակայն ստեղծված իրավիճակում այն հեռացել է ԵՄ արժեհամակարգից, ուստի հնարավոր չէ, որ դառնա միության անդամ»։
Միաժամանակ նա հայտարարում է՝ «Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան մեծ դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության մեջ։ Սակայն առայժմ ոչ Եվրոպան, ոչ էլ Թուրքիան իսկապես չեն ցանկանում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող համագործակցել: Ընդհակառակը, մենք պետք է ավելի ամրապնդենք մեր հարաբերությունները»։
Ֆրիդրիխ Մերցը, ով պահպանողական դաշինքի՝ «Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) առաջնորդն է, ելույթ է ունեցել էքզիթ փոլի հրապարակումից հետո։
Մերցը խոսել է քաղաքական հակառակորդների նկատմամբ հարգանքի մասին։
«Հիմա մենք միասին կխոսենք, եւ կարեւոր է, որ հնարավորինս շուտ կառավարություն ձեւավորվի։ Արտաքին աշխարհը մեզ չի սպասում: Աշխարհում բոլորը տեսնում են, որ Գերմանիան ունի վստահելի կառավարություն։ Այսօր մենք տոնելու ենք, իսկ վաղվանից կշարունակենք մեր աշխատանքը»,- ասել է Մերցը, ով ակնկալվում է, որ կդառնա Գերմանիայի կառավարության նոր ղեկավարը՝ փոխարինելով այժմյան կանցլեր Օլաֆ Շոլցին։
Նշենք, որ ըստ էքզիթ փոլի արդյունքների, Բունդեսթագի արտահերթ ընտրություններում Ֆրիդրիխ Մերցի պահպանողական «Քրիստոնեա-դեմոկրատական /Քրիստոնյա սոցիալական միություն» (CDU/CSU) պահպանողական դաշինքը առաջատար է Բունդեսթագի արտահերթ ընտրություններում 29 տոկոսով։ Երկրորդ տեղում Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն է՝ 19,5 տոկոսով, իսկ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) ունի 16 տոկոս։
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկի ձախ-ազատական միությունը 90/Կանաչները հավաքում է 13,5 տոկոս: Ձախ կուսակցությունը հավաքում է 8,9 տոկոս, ձախ պոպուլիստական Սառա Վագենկնեխտ միությունը (BSW) հավաքում է 4,7 տոկոս, իսկ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP)՝ 4,9 տոկոս։
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Մակրոնը Զելենսկիին ասել է, որ Պուտինը Ուկրաինայի հարցում իր կարծիքը չի փոխել․ Bloomberg
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար