19/03/2025

Անդաշնակից Մոսկվայի հերթն է Ադրբեջանին հիշեցնելու դաշնակցային հարաբերության մասին

«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը: Կցանկանայի հուսալ, որ ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնմամբ՝ մեր հարաբերությունների ամբողջ համալիրի առումով»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը՝ անդրադառնալով Ադրբեջանում Ռուսական տան և Սպուտնիկ ռուսական պետական գործակալության փակման հարցերին:

Գալուզինի խոսքերն այս օրերին հնչում են առավել խորհրդանշական կերպով, քանի որ ընդամենը երեք օր առաջ լրացավ Ադրբեջանի հետ ՌԴ դաշնակցային հարաբերության մասին հռչակագրի ստորագրման երրորդ տարին: Այդ փաստաթուղթը, ըստ էության, վերջին միջազգային փաստաթուղթն էր, որ Մոսկվան ստորագրեց Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողությունը, այլ կերպ ասած պատերազմը սկսելուց առաջ:

Անկասկած է, որ այդ հռչակագրի բուն նպատակը թիկունքային ապահովությունն էր: Ավելին, բոլորովին բացառված չէ և այն, որ հենց այդ համատեքստում կարող էր դիտարկվել անգամ «փոխանակում»՝ Ադրբեջանի լոյալության դիմաց որոշակի «հավակնություններ» Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման գոտու հանդեպ:

Մի բան, թերևս, հաստատ է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հենց այնպես չէր գնա Մոսկվա և ակնհայտորեն, արդեն հայտարարված և անխուսափելի պատերազմից երկու օր առաջ՝ Դոնբասի և Լուգանսկի անկախության ճանաչման և ՌԴ-ին միավորվելու քաղաքական որոշմանը զուգահեռ ՌԴ նախագահ Պուտինի հետ չէր ստորագրի դաշնակցային հռչակագիր:

Ալիևն ակնհայտորեն ակնկալում էր դրա դիմաց ստանալ իր համար շատ կարևոր մի բան: Հավանաբար, դա շատ կարևոր էր նաև արևմտյան աշխարհի համար, եթե նույնքան ակնհայտորեն աչք փակեցին ագրեսիայի պատրաստվող Պուտինի հետ Ալիևի դաշնակցային հարաբերության վրա:

Երեք տարի անց առկա է իրավիճակ, երբ Ռուսաստանը դուրս է եկել Արցախից ընդհանրապես, իսկ Ալիևը Բաքվից դուրս է հանում Ռուսական տունն ու ռուսական պետական գործակալությունը, բացահայտում է ռուսական գործակալների, այդ թվում Ադրբեջանի նախկին պաշտոնյաների շրջանակում: Մոսկվան նրան հիշեցնում է դաշնակցային հարաբերության մասին:

Իսկ ի՞նչ կանի Մոսկվան, եթե Ալիևը «չհիշի» այդ հարաբերությունը՝ չունենալով «հիշողության» մոտիվ: Ի՞նչ լցափակեր ունի Մոսկվան Բաքվի հանդեպ: Օրինակ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու դրանից բխող՝ հետագա մի շարք եռակողմ համաձայնությունները դիտարկվո՞ւմ են որպես լծակ, թե խնդիրն ավելի խորն է և Ադրբեջանի հարցը Մոսկվան բերել է ռուս-ամերիկյան բանակցային սեղան, ինչից ելնելով էլ Գալուզինը զգուշացնում է Իլհամ Ալիևին: