Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակի վատթարացման հետ՝ կաթոլիկ եկեղեցական շրջանակներում եւ միջազգային լրատվամիջոցներում ակտիվացել են քննարկումները, թե Սրբազան քահանայապետի վախճանի կամ առողջական պատճառներով գահից հրաժարվելու պարագայում ովքեր կարող են հավակնել Սուրբ Պետրոսի Աթոռին։
Առավել ազդեցիկ 10 հնարավոր թեկնածուներն են. առաջին տեղում, բնականաբար, կարդինալ Պյետրո Պարոլինն է։ Նա Սուրբ Աթոռի պետքարտուղարն է, Հռոմեական կաթոլիկ եկեղեցում ամենից ազդեցիկ մարդկանցից մեկը։ Ազգությամբ իտալացի է։
Եղել է Պապական նվիրակ Վենեսուելայում։ Կողմնակից է խաղաղ բանակցությունների եւ երկխոսության։ Ակտիվորեն հանդես է եկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղ երկխոսության անհրաժեշտության օգտին։
Կարդինալ Պարոլինին բնութագրում են որպես «շատ լավ իրազեկված եւ չափազանց զգուշավոր անկեղծություն ցուցաբերող» մարդ։ Նրան աջակցում է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Պարոլինն իրեն չի նույնացնում ո՛չ պահպանողականների, ո՛չ ազատախոհ կղերական խմբակցությունների հետ։ Քաղաքական իմաստով՝ ո՛չ աջակողմյան, ո՛չ ձախակողմյան հայացքներ չունի։ Միակ թերությունն այն է, որ չունի հովվական փորձառություն։
Հաջորդիվ կարդինալ Լուիս Անտոնիա Տագլեն է։ Ազգությամբ ֆիլիպինցի այս բարձրաստիճան կղերականը ներկայում Ավետարանչության Դիկաստերիայի պրեֆեկտն է։ Հայտնի է որպես լավ հովվական փորձառություն ունեցող հոգեւորական, հիմնականում ուշադրության կենտրոնում պահում է երիտասարդությանն ու միսիոներական գործունեությունը։ Կարդինալ Տագլեն համարվում է գիտնական վանական։ Ավելի ազատախոհ է։ Եկեղեցաբանության եւ պատմագրության «Բոլոնյան դպրոցի» ազդեցիկ ներկայացուցիչ։ «Վատիկանի երկրորդ ժողովը» հանրագիտարանի հեղինակներից մեկն է։ Ներկայիս Պապի գահակալության պայմաններում համարվում է ընդդիմադիր կարդինալ։
Երրորդ տեղում կարդինալ Մատեո Զուպին է։ Բոլոնիայի արքեպիսկոպոսն է։ 2022 թվականից Իտալական եպիսկոպոսական կոնֆերանսի նախագահն է։ Ակտիվորեն մասնակցում է խաղաղարարական բանակցություններին։ Նախկինում կապված է եղել Սբ Էդիգիոսի ընկերության հետ։ Կարդինալ Զուպին բնութագրվում է որպես ձախ կենտրոնամետ, չափավոր ազատախոհ եւ էկումենիստ։ Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչն է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։
Հաջորդիվ կարդինալ Մարկ Վելեթն է։ Կանադացի այս բարձրաստիճան կղերականը երկար տարիներ ղեկավարել է եպիսկոպոսների հարցերով զբաղվող Դիկաստերիան։ Վերջին Կոնկլավում Պապական Աթոռի հիմնական թեկնածուներից մեկն էր։ Երկար ժամանակ նրա պատասխանատվության տիրույթում է եղել աշխարհի բոլոր կաթոլիկ համայնքներում եպիսկոպոսների նշանակումը։ Ունի մեծ ազդեցություն՝ որպես փորձառու վարչարար ու աստվածաբան։
Կարդինալ Պիտեր Թյորքսոնը ներկայացնում է Աֆրիկան։ Գանացի այս բարձրաստիճան կղերականը երկար ժամանակ ղեկավարել է Արդարության եւ խաղաղության Պապական Խորհուրդը։ Աֆրիկյան մայրցամաքը ներկայացնող առավել ազդեցիկ կղերականն է։ Կարդինալ Ռեյմոնդ Բյորքը պահպանողականների առաջնորդներից է, ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը։
Վատիկանի երկրորդ ժողովի քննադատներից է։ Կողմնակից է լատիներեն եւ լատինածես մեսսային։ Քննադատում է ներկայիս Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսին՝ ազատախոհության համար։ Փայլուն մտավորական է, կանոնական կամ եկեղեցական իրավունքի գերազանց մասնագետ։ Նրա եւ Ֆրանցիսկոս պապի կոնֆլիկտը շատ սուր է եղել։ 2023 թվականին Պապը զրկել է Բյորքին թոշակից, բժշկական ապահովագրությունից ու նպաստից, փորձել է հեռացնել նրան Վատիկանի բնակարանից՝ պատճառաբանելով, թե աշխատել է եկեղեցու եւ պապականության դեմ։ 2014 թվականից դարձել է Մալթայի Ինքնիշխան միաբանության գործընկեր, շարունակել ակտիվ հովվական եւ հանրային գործունեությունը։
Հաջորդիվ նորից աֆրիկյան մայրցամաքը ներկայացնող բարձրաստիճան կղերական է՝ կարդինալ Ֆրիդոլին Ամբոնգո Բեսունգան՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։ Ոչ միայն կրոնական, այլ նաեւ քաղաքական առաջնորդ է հանդիսանում Կոնգոյում։ Բացահայտ քննադատում է ԿԴՀ տեղական կառավարությանը։
Կարդինալ Պյեր-Բատիստա Պիցաբալլան, որը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, որպես միջնորդ՝ հաջողությամբ հանդես է եկել պաղեստինա-իսրայելական հակամարտությունում։
Կարդինալ Շոն Պատրիկ Օ՛Մելին ներկայացնում է Միացյալ Նահանգները` Բոստոնի արքեպիսկոպոսն է։ Կապուցինյան վանական է։ Հայտնի է որպես բարեկարգիչ։ Հատկապես աչքի է ընկել Կաթոլիկ եկեղեցում սեքսուալ չարաշահումների դեմ պայքարով։ Հռոմի պապին կից գործող խորհրդատվական խորհրդի անդամ է։
Եվ վերջապես` վերջին, տասներորդ հնարավոր թեկնածուն կրկին ներկայացնում է Միացյալ Նահանգները։ Կարդինալ Բլեյզ Ջոզեֆ Սյուպիչն է՝ Չիկագոյի արքեպիսկոպոսը։ Ամերիկյան կաթոլիկ եպիսկոպոսների չափավոր ազատախոհների խմբակցության ներկայացուցիչ է։ Հովվական եւ սոցիալական արդարության հարցերում գործող Ֆրանցիսկոս պապի նախաձեռնությունների աջակիցներից է։ Կողմնակից է միջկրոնական ակտիվ երկխոսությանը։
Բաց մի թողեք
Թուրք ուսանողները երթ են անում՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի. Տեղի են ունեցել բախումներ
Ռուսաստանում ապօրինի բնակվող ուկրաինացիներին ստիպում են հեռանալ կամ օրինականացնել ներկայությունը
Թրամփը սեղմել է «կարմիր կոճակը»