23/03/2025

Ուկրաինայի հարցում ԱՄՆ հետ գործարքը Պուտինի համար Ադրբեջանի հետ «կոշտ խոսակցության» հնարավորություն է

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների բանակցություններից հետո մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը Դոնալդ Թրամփին հարց է ուղղել: «Վլադիմիր Պուտինը համաձա՞յն է, որ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայվեն»,- ինչին հետևել է դրական պատասխան: «Այո, այդ հարցը են նրան (Ռուսաստանի նախագահ Պուտինին) տվել եմ»,- ասել է Թրամփը:

Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկին նախորդած օրերին Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միանշանակորեն բացասական էր: Արտգործնախարար Լավրովը նույնիսկ թույլ էր տվել ասել, որ ուկրաինական կարգավորումը Եվրամիությանը «չի վերաբերում», երբ նրան հարցրել էին բանակցություններին ԵՄ կամ եվրոպական առաջատար երկրների մասնակցության մասին:

Դոնալդ Թրամփն իր վերաբերյալ պատասխանով փաստացի բացահայտել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ուկրաինական կարգավորմանը Եվրամիության ներգրավվածության հարցը քննարկել է: Այլապես Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահին հարց չէր ուղղի և, իր ասելով, դրական պատասխան չէր ստանա:

«Ռուսաստանն Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, միայն թե Ուկրաինան չպետք է վերածվի Ռուսաստանի դեմ պլացդարմի»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ըստ արևմտյան աղբյուրների՝ եվրոպական ավելի քան երեսուն երկիր «պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ»:

Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին ԱՄՆ նախագահն ասել է, թե կարծում է, որ Մակրոնն այդ ուղղությամբ «քայլեր է ձեռնարկում»,- իսկ Ֆրանսիայի նախագահը զգուշավոր դիտարկում է արել, թե խոսքը «ռազմաճակատային գծում տեղաբաշխելու մասին չէ, այլ՝ Ուկրաինայի տարածքում ներկայության»:

Այդ «ներկայությանը Պուտինի համաձայնության» մասին Միացյալ Նահանգների նախագահի բացահայտմանը Մոսկվան դեռևս չի անդրադարձել: Հարցին, թե փետրվարի 25-ին մեկնարկող՝ ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլից ի՞նչ սպասումներ կան, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը պատասխանել է, որ դրանք կընթանան փորձագետների մակարդակով և պետք է դիմել արտաքին գործերի նախարարությանը:

Այս համատեքստում, երևի, Ֆրանսիայի նախագահի Վաշինգտոն այցը, Դոնալդ Թրամփի հետ նրա բանակցությունները «ստուգողական» են: Հին աշխարհն, ամենայն հավանականությամբ, փորձում է հստակեցնել, թե Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական ամբիցիաների նկատմամբ սահմանային մինչև ո՞ր նշագիծն է «ընկալունակ» Միացյալ Նահանգների նախագահը, և այդ ենթադրյալ «սիներգիայի» հիմքում միայն նրա «բիզնես նախագծե՞րն» են, թե Վաշինգտոնն իրականում Եվրոպային մղում է Ռուսաստանի հետ դեմ առ դեմ դիմակայության:

Որքանո՞վ և կոնկրետ ի՞նչ է «ընկալել» Ֆրանսիայի նախագահը՝ չափազանց կարևոր է նաեւ Հայաստանի համար, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «խոչընդոտներից» մեկը Բաքուն համարում է սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը: Եվրամիությունն այդ մանդատը ևս երկու տարով երկարաձգել է:

Արդյոք պատահակա՞ն է, որ վերջին օրերին հայաստանյան ընդդիմությունն իր բոլոր, ընդ որում՝ նախընթաց գրեթե երեք տասնամյակներին միմյանց «բզկտող» թևերի աննախադեպ համերաշխությամբ, հանրությանը ներշնչում է, որ Արցախի կորստի պատասխանատուն նաև Ֆրանսիան է՝ որպես «պրահյան դավաճանության կնքահայրերից մեկը» և առաջնահերթություն վերադարձը տեսնում նոյեմբերի 9-ի փաստաթղթին:

«Անառակ որդու վերադարձի» այս քարոզչությունը մի տեսլական է ներշնչում, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ հետ գործարքը Վլադիմիր Պուտինի համար Ադրբեջանի հետ «կոշտ խոսակցության» հնարավորություն է: ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հույս է հայտնել, որ Ադրբեջանում «հասկանում են» Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության կարևորությունը:

Հայաստանում քաղաքական և քաղաքագիտական տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական շահագրգիռ կառույցների թելադրանքով «հեղինակազրկել է» ԼՂ-ում ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը: Ուկրաինայում եվրոպական երկրների խաղաղապահ առաքելությանը Պուտինի համաձայնությունը երաշխի՞ք է, որ ռուս-ամերիկյան գործարքը չի ձախողվի:

Translate »