21/03/2025

Բժիշկներին ծեծողներ պետք է խիստ պատժի արժանանան

Վերջին տարիներին շտապօգնության ծառայության բժիշկներին բռնության ենթարկելու դեպքերը շատացել են։ Օրերի տարբերությամբ՝ շտապօգնության աշխատակիցներ էին ծեծի ենթարկվել․ մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Երեւանում, Լեոյի փողոցում։ 

Նախորդ շաբաթ Գյումրիում շտապօգնության բուժակին այնքան էին ծեծել, որ նա հայտնվել էր հիվանդանոցում։ Ըստ տեղեկությունների՝ Ազատան գյուղից կանչ է ստացվել Գյումրի քաղաքի շտապօգնություն, նշված կանչի վայր է մեկնել Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ: Հասնելով բուժառուի տուն, բուժակը փորձել է անցնել իր գործին՝ զննել պացիենտին, բայց վերջինը հարձակվել է բուժակի վրա, ծեծի ենթարկել, անգամ մոխրամանով հարվածել բուժակի մարմնին ու դեմքին: Վնասվածքներ ստացած բուժակին դեպքից հետո տեղափոխել են հիվանդանոց: Ի դեպ, Շիրակի մարզում սա առաջին դեպքը չէ, երբ բռնության են ենթարկվում շտապօգնության աշխատակիցները՝ անցյալում էլ են նման դեպքեր եղել։

Քննչական կոմիտեից այս դեպքի վերաբերյալ մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 2-րդ մասի 1-ին կետով, կա մեկ տուժող, կատարվում է նախաքննություն:

Փետրվարի 24-ի կեսգիշերին մոտ հաջորդ բռնության դեպքն է տեղի ունեցել․ Լեոյի փողոցում շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի էին ենթարկել։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա եւ Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչների։ Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ են զգացել, շտապօգնություն են կանչել եւ վեճի բռնվել աշխատակիցների հետ։ 37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ եւ դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Այսինքն, հարբած եւ բժիշկների նկատմամբ բռնություն կիրառած անձանց մոտ թմրանյութեր էլ են եղել։

Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս բռնության դեպքերին, նշեց․ «Օրվա կտրվածքով 1000-1100 կանչ ենք անում, այդքան տուն ենք մտնում, տարբեր մարդիկ են, բայց կողքից չեզոք նայելով վերջին դեպքին, որ այդ մարդկանց մոտ ինչ է հայտնաբերվել, որոշակի կարծիք դուք էլ եք կազմում, էլի։ Պետք է երեւի Քրեական օրենսգրքում փոփոխություն լինի կամ, չգիտեմ, որ իրենց գործառույթներն իրականացնող բժիշկների հանդեպ ծեծկռտուքը, խանգարող հանգամանքները խիստ դատապարտվեն, որ դաս լինի մյուսների համար։ Ես հիշում եմ՝ մեկ տարի առաջ, որ կրկին բռնություն էր եղել ՇՕ աշխատակցի նկատմամբ, կալանավորմամբ էր ավարտվել։ Երեւի դա սթափեցնող կլինի, որ այսպիսի պատժով է ավարտվում բռնություն կիրառելը»։