19/03/2025

Ճոճանակը պետք է գնա «աջ» եւ «ձախ», բայց ոչ՝ այնպիսի տատանումներով, որ մարդիկ միջից ընկնեն

Ինչպես եւ սպասվում էր, անցած կիրակի Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցեց «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ «աջակողմյան» կուսակցությունը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը եւ, նախնական տվյալներով, հավաքելով մոտ 20 տոկոս:

Սոցիալ-դեմոկրատները, կարելի է ասել, պարտություն կրեցին՝ ստանալով ձայների 16 տոկոսը: Հաղթել են աջ-կենտրոնամետ քրիստոնյա-դեմոկրատները՝ /CDU/CSU միությունը/ 26 տոկոս: Կանցլերի հավանական թեկնածու Ֆրիդրիխ Մերցը խոստացել է կազմել կոալիցիա` ասելով, սակայն, որ որեւէ պարագայում չի միավորվի AfD-ի հետ:

Տասնամյակներ շարունակ սոցիալ-դեմոկրատներն ու քրիստոնյա-դեմոկրատները Գերմանիայում իրար էին փոխանցում կառավարության ղեկը՝ առաջին անգամ է, որ նրանց «արանքում» հայտնվել են ծայրահեղ «աջերը»:

Դա, իհարկե, պատահականություն չէ, եւ արտացոլում է հասարակական միտումներն այսօրվա Արեւմուտքում: Թրամփի հաղթանակն այդ առումով չի կարելի «անոմալիա» համարել: Ենթադրենք, մարդն ասում է, որ միգրանտներին պետք է ընդունել, նրանց պետք է կարեկցել, բայց պետք չէ գլխի վրա ման տալ, որ գերմանացին գերմանացի է, տղամարդը՝ տղամարդ, կինը՝ կին, եւ այդ ամենին գումարած՝ այդ մարդն ամեն կիրակի գնում է պատարագի:

Արդյոք դրանից պե՞տք է եզրակացնել, որ նա ֆաշիստ է, ռասիստ է, սեքսիստ է, հոմոֆոբ է եւ հետամնաց «կղերա-ֆեոդալ»: Կարծում եմ՝ ոչ: Ենթադրում եմ նաեւ, որ Միացյալ Նահանգներում եւ Արեւմտյան Եվրոպայում մարդիկ հոգնել են իրենց ինքնության վրա ագրեսիվ հարձակումներից: (Մեզ մոտ դեռ չեն հոգնել. մենք առայժմ չենք հագեցել «ոչ մի բան» լինելու կասկածելի հաճույքից):

Անձամբ ինձ համար հատկապես անընդունելի է ագրեսիվ անհանդուրժողականությունը, որը թաքնվում է «հանդուրժողականության» քողի տակ, հակաժողովրդավարությունը, որը «ժողովրդավարության» թիկնոց է հագնում: Երեւույթի էությունը կարելի է բնութագրել հետեւյալ շանտաժ-սպառնալիքով. չհամարձակվես այսպես խոսել կամ այնպես մտածել, թե չէ մենք քեզ կդասենք «ռասիստ-սեքսիստների» շարքին:

Դա մարդկանց լռեցնելու ժամանակակից «ժողովրդավարական» գործիք է: Դրա մասին էր, ի դեպ, խոսում ԱՄՆ փոխնախագահ Վենսն իր մյունխենյան հայտնի ելույթում:

Այստեղ, իհարկե, կարեւոր է հակառակ ծայրահեղության, այսինքն՝ իրական այլատյացության մեջ չընկել: Այդ մտահոգությունն է, հավանաբար, պատճառը, որ Գերմանիայում հարաբերական մեծամասնություն ունեցող քրիստոնյա-դեմոկրատները չեն ցանկանում դաշինք կազմել «Ալընտրանքի» հետ:

Ճոճանակը պետք է գնա «աջ» եւ «ձախ», բայց ոչ՝ այնպիսի տատանումներով, որ մարդիկ միջից ընկնեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am