28/02/2025

Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Բաբայանը ցուցմունքներ են տվել․ Մանրամասներ Բաքվում ընթացող շինծու դատական նիստից

Բաքվում ռազմական դատարանում երեկ՝ փետրվարի 27-ին շարունակվել է Արցախի նախկին ղեկավարներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և այլոց դեմ շինծու մեղադրանքներով հարուցված քրգործով կեղծ դատավարությունը։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ վերջին դատական ​​նիստում մեղադրողներն ավարտել են այսպես կոչված մեղադրական եզրակացության հրապարակումը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, դատական նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն, իբր, ասել է, թե Հայաստանը Ղարաբաղի երաշխավորն էր, և որ «փոքր Ղարաբաղը» չէր կարող ինքնուրույն պաշտպանվել, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել:

Նա նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը եղել է Ղարաբաղում և Բակո Սահակյանի հետ հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ՝ համոզելու նրան, որ դիմի Հայաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար։

Ղուկասյանը հայտարարել է, որ Արցախում «վարձկաններ» չեն եղել, այլ միայն Երևանի կողմից ֆինանսավորվող հայկական զինված ուժեր։

Բակո Սահակյանն իր հերթին, իբր, նշել է, թե հետաքննության ընթացքում հարգվել են իր իրավունքները։ Նա հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին իրեն և Արկադի Ղուկասյանին Ղարաբաղից տեղափոխել են Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Իրականում հայտնի է, որ նրանց և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարներին, այդ թվում ՝ նախկին պետքարտուղար Ռուբեն Վարդանյանին առևանգել են և ապօրինի կալանք սահմանել:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախաքննության ընթացքում իր իրավունքները չեն խախտվել, եւ ինքը կարող է ազատ արտահայտել իր տեսակետը:

Արայիկ Հարությունյանին խնդրել են ցուցմունք տալ, սակայն նա լրացուցիչ ժամանակ է խնդրել նախապատրաստվելու համար։ Դատարանը բավարարել է նրա խնդրանքը։

Դրանից հետո ցուցմունք է տվել Դավիթ Իշխանյանը և իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։

Այնուհետեւ ելույթ է ունեցել Դավիթ Բաբայանը՝ նույնպես հերքելով իրեն վերագրվող մեղադրանքները: Նա հայտարարել է, որ «չէր կարող կատարել մեղադրական եզրակացության մեջ նշված հանցագործությունները և ատելություն չի տարածել ադրբեջանական ժողովրդի դեմ»։ Նրա խոսքերով՝ «նա սիրում է իր ժողովրդին, բայց ազգայնական չէ»։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա մարտի 3-ին։