28/02/2025

Մոսկվան երկպառակություններ է սերմանում Հարավային Կովկասում, իբր Վրաստանի բողոքի ցույցերը ֆինանսավորվել են ՀՀ-ում ԵՄ դեսպանատներից

Վրաստանում բողոքների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանում Եվրամիության երկրների դեսպանատների միջոցով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը:

Նույն տեղում, սակայն, ասված է, որ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը բողոքի ակցիաների յուրաքանչյուր մասնակցի «վճարում է 120 եվրո»: ՌԴ ԱՀԾ-ն համարում է, որ ընդհանրության մեջ Բրյուսելը ձգտում է Վրաստանում հակակառավարական տրամադրություններ ձևավորել բլոգերների, լրագրողների, IT մասնագետների և ռուսաստանցի ռելոկանտների շրջանում»: Ըստ այդմ՝ Եվրամիությունը պատրաստ է բլոգերներին վճարել մինչև 50 հազար եվրո:

Ռուսաստանի ԱՀԾ-ն Վրաստանում Եվրամիության «հակակառավարական գործունեության» և «գունավոր հեղափոխության նախապատրաստման» մասին հաղորդագրություններ տարածել է նաև նախկինում, բայց առաջին անգամ է, որ այդ գործընթացներում «հայաստանյան հետք է դիտարկում», որ ակնհայտորեն «կարված է սպիտակ թելերով», որովհետև եթե Թբիլիսիի բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցները «վճարվում են Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության կողմից», ապա ի՞նչ կարիք պիտի լինի ներգրավելու նաև Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանատներին, որ գործում են նաև Վրաստանում:

Ուշադրության է արժանի, որ ՌԴ ԱՀԾ այս՝ նույնիսկ պրոֆեսիոնալ առումով չափազանց խոցելի հայտարարությունը տարածվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի Անկարա այցի հաջորդ օրը: Թուրք պաշտոնակից Ֆիդանի հետ բանակցություններից հետո Վրաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ իր երկրի համար կարևոր են Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները:

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը ոչ միայն առևտրա-տնտեսական և կոմունիկացիոն, այլև անվտանգային ոլորտում համագործակցության ավելի քան քառորդդարյա փորձ և կայուն մեխանիզմներ ունեն:

Վրաստանի համար կարևորելով նաև Հայաստանի հետ հարաբերությունները, արտգործնախարար Բոչորիշվիլին ակնհայտորեն նկատել է տվել, որ Երևանը կարող է ներգրավվել տարածաշրջանային նոր նախագծերին, և Թբիլիսին այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրություն ունի:

ՌԴ ԱԴԾ-ն, կարծես, շտապել է Վրաստանի իշխող քաղաքական ուժի «ականջին փսփսալ», որ իր հետ հարաբերություններում Երևանը «լիովին անկեղծ չէ» և «Վրացական երազանքի» դեմ «պայքարում Եվրամիությանը հարթակ է տրամադրում»:

Ռուս-վրացական «մեղրամիսը» գործնական արդյունքի չի բերել: Պաշտոնական Թբիլիսին տարեսկզբին բավական աներկբա հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ «օկուպացված տարածքների հարցը կարգավորված չէ»:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը փետրվարի 27-ին ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին հարցազրույցում Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմին քննադատել է, որ խորությամբ չեն ընկալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագիրը, որ ավելի մեծ է՝ վերահսկողություն հաստատել հետխորհրդային ամբողջ տարածքում, իսկ ապագայում վերականգնել ԽՍՀՄ-2-ը:

Այս համատեքստում միանգամայն բնական է, որ Մոսկվան պետք է փորձի երկպառակություններ սերմանել, այդ թվում և՝ Հարավային Կովկասում: Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելությանը Ռուսաստանի հատուկ ծառայությունները վերագրում են Ադրբեջանի և հարևան այլ երկրների դեմ «լրտեսություն», համարում, որ դա «տարածաշրջանում օտար ռազմական ներկայություն հաստատելու նպատակ ունի»՝ սրելով հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ մթնոլորտը:

Հայաստանին «ներգրավելով» Վրաստանի իշխանությունների դեմ Եվրամիության «պայքարին»՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններն, անկասկած, հետապնդում են հայ-վրացական հարաբերություններն առնվազն ստվերելու նպատակ: Եվ դա այն դեպքում, երբ պաշտոնական Թբիլիսին հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու պատրաստակամություն է հայտնում:

Արժե, թերևս, հավելել ևս մեկ շտրիխ. Ռուսաստանի ԱՀԾ-ն հակահայաստանյան ակնհայտ կեղծ տեղեկատվություն է տարածել ՌԴ արտգործնախարար Լավրովի Անկարա այցից մի քանի օր անց, այն ժամերին, երբ Դաշնային ժողովի Վերին պալատի նախագահ Մատվիենկոն Թուրքիայի նախագահին է փոխանցել Վլադիմիր Պուտինի «բանավոր ուղերձը»: