28/02/2025

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնի սպանության փորձը. ձերբակալվել են նրա օգնականն ու ևս մեկ հոգևորական

Մոսկվայում կանխվել է իմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնի (Շևկունով) դեմ իրականացված ահաբեկչությունը, հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված ահաբեկչությունը Սիմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԴԾ-ի տվյալներով՝ սպանություն են նախապատրաստել նրա օգնական Դենիս Պոպովիչը և հոգեւորական Նիկիտա Իվանկովիչը։

Մեղադրյալներին հավաքագրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը Telegram-ի միջոցով։

Ձերբակալվածներից մեկը հայտարարել է, որ ահաբեկչությունից հրաժարվելու դեպքում իրեն սպառնում են սպանել հարազատներին։

«2024 թվականի դեկտեմբերին թաքստոցի միջոցով նրանց է փոխանցվել ինքնաշեն պայթուցիկ սարք։ Հանցագործությունը պլանավորվել է իրականացնել մետրոպոլիտ Տիխոնի՝ Մոսկվա քաղաքում գտնվելու ժամանակ»,- մանրամասնել է հատուկ ծառայությունը։

Մետրոպոլիտի կալանավորված օգնական Պոպովիչը հայտնել է, որ պայթուցիկները պետք է տեղադրվեին Սրետենսկի վանքում։ Ինչպես նշել է մեկ այլ մեղադրյալ՝ Իվանկովիչը, առաջին մահափորձը նախատեսված է եղել հունվարի սկզբին։

«Դենիսին բերման ենթարկելու պատճառով դա չիրականացվեց, ուստի մահափորձը տեղափոխվել էր փետրվարի վերջ»,- մանրամասնել է հոգևորականը։

Հետաքննությունը նրանց հեռախոսներում հայտնաբերել է ավելի քան 70 ուկրաինական կոնտակտ, այդ թվում՝ Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի քարտուղար Մարգարիտա Ռիվչաչենկոյինը:

Հանցագործությունը կատարելուց հետո մեղադրյալները ծրագրել են կեղծ փաստաթղթերով հեռանալ Ռուսաստանից։ Նրանցից առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք և երկու կեղծ ուկրաինական անձնագիր։

Գործ է հարուցվել ահաբեկչական գործողության նախապատրաստման և պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության հոդվածներով: