Այսօր՝ փետրվարի 24-ին, լրանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի երրորդ տարին․ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական կողմը բազմաթիվ քարոզչական թեզեր է նետել տեղեկատվական դաշտ, սակայն դրանք պարբերաբար ենթարկվել են փոփոխությունների, որոշ թեզեր ընդհուպ դուրս են մղվել խոսույթից և մոռացության տրվել քարոզչամեքենայի կողմից։
«Փաստերի ստուգման հարթակը» ամփոփել է, թե ինչպես է փոփոխվել ռուսական քարոզչությունը պատերազմի երեք տարում։
«ՌԴ-ն հարձակվելու մտադրություն չունի»
Դեռևս պատերազմի մեկնարկից առաջ, երբ արևմտյան երկրներն իրենց հետախուզական ծառայություններին հղումով պարբերաբար պնդում էին, որ Մոսկվան մտադիր է լայնամասշտաբ ռազմական գործողությունների գնալ, ՌԴ-ի պաշտոնական օղակներն ու քարոզիչները հետևողականորեն հերքում էին նման հայտարարությունները։
Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բազմիցս նշել են՝ Ռուսաստանը ոչ մի հարձակում չի ծրագրում, և հայտարարում էին, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն «ֆեյքեր» են տարածում՝ իբր «ռուսական ներխուժման» մասին:
Հատկանշական է, որ ռուսական կողմը և անձամբ Պուտինը մանիպուլացնում էին Ուկրաինայի հետ սահմանին 100 հազարի հասնող զորքերի կուտակման փաստը՝ պնդելով, թե դա պարզապես ՌԴ սահմաններից ներս զորքերի սովորական տեղաշարժ է։
Ընդհուպ մինչև փետրվարի 22-ը Պուտինը խոսում էր Ուկրաինայի հետ հարցի կարգավորման խաղաղ՝ բանակցային ճանապարհով գնալու մտադրության մասին։
Լայնամասշտաբ պատերազմը՝ «սպեցօպերացիա»
2022 թ․ փետրվարի 24-ին հարձակումը սկսելուց անմիջապես հետո Պուտինն իր հայտնի ուղերձում պնդեց, թե Մոսկվան ընդամենը հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում։
Ավելին, գործողությունը պատերազմ ներկայացնելը քրեականացվել էր երկրում։
Մինչդեռ ռազմական թատերաբեմի վերածված Ուկրաինայի ամբողջ հյուսիս-արևելյան սահմանին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ էին ընթանում՝ ծանր զինտեխնիկայի, օդուժի ու տասնյակ հազարավոր զորքերի ներգրավմամբ։
«Կիևի գրավումն ու ռեժիմի տապալումը՝ երեք օրում»
Երեք օրում Կիևը գրավելու, Ուկրաինան «դենացիֆիկացիայի» և «դեմիլիտարիզացիայի» ենթարկելու քարոզչական գրոհներով մեկնարկած պատերազմի արդեն երրորդ տարում ՌԴ-ին չի հաջողվել ոչ գրավել Կիևը, ոչ տապալել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Հատկանշական է նաև, որ ռուսաստանյան քարոզչությունը պնդում էր, թե «ուկրաինացի ժողովուրդը ՌԴ զինված ուժերին սպասում է անհամբերությամբ», «նրանք մեծ ցնծությամբ են ընդունելու ռուսական զորքը»։
Քարոզչական նահանջը՝ ռազմական անհաջողությունների ֆոնին
2022 թվականի երկրորդ կեսին ռուսական զորքերը, արժանանալով ուկրաինական ստորաբաժանումների դիմադրությանը, դիմեցին մեծ նահանջի։ Այս ընթացքում քարոզչամեքենան և Կրեմլը «կարճատև հատուկ գործողությունը» սկսեցին կոչել «պատերազմ», իսկ անհաջողությունները ռազմաճակատում բացատրել նրանով, որ Ռուսաստանը պարտադրված պատերազմ է մղում ոչ թե Ուկրաինայի, այլ «հավաքական Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի դեմ»։
Խոստումներ, որ մոբիլիզացիա չի լինի
Մինչև 2022 թ․ սեպտեմբերին մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունը, Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները բազմիցս հավաստիացրել էին, որ մոբիլիզացիա չի իրականացվի։
2022 թ․ մարտին, երբ Ուկրաինայում ռազմական գործողությունները նոր էին սկսվել, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ «մոբիլիզացիայի կարիք չկա, քանի որ առաջադրանքները կատարվում են պայմանագրային զինծառայողների կողմից»։
Նույն ժամանակահատվածում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ «մոբիլիզացիայի մասին խոսակցությունները անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»։
Սակայն 2022 թ․ սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի մոբիլիզացիայի մասին՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ քայլ է երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
Այսպիսով, նախորդ հայտարարությունները, որոնք հերքում էին մոբիլիզացիայի հնարավորությունը, փոխվեցին ռազմական իրավիճակի զարգացմանը համապատասխան։
Չէին բանակցում, բայց հիմա բանակցում են
2022 թվականից մինչև 2023 թվականի սկիզբ ռուսական քարոզչությունը պնդում էր, որ չեն բանակցելու Կիևի «նացիստական ռեժիմի» հետ, որը «Արևմուտքի ազդեցության տակ է» և «չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել»:
Սակայն այստեղ էլ նահանջ գրանցվեց․ 2023 թվականի կեսերից ռուսական կողմը սկսեց արտահայտվել բանակցությունների հնարավորության մասին՝ նշելով, որ պատրաստ են քննարկել պայմաններ, եթե Ուկրաինան ընդունի որոշակի նախապայմաններ: Իսկ արդեն 2025-ին հունվարին Պուտինն անձամբ հայտնեց Կիևի հետ բանակցելու հնարավորության մասին։
Նախապայմաններ․ քարոզչության և իրականության հակադրությունը
Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար ներկայացրել է մի շարք նախապայմաններ, որոնք փոփոխվել են պատերազմի ընթացքում՝ կախված ռազմական և քաղաքական իրավիճակից։
Ինչպես նշեցինք վերևում, Ռուսաստանը պահանջում էր Ուկրաինայի «դենացիֆիկացիա» և «դեմիլիտարիզացիա», ինչպես նաև Ղրիմի և Դոնբասի անկախության ճանաչում, ապա, 2023 թվականի սկզբից, Ռուսաստանն իր նախնական պահանջներին ավելացրեց նոր պայմաններ՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ընդունումը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը։
Քարոզիչները հատուկ ուշադրություն էին դարձնում ՆԱՏՕ-ի ընդլայնման վտանգին՝ պնդելով, որ ռազմաքաղաքական դաշինքը չպետք է մոտենա իրենց սահմաններին, սակայն իրականությունն այն է, որ ՌԴ սկանդինավյան հարևաններից Շվեդիան և Ֆինլանդիան պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ անց սկսեցին և հաջողությամբ ավարտին հասցրին կառույցին անդամակցության գործընթացը։
Հետքայլ ԵՄ անդամակցության հարցում
Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի ԵՄ անդամակցության հարցում մշտապես բացասական է եղել։
Ուկրաինայի 2014 թ․ հեղափոխությունից հետո, երբ Ուկրաինայի նոր կառավարությունը որոշեց նախընտրել եվրոպական ճանապարհը, Ռուսաստանի դիրքորոշումն ավելի խիստ դարձավ: Նախ, Ռուսաստանը, չճանաչված հանրաքվեի միջոցով բռնակցեց Ղրիմը, իսկ ռուսական աջակցությամբ գործող «ապստամբների» խմբերն իրենց վերահսկողության տակ վերցրին Դոնեցկի և Լուգանսկի մարզերի զգալի մասը:
Ռուսաստանի այս դիրքորոշումն ավելի կարծրացավ հատկապես 2022 թվականին սկսված պատերազմից հետո, երբ Եվրամիությունն Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ առաջարկեց։
Սակայն բոլորովին վերջերս ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ ՌԴ-ն դեմ չէ Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը։
Գլխավոր լուսանկարում՝ ռուսական ջախջախված տեխնիկան Բուչա քաղաքում, որտեղ տեղի էր ունեցել ուկրաինացի խաղաղ բնակչության կոտորածը:
Աղբյուրը՝ https://www.bbc.com/russian/features-60955820:
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Պուտինը ծանր հրետանուն գործուղում է Երևան և Բաքու, ինչ սպասել
«Ռուսաստանը երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը». Լուկաշենկո
Էրդողանը Պուտինին սպառնում է Օջալանով