23/03/2025

Դատավորին զրկել են թոշակից, նա դատարանում հաղթել է․ Լուսանկար

Արմավիրի մարզում երկար տարիներ դատավոր աշխատած Վահե Խալաթյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2020 թվականին: Նրա առողջական վիճակը մինչ այդ վատացել է, նա դիմել է դատարանի նախագահին, նախագահն էլ՝ ԲԴԽ-ին, վերջինս էլ՝ առողջապահության նախարարություն, որ համապատասխան հանձնաժողով ձեւավորեն եւ եզրակացություն տան` դատավորի առողջական վիճակի վերաբերյալ:

Հրապարակ թերթը գրել է․ Սակայն հանձնաժողովը եզրակացությունն ուշացրել է` տվել է մեկ տարի անց, մինչ այդ ԲԴԽ-ն արդեն շտապ կարգով դադարեցրել էր դատավորի լիազորությունները` կարգապահական խախտումների հիմքով: Դրանով իսկ դատավորին զրկել է ոչ միայն պաշտոնից, այլ նաեւ հետագայում դատավորին հասանելիք բարձր կենսաթոշակից:  Քանի որ ՀՀ դատական համակարգում չեն քննում դատավորների դիմումները, եւ նրանք ստիպված միանգամից դիմում են Եվրադատարան, Վահե Խալաթյանը գտել է ներպետական կառույցներում իր իրավունքները պաշտպանելու ձեւը` դիմել է ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ առողջապահության նախարարության, որի մեղքով են իր լիազորությունները դադարեցվել, եւ հաղթանակ է տարել։ Առողջապահության նախարարն այդ ժամանակ եղել է Արսեն Թորոսյանը:

Ինչ է տեղի ունեցել․ Խալաթյանի փաստաբան Վահե Աստվածատրյանը «Հրապարակ»-ին պատմում է․ «Արմավիրի մարզի դատարանում Վահե Խալաթյանը քրեական մասնագիտացմամբ դատավոր է եղել։ Երբ նրա առողջական վիճակը սկսում է շատ վատթարանալ, այնպիսի իրավիճակ է լինում, որ ստիպված է լինում նիստն ընդհատել, շտապօգնություն կանչել, ճնշման ուժեղ տատանումներ են լինում, տարբեր խնդիրներ։ Նա դիմում է դատարանի նախագահին, խնդրում իր լիազորությունները դադարեցնել՝ առողջական խնդրով պայմանավորված։ Դատարանի նախագահն էլ իր հերթին դիմում է արդարադատության նախարարին, վերջինս էլ՝ առողջապահության նախարարին, որպեսզի ձեւավորվի հատուկ հանձնաժողով՝ փորձաքննություն իրականացնելու համար»։

Ըստ փաստաբանի՝ մինչ հանձնաժողովի ձեւավորումը ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է քննել Վահե Խալաթյանի նկատմամբ եւ լիազորությունները դադարեցրել բոլորովին այլ ՝ «էական կարգապահական խախտումների» հիմքով։ Նրա դեմ կարգապահական վարույթ հարուցել էր արդարադատության նախարարությունը՝ «դատավճիռը կատարման ուշ հանձնելու վերաբերյալ» հիմքով։ ԲԴԽ-ն գտել է, որ դատավորը դրանով կարգապահական լուրջ խախտումներ է կատարել, եւ հաշվի չառնելով նրա առողջական վիճակը՝ դադարեցրել է լիազորությունները։

«Նույնիսկ այդ կարգապահական վարույթի ընթացքում Վահե Խալաթյանը միջնորդություն է ներկայացնում՝ նշելով, որ ես մինչեւ այս կարգապահականը դիմել էի, խնդրել էի իմ լիազորությունները դադարեցնել, եւ այդ  հիմքով խնդրել է կասեցնել կարգապահական վարույթը, սակայն ԲԴԽ-ն չի կասեցրել։ Հետաքրքիրն այն է, որ հանձնաժողովը ձեւավորվում եւ եզրակացություն է տալիս ԲԴԽ-ի կարգապահական վարույթով որոշումից շուրջ մեկ տարի հետո։ Այսինքն՝ մեկ տարի հետո նոր տալիս են եզրակացություն՝ նշելով, որ անհամապատասխանության հարց չեն տեսնում։ Մենք հենց այդ որոշումն ենք վիճարկել վարչական դատարանում, որը դատարանը ճանաչել է, որ հանձնաժողովի եզրակացությունը եղել է ոչ իրավաչափ»։

Վահե Խալաթյանը զրկված է եղել իր դիմումի համաձայն լիազորությունները դադարեցնելու եւ այժմ էլ զրկված է դատավորների համար նախատեսված արտոնյալ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունից․ «Այս դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո ինքը հիմք կունենա իր քայլերն անելու այն ուղղությամբ, որպեսզի նոր հանձնաժողով ձեւավորվի, առողջական վիճակը ստուգվի, եւ իր լիազորությունները համարեն դադարեցված` առողջական խնդրով պայմանավորված, ոչ թե այն կարգապահական հիմքով, որով նախաձեռնվել էր իր դիմումից հետո։ Այդ է ամբողջ խնդիրը»։

Նշենք, որ 2020-ին առողջապահության նախարարը եղել է Արսեն Թորոսյանը, իսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ Ռուբեն Վարդազարյանը։

«Հրապարակ»․ Դատավորին զրկել  են թոշակից․ նա դատարանում հաղթել է

Translate »