Աշխարհը ակտիվորեն քննարկում է նախօրեին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցածը, ըստ էության վիճաբանությունը՝ ԱՄՆ նախագահ Թրամփի և փոխնախագահ Վենսի՝ մի կողմից, և մյուս կողմից Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև:
Դա աննախադեպ պատկեր էր, որն իրեն առնչվող բազմաթիվ գնահատականներով հանդերձ, այդուամենայնիվ արտահայտում է աշխարհում տեղի ունեցող խորքային, հեղափոխական զարգացումները, որ առնչվում են միջազգային հարաբերություններին ու աշխարհակարգին:
Սպիտակ տանը տեղի ունեցածը իրականում արտահայտում է աշխարհում տեղի ունեցողը: Աննախադեպը հենց համաշխարհային մասշտաբում ծավալվողն է, այլ ոչ թե այն, ինչ տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի աշխատասենյակում:
Ինքնաբու՞խ էր Վաշինգտոնում ծավալվածը, թե՞ այդուհանդերձ բավականին հմտորեն կազմակերպված տեխնոլոգիա, որի շնորհիվ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, որը առանց այդ էլ բավականին ծանր վիճակում է պատերազմի հետևանքով, փաստացի նշանակվեց պատերազմի շարունակության պատասխանատու:
Համենայն դեպս, Թրամփը հայտարարեց, որ Զելենսկին չի ցանկանում խաղաղություն: Ըստ էության, այս հայտարարությունն էր առանցքայինը, որ քաղաքական իմաստով հնչեց Վաշինգտոնում: Ուկրաինայի նախագահը ԱՄՆ նախագահի մակարդակով նշանակվեց պատերազմի շարունակության պատասխանատու:
Մեծ հաշվով, անուղղակիորեն այդ պատասխանատվությունը նաև դրվեց նրանց վրա, որոնք կաջակցեն Զելենսկուն:
Իսկ Զելենսկուն անմիջապես աջակցություն են հայտնել եվրոպացի առաջնորդները՝ Լեհաստանի վարչապետ, Եվրահանձնաժողովի նախագահ, Եվրամիության անվտանգության հարցերի հանձնակատար, Ֆրանսիայի նախագահ: Այդպիսով, պատերազմի շարունակության պատասխանատվությունը դրվում է նաև Եվրոպայի վրա:
Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ դադարեցնում է Ուկրաինայի ֆինանսավորումը: Եթե իրադարձությունները շարունակվում են այդ տրամաբանությամբ, ապա դա նշանակում է, որ Ուկրաինայի հարցում ամբողջական պատասխանատվությունը պետք է վերցնի Եվրոպան: Իսկ Եվրոպան կարո՞ղ է անել դա:
Սպիտակ տանը տեղի ունեցածն ուժերի, ըստ էության, հիմնարար վերադասավորության մասին էր, եթե դուրս գանք տարբեր քարոզչական կոնյուկտուրային գնահատականներից, որոնց մի մասի համաձայն Սպիտակ տանը Զելենսկու հերոսական դիմադրությունն էր, մյուս մասի համաձայն՝ Թրամփի ջախջախիչ հաղթանակը: Եթե մենք տեղի ունեցող հեղափոխական վերադասավորումները դիտարկենք այդ մակարդակում, ապա այլ բան, քան դրանց տակ մնալը՝ մեզ չի սպասում:
Զելենսկին մարտի 2-ին մեկնելու է Լոնդոն, որտեղ կայանալու է նրա հանդիպումը եվրոպացի առաջնորդների հետ: Այդ հանդիպումը կարող է լինել շրջադարձային, որովհետև այդտեղ պետք է լինի թերևս հիմնարար հարցի պատասխանը՝ Եվրոպան ընդունու՞մ է Թրամփի նետած ձեռնոցը, որը Զելենսկու երեսին էր, բայց՝ Եվրոպայի դեմքին:
Բաց մի թողեք
Հայաստանը, ցավոք, Ադրբեջանին պարտվում է բոլոր հարթակներում, վերջ կերևա՞ ․․․
Մի՞թե Էրդողանն ընտրել է «պատերազմի արտահանման սպառնալիքով» իշխանությունը երկարաձգելու տարբերակը
Իրեն ամբողջ թափով ԵՄ-ին առաջարկող Էրդողանը հրաժարվում է Բրյուսելի գագաթնաժողովին մասնակվելուց