Հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետում սահմանապահ ծառայությունը մարտի 1-ից իրականացնելու են միայն հայ սահմանապահները:
Նիկոլ Փաշինյանն այդպիսով ազդարարել է, որ Հայաստանի պետական սահմանով մուտք և ելքի բոլոր գործող ու չգործող անցակետերում այդպիսով ծառայություն այլևս իրականացնում են բացառապես Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայության ստորաբաժանումները:
Անշուշտ, այս հանգամանքը միանգամայն ողջունելի է, հաշվի առնելով այն, որ ցանկացած պետություն պետք է ունենա իր սահմանների մուտքն ու ելքը վերահսկելու կարողություն: Իհարկե, ինչպիսին է այդ կարողության այսպես ասած մասնագիտական որակը լայն իմաստով, սա դեռ պետք է հասկանալ, որովհետև սահմանների պահպանությունն անշուշտ լոկ տեխնիկական-ֆիզիկական գործողություն չէ:
Հետևաբար, սահմանապահ ծառայության կարողությունների զարգացման հետ մեկտեղ Հայաստանը պետք է զարգացնի իրավապահ համակարգի և հատուկ ծառայությունների կարողություններն ընդհանրապես: Պետական սահմանի պահպանությունը ամբողջական լայն և ընդգրկուն շղթա է, հատկապես ներկայիս՝ հիբրիդային պատերազմների աշխարհում:
Այդ իմաստով, պետական սահմանին կատարվող փոփոխությունը Հայաստանի համար մի կողմից լինելով պետական ինքնիշխանության ընդլայնման գործողություն, մյուս կողմից, անշուշտ, նաև պետական լուրջ մարտահրավեր է, քանի որ այդ գործողությունը պահանջելու է որակական անընդհատ աճ և կատարելագործում, կարողությունների անընդհատ ընդլայնում:
Հակառակ պարագայում, շղթայի որևէ ընդհատում իրադրությունը թողնելու է լոկ ցուցանակային մակարդակի վրա, փոխարենը Հայաստանը կարող է դարձնել առավել խոցելի:
Վերջին հաշվով, պետական կենսագործունեության ցանկացած դրվագում, ինքնիշխանությունը ունի, իհարկե, այսպես ասած ֆիզիկական տեսք, բայց բուն իմաստով ինքնիշխանությունը գերազանցապես որակն է, պետական ծառայության կազմակերպման ցանկացած կետում՝ լինի այն պետական սահմանին, թե որևէ բնակավայրում գործող պետական հաստատությունում:
Բաց մի թողեք
Հայաստանը, ցավոք, Ադրբեջանին պարտվում է բոլոր հարթակներում, վերջ կերևա՞ ․․․
Մի՞թե Էրդողանն ընտրել է «պատերազմի արտահանման սպառնալիքով» իշխանությունը երկարաձգելու տարբերակը
Իրեն ամբողջ թափով ԵՄ-ին առաջարկող Էրդողանը հրաժարվում է Բրյուսելի գագաթնաժողովին մասնակվելուց