Բաքվում պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արդեն 11 օր է, ինչ շարունակում է հացադուլը՝ ի նշան «իր նկատմամբ իրականացվող ապօրինությունների»: Վերջին դատական նիստին Վարդանյանն ակնհայտորեն խոշտանգված էր, դեմքին՝ կապտուկներ։
Հրապարակ թերթը գրել է․ ՀՀ իշխանությունները քար լռություն են պահում, թեպետ Հայաստանի պարտականությունն է՝ հայ ռազմագերիներին վերադարձնելը, նրանց կյանքի ու առողջության պաշտպանությունը։
«Գործի՛ր, արտգործնախարարություն», «Ո՛չ անտարբերությանը», «Ազատություն Բաքվում պահվող գերիներին»․ այս գրությամբ պաստառներով եւ Բաքվում պատանդառված անձանց նկարներով ԱԳՆ-ի մոտ երեկ բողոքի ակցիա տեղի ունեցավ, որը հետո շարունակվեց կառավարության եւ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։
Ակցիային մասնակցում էին արվեստագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ։ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր հայրն էլ է 1990-ականների գերի եղել, ուստի շատ լավ է պատկերացնում, թե ինչ վիճակում է այժմ Ռուբեն Վարդանյանը․ «Ես շատ եմ ափսոսում, որ չենք կարողանում տեր կանգնել մեր հայրենակիցներին։ Այստեղ եմ, որ հասկանամ՝ ինչ կարելի է անել, իսկապես անել` ոչ թե գրառումով, այլ ինչ-որ քայլեր, որովհետեւ այնտեղ գտնվելը սարսափ է։ Իմ հայրն էլ է գերի եղել, ես շատ լավ գիտեմ` ինչ է նշանակում գերության մեջ լինել»։
Արվեստագետն ասում է՝ ցավալին այն է, որ մենք մեկ օրով անհանգստանում ենք, հետո անցնում մեր գործերին․ «Բայց երբ գիշերը քնում ես, մտածում, թե այդ մարդը որտեղ է գտնվում… ուղղակի սարսափելի է։ Եկել եմ, որ հասկանամ՝ պետությունն ի՞նչ է անում, որպես մարդ եմ անհանգստանում մարդ անձի համար»։ Մեր դիտարկմանը, որ մշակույթի գործիչները լռում են, կարծես սա քաղաքական թեմա է` չեն ուզում վատամարդ լինել իշխանություններին, Նարինե Գրիգորյանն ասում է՝ երեկ Հենրիխ Մխիթարյանը գրել է։ Բայց խոսքը հայաստանյան մշակութային գործիչների մասին է։ «Շատերին տեսա, ուղղակի բոլորը մտածում են՝ ո՞նց օգնեն»,- ասաց նա։
Հնարավո՞ր էր այնպես անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի չընկներ։ «Ռուբեն Վարդանյանը, մինչեւ գնալը, հարցրեց ինձ, ասում էր՝ ինչո՞ւ ծնողներիդ պես չես գնում Արցախում ապրելու։ Իր հետ հոգեւոր կապ կա, մտածում եմ՝ ինչո՞ւ ուղղաթիռով գոնե չի վերադարձել, չի՞ պատկերացրել վտանգը։ Հայրիկս պատմում է, որ գերի են տարել Շուշիի բերդ, ճանապարհին իրենց հետաքրքիր է եղել, թե ինչպիսին է լինելու Շուշին։ Մարդ երբ վտանգի մեջ է լինում, չի պատկերացնում այն սարսափը, որ կարող է լինել»,- նշեց Գրիգորյանը։ Իսկ մտածե՞լ է, թե ինչու Հայաստանից ուղղաթիռ չի գնացել՝ նրանց բերելու։ «Չգիտեմ»,- պատասխանեց նա։
Բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ Ռուբեն Վարդանյանի համախոհները, գործընկերները: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում պետք է հստակորեն լինի Բաքվում գտնվող գերիների վերադարձը․ «Մենք առաջարկում ենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին հրավիրեն ԱԳՆ՝ հստակ պահանջ ներկայացվի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, ովքեր բացառապես գերի են, օր առաջ պետք է ազատ արձակվեն, միջազգային հանրության առաջ պետք է հստակ պահանջ դրվի»։
Բաց մի թողեք
Սրբազանն ում կփոխանցի շարժումն առաջնորդելու ջահը
Գյումրու ՔՊ թիմը պառակտվում է. Կարեն Սարուխանյանը լուրջ «դեբոշ» է սարքել
Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը