Economist Intelligence Unit վերլուծական կառույցը, որը համապատասխան պարբերականի հետ միասին պատկանում է բրիտանական Economist Group ընկերությանը, ամեն տարի հրապարակում է, այսպես կոչված, «Ժողովրդավարության վարկանիշը»:
167 պետություններ գնահատվում են 60 զանազան ցուցիչներով, որոնք խմբավորված են 5 կատեգորիաներով՝ ընտրություններ եւ բազմազանություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքացիների քաղաքական մասնակցություն եւ քաղաքական մշակույթ: Ովքեր են գնահատում պետություններն այս չափանիշներով:
Հիմնականում փորձագետները, բայց երբեմն հաշվի են առնվում նաեւ հասարակական կարծիքի հարցումները: Թե ովքեր են հայաստանյան «փորձագետների» մեծ մասը, մենք գիտենք: Նրանք նույն «արեւմտամետ» հ/կ-ականներն են, որոնք ամեն մեծ ու փոքր առիթով քցվում են՝ Փաշինյանի բոլոր քայլերը կրծքով պաշտպանելու:
Եթե «Էկոնոմիստն» օգտագործում է նման «փորձագետների» տվյալները, դա զեկույցին արժանահավատություն, մեղմ ասած, չի ավելացնում: Այդ վերապահումով հանդերձ, տեսնենք, թե որտեղ է գտնվում Հայաստանը՝ զեկույցի դասակարգման համաձայն: Ընդհանուր առմամբ, պետությունների քաղաքական ռեժիմներն այստեղ բաժանվում են 4 տեսակի՝ լիարժեք ժողովրդավարություններ, ոչ կատարյալ ժողովրդավարություններ, հիբրիդային ռեժիմներ, ավտորիտար ռեժիմներ: Մենք երրորդ խմբում ենք:
Նշվում է, որ հիբրիդային ռեժիմներն այն պետություններն են, որտեղ ընտրությունների ժամանակ տեղ են գտել որոշակի խախտումներ: Այդ երկրներն ունեն կառավարություններ, որոնք ճնշում են քաղաքական ընդդիմախոսներին, իսկ դատական մարմիններն ինքնուրույն չեն:
Օրենքի գերակայությունը չի գործում եւ, ընդհանրապես, առկա են ավելի մեծ թերություններ, քան ոչ կատարյալ ժողովրդավարություններում, օրինակ, քաղաքացիների մասնակցության առումով:
Այդ չափանիշներով մեր «հիբրիդային բախտակիցներն» են Վրաստանն ու Թուրքիան, իսկ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը դասվում են ավտորիտար պետությունների շարքին: Հետաքրքիր է, որ անցած տարվա տվյալներով «հիբրիդայիններին» է միացել Ռումինիան, քանի որ այնտեղ Սահմանադրական դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունները՝ տեսնելով, որ կարող է հաղթել «սխալ թեկնածուն»:
Պետք է ասեմ, որ «հիբրիդային ռեժիմ» բառակապակցությունը, որն ընդունված է քաղաքագիտության մեջ, առանձնապես իմ սրտով չէ. «հիբրիդի» մեջ կարելի է խառնել ամեն ինչ: Ռեժիմը կա՛մ ժողովրդավարական է, կա՛մ ավտորիտար: Իմ ընկալմամբ, մենք 1991 թվականից ի վեր ապրում ենք «մաքուր ավտորիտարիզմի» պայմաններում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան