Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած « Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը մեկնել է Փարիզ:
Ըստ հաղորդագրության, նա Ֆրանսիայի նախագահի հետ ոչ պաշտոնական ընթրիքի սեղանի շուրջ ավելի քան երեք ժամ է անցկացրել: Այդ ընթացքում Էմանուել Մակրոնը նրան ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքները:
Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը կարծում է, որ Գերմանիայի ապագա կանցլերը ձգտում է «Եվրոպան վերադարձնել անցյալ դարի 50-ական թվականների իրավիճակին, երբ անվտանգության ամերիկյան երաշխիքներին զուգահեռ եվրոպական երկրները խթանում էին սեփական ռազմաարդյունաբերությունը, կատարելագործում իրենց ազգային զինանոցները»:
Կոալիցիոն կառավարություն ձևավորելու ի՞նչ շանսեր ունի Մերցը, նրա ապագա գործընկերներն ինչպե՞ս կընդունեն Եվրոպայի վերազինման նրա ծրագիրը՝ դեռևս վաղ է կանխատեսել, Գերմանիայի նոր կառավարությունը կձևավորվի ապրիլի կեսերին, բայց Մերցի՝ Փարիզ, Մեծ Բրիտանիայի վարչապետի Վաշինգտոն այցը, ինչին հետևել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու ԱՄՆ ուղևորությունը, վկայում են, որ Եվրոպայի առաջատար երկրները լրջորեն են քննարկում, ինչպես Էմանուել Մակրոնն է ձևակերպել՝ «ամերիկյան վասալությունը հաղթահարելու» հարցը:
Ըստ երևույթին, այդ միտումները նաև Սպիտակ տանն են գնահատել: Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաարվել է Ուկրաինայի նախագահի հասցեին թույլ տված «դիկտատոր» բնորոշումից և խոսել Ուկրաինային «ավելի շատ հողեր ետ վերադարձնելու» հարցում օժանդակությունից:
Երևում է, ռուս-ամերիկյան դիվանագիտական «կադրիլը» դրսևորվել է Ստամբուլի բանակցություններում: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել դրանք՝ պատճառաբանելով, որ քննարկումներն ընթացել են ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով, ուստի նպատակահարմար է դիմել արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ստամբուլյան բանակցությունների մասին պաշտոնական տեղեկատվություն տարածել է գրեթե երկօրյա ուշացումով: Ընդսմին, եթե նկատի ունենանք, որ ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ Հյուսիսային ատլանտիկայի վարչության պետ Ալեքսադր Դարչիևը, իսկ ամերիկյանը՝ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Կոուլտերը, ապա կարելի է ասել, որ «աուդիենցիան» կազմակերպվել է, որպեսզի ամերիկյան կողմին ներկայացվի Վաշինգտոնում ՌԴ դեսպանի թեկնածուին:
Ռուսաստանյան աղբյուրների տեղեկացվածությամբ, Մոսկվան դեռևս ԱՄՆ դեմոկրտական վարչակազմի պաշտոնավարման վերջին ամիսներին է Վաշինգտոնում դեսպանի պաշտոնի համար ներկայացրել Դարչիևի թեկնածությունը, բայց ամերիկյան կողմը նրա ագրեմանը դեռեւս չի հաստատել: Ստամբուլում, ինչպես ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից է հետևում, քննարկվել են տեխնիկական բնույթի, այդ թվում՝ կողմերի միջև օդային ուղիղ հաղորդակցությունը վերականգնելու հարցը:
Ուշադրություն է գրավում մի շատ էական հանգամանք, ըստ պետական դեպարտամենտի՝ ամերիկյան պատվիրակությունը քննարկել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը «վարձու աշխատակիցներ ներգրավելու» հարցը: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունն այդ թեման շրջանցել է, ինչից հասկացվում է, որ Մոսկվան չի ընդունել ՌԴ քաղաքացիներին ամերիկյան դեսպանատանն աշխատանքի ընդունելու ամերիկյան առաջարկությունը:
Դա վկայում է, որ Ռուսաստանը շարունակում է չվստահել Միացյալ Նահանգներին և համարում է, որ ԱՄՆ դեսպանատան վարձու աշխատողը «հավաքագրվում է թշնամական երկրի հատուկ ծառայությունների կողմից»:
Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը բացահայտել է չափազանց կարևոր հանգամանք, Թրամփի «բիզնես-քաղաքականությունը» կարող է նպաստել Եվրամիություն-Թուրքիայի հարաբերությունների սերտացմանը: Ամենևին էլ կարեւոր չէ, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը Ֆրանսիան և Գերմանիան դեմ են:
Թուրքիայի համար սկզբունքայինն իր ռազմական ներուժը եվրոպական անվտանգությանն «ի սպաս դնելու» հնարավորությունն է: Հնարավոր է իրավիճակ, երբ Ուկրաինայում թուրքական «խաղաղապահ զորքեր» հայտնվեն: Այդ դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու վերանայել հետխորհրդային թուրքախոս աշխարհի հետ հարաբերությունները և հաշվի նստել «ներքին Թուրքիայի» հետ:
Բաց մի թողեք
Ռուսաստանի նկատմամբ ՄԻԵԴ-ի վճիռը կարելի՞ է համարել Ալիևին արված ազդակ
Պուտինը ձեռնունայն կմնա հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո
Թրամփը սպառնում է ռմբակոծել Մոսկվան ու Պեկինը