«Հրապարակ»-ի զրուցակիցը նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցն է:
– Պարոն Ադոնց, օրերս հայտնի դարձավ, որ Բաքուն պատասխանել է իշխանությունների առաջարկներին, որոնք 3.5 ամիս է՝ անպատասխան էին, թեեւ ՀՀ իշխանությունն ասում է, թե չհամաձայնեցված երկու կետի մասին է խոսքը՝ միջազգային ատյաններից դատական հայցերի հետկանչի ու սահմանից 3-րդ ուժերի դուրսբերման, բայց Բաքվից ստացվող ազդակներից հասկանում ենք, որ Ալիեւը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի համար երկու նախապայման է ավելացրել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում եւ Սահմանադրության փոփոխություն: Վերջին հարցով Փաշինյանն ակնհայտորեն շտապում է:
– Անկեղծ ասած, խաղաղության պայմանագիրը դարձել է մի օրակարգ, որն արդեն վստահություն չի ներշնչում, այն իմաստով, որ այդ խաղաղության պայմանագիրը, այնուամենայնիվ, խաղաղություն կձեւավորի կամ գոնե խաղաղության համար ինչ-որ հիմք կծառայի՝ նկատի ունեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կամ ավելի լայն՝ տարածաշրջանային առումով: Այստեղ ուրիշ մի շատ վտանգավոր եւ արդեն իսկ գուցե իրականություն դարձած բան եմ տեսնում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան, մասնավորապես, դարձել են կամ՝ փորձեմ ավելի նուրբ ասել, դառնում են Հայաստանում ներքին քաղաքական պրոցեսներ թելադրող: Սա մի կարմիր գիծ է ինձ համար, եւ ավելի քան վստահ եմ, որ, այնուամենայնիվ, մեր հանրության մտածող սեգմենտի համար: Սա դառնում է մի իրավիճակ, որի հեռանկարները, ինչպես նշել եմ իմ հարցազրույցներում, բավականին սեւ են՝ հաշվի առնելով այն ամբիցիաները, որոնք հնչեցվում են Ալիեւի եւ Թուրքիայի իշխանությունների կողմից: Սկսենք նրանից, որ թելադրում են փոխել Սահմանադրությունը, այս իշխանությունը համաձայնեց փոխել, եւ, իհարկե, մնացածը: Այս իրավիճակում երկիր կառավարելն ու զարգացում ապահովելը, անվտանգությունն ապահովելը, առավել քան վստահ եմ, որ հնարավոր չէ:
– Իշխանության տարբեր ներկայացուցիչներ դոզավորված խոսում են Ադրբեջանին տրամադրվելիք, ինչպես իրենք են ասում, ճանապարհի հնարավոր ռեժիմների մասին, ԱԺ նախագահը, օրինակ, «անխոչընդոտ» բառն էր օգտագործել: Այս դիսկուրսն օրակարգ բերելն արդյո՞ք վկայում է, որ, այսպես կոչված, միջանցքի շուրջ Փաշինյանը, այդուհանդերձ, բովանդակային քննարկումների մեջ է Բաքվի հետ:
– Այստեղ ես ավելի ընդհանուր կպատասխանեմ, ես համաձայն եմ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, որ ցանկացած բովանդակային քննարկում Ադրբեջանի հետ պետք է բացառվի այն պայմաններում, երբ Բաքվում դատում են մեզ, դատում են հայերիս, եւ չեմ ուզում սահմանափակվել միայն Ռուբեն Վարդանյանով, Բակո Սահակյանով, Արկադի Ղուկասյանով կամ մնացածով, դատում են մեզ եւ մեր ինքնությունը, այսինքն՝ մեզ նսեմացնում են, ինչպես կարողանում են, եւ այդ պայմաններում մտնել բովանդակային դիսկուրսի մեջ, առնվազն հասկանալի չէ ինձ համար, հասկանալի չէ շատ արտասահմանցի իմ գործընկերների համար, եւ սա, վստահորեն, արժանապատվության խնդիր է, իսկ արժանապատվությունը, որքան հիշում ենք, 2018-ի հեղափոխության լոգոներից մեկն է եղել:
– Իշխանությունը չի գաղտնազերծում, թե ինչ պատասխաններ են ստացվել Ադրբեջանից, բայց Բաքուն ԱԺ փոխնախագահի մակարդակով հայտարարել է, որ չհամաձայնեցված կետերը վերաբերում են, այսպես կոչված, միջանցքին ու Սահմանադրությանը, այս գաղտնիության շղարշը մեզ հուշում է, որ, ինչպես նախորդած գործընթացներում, այս դեպքում էլ, փաստացի, Բաքվից է հայ հասարակությունը տեղեկանում այդ, այսպես կոչված, բանակցային պրոցեսների մասին, եւ, ցավոք, Բաքվի մեսիջները, ինչպես կյանքն է ցույց տալիս, միշտ գետնի վրա իրագործվում են:
– Ես համաձայն եմ այն սկզբունքի հետ, որ ցանկացած բանակցություններ, որոնք վերաբերում են, մասնավորապես, անվտանգությանը, այնուամենայնիվ, պետք է կրեն կոնֆիդենցիալ բնույթ, մինչեւ դրանց տրամաբանական ավարտին մոտենալը նոր անհրաժեշտ է բացել տեղեկատվությունը հանրության համար, բայց կոնկրետ այս դեպքում ես չեմ տեսնում որեւէ արդյունք, որովհետեւ բանակցություններն ընթանում են, իսկ դրան զուգահեռ, լարվածության աստիճանը՝ անվտանգային առումով, Հայաստանի համար օր-օրի բարձրանում է, ինչի՞ մասին են այդ բանակցությունները, եթե լարվածության մակարդակն ու որակը բարձրանում են, ես չեմ հասկանում: Միջանցքը դարձել է մի հարց, որ Մոսկվայի ստորագրած հայտարարությունը փոխարինվեց Պրահայի հռչակագրով, այսինքն՝ փոխվեց օրվա իշխանության կոնցեպտն Արցախի վերաբերյալ, եւ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, եւ ես երբեք՝ ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ Սահմանադրությունը կարող է փոխվել արտաքին թելադրանքի ներքո, մասնավորապես՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի թելադրանքի:
Բաց մի թողեք
Փաշինյանի հայտարարությունից հետո ձերբակալել են ԱԱԾ նախկին սպային. Տեսանյութ
Վարդանյանը գիտակցում է վրեժխնդրության ռիսկերը եւ կրում դրանց փաստացի հետեւանքները․ Սիրանուշ Սահակյան
Ինչ են ասել կալանավորները Սրբուհի Գալյանին. Լուսանկար