10/03/2025

Ազատության հրապարակում արդեն երեք մարդ հացադուլ է հայտարարել՝ ի համերաշխություն Ռուբեն Վարդանյանի. Լուսանկար

«Արդեն 12 օր է, ինչ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում շարունակում է իր հացադուլը։ Նրա առողջական վիճակը վատթարացել է։ Ի համերաշխություն Ռուբենի Մանե Թանդիլյանը, Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը քիչ առաջ նույնպես հացադուլ են հայտարարել Երևանի Ազատության հրապարակում»,-հայտնում է հայտնի լրագրող Արտյոմ Երկանյանը։

Նա մանրամասնում է. «Այդ քայլին նրանք դիմել են, որպեսզի համոզեն Ռուբենին դադարեցնել հացադուլը։ Այս ակցիայի մասին Ռուբենը, հավանաբար, կիմանա մարտի 4-ն, քանի որ այդ օրը կայանալու է իր գործով հերթական դատական նիստը ու նրան երևի թույլ կտան հանդիպել իր փաստաբանի հետ։ ( Փաստաբանը տեղեկություն փոխանցելու միակ միջոցն է։

Մինչև մարտի 4-ը պետք է հասցնել որքան հնարավոր է մեծ հնչեղություն տալ այս խնդրին, քանի որ դրանից հետո Ռուբենը արդեն երկարատև տեղեկատվական մեկուսացման մեջ է լինելու։ Ոչ մենք ենք լինելու տեղյակ իր մասին, ոչ ինքը մեր մասին։

Ի՞նչ կարելի է անել այս 3 օրերի ընթացքում։ Միգուցե՞ հեղինակավոր մտավորականները, ում Ռուբենը հարգում է ու ում խոսքը իր համար կշիռ ունի, երկուշաբթի օրը մեկ օրով միանան այս հացադուլին ու խնդրեն Ռուբենին դուրս գալ հացադուլից։ Ուրիշ էլ ի՞նչ կարելի է անել։ Եկեք մտածենք։ Ժամանակը քիչ է»։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում հացադուլ է սկսում` խնդրելով Ադրբեջանում ապօրինի պատանդառված, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին հրաժարվել հացադուլից։

Նա գրել է․ «Այսօր արդեն 12-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։

Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։

Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։

Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր։

Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։

Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ։

Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։

Ռուբե՛ն, հայ ժողովրդի արժանի զավակ, հայրենիքդ քո կարիքն ունի և քեզ սպասում են այստեղ…»։

Ազատության հրապարակում արդեն երեք մարդ հացադուլ է հայտարարել՝ ի համերաշխություն Ռուբեն Վարդանյանի