10/03/2025

Հայաստանի գործունակությունը ուղիղ համեմատական է լինելու ներքին կոմունիկացիայի աստիճանին

«Զգացմունքային մակարդակում բոլոր զգացումները կիսում եմ և հասկանում եմ էն մարդկանց պահանջները և արձանագրումները, և արտաքին գործերի նախարարությունն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս:

Այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ, բայց ուզում եմ արձանագրենք մի բան՝ մենք աշխարհը ավելի շատ ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք և ձևակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու և հարցը լուծվելու է, ոչ այդպես չէ:

Նաև ես համատեքստում և ուրիշ բոլոր համատեքստերում մենք աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք: Սենտիմենտները սենտիմենտներ, բայց մենք պետք է հստակ բանաձևերով գործենք», Բաքվում պահվող մեր հայրենակից փաստացի պատանդնների հարցի վերաբերյալ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա նշել է, որ հարյուր տոկոս վստահություն ունի, որ հայտարարություններ անելը վնաս է տալու այնտեղ պահվող անձանց: Եթե իսկապես դուրս գանք հարցի զգայական, ինչպես նաև ներքաղաքական որոշակի «ասպեկտներից», ապա պետք է իսկապես արձանագրել, որ շատ բարդ է միարժեք գնահատել՝ Հայաստանի իշխանությունը անում է առավելագույնը, թե՞ ոչ, անում է ինչ հնարավոր է, օգտագործում է եղած բոլոր գործիքները ու ռեսուրսները՝ թե ոչ:

Ի վերջո, եթե պատանդները Բաքվում են ու ենթարկվում են ապօրինի հետապնդման, հոգեբանական ու ֆիզիկական ճնշման, ապա եզրահանգումը այն է, որ չի արվում նրանց վերադարձնելու համար բավարարը:

Բայց, իհարկե պետք է նաև հասկանալ, որ այսօր գործնականում ուժի իրավունքից զատ որևէ այլ իրավունքի դե ֆակտո չգործելու պայմաններում իսկապես գործ ունենք չափազանց բարդ խնդրի հետ և գտնվում ենք բավականին խոցելի վիճակում:

Սակայն, մյուս կողմից, այդ հանգամանքը կարող է իշխանության համար լինել անբավարար աշխատանքի արդարացում: Այլ կերպ ասած, այստեղ, իհարկե, չկա աներեր ու բացարձակ ճշմարտություն թե իշխանության, թե ընդդիմախոսների կողմում:

Հետևաբար, թերևս կա մի պարզ բանաձև՝ այս հարցում պետք է նրանց միջև որոշակի արդյունավետ կոմունիկացիա, նախ և առաջ գոնե այս հարցում առավելագույն անելիքի առնչությամբ որոշակի վստահության միջավայր ձևավորելու և հանրային էմոցիաների կառավարելիության համար, և դրանից բացի՝ նաև խնդրի լուծման ուղղությամբ էֆեկտիվության բարձրացման համար:

Սա չի նշանակում իշխանության հասցեին չհնչեցնել հանրային պահանջ և քննադատություն, բայց, անկասկած, է, որ այս թեմայի վերաբերյալ Հայաստանի գործունակությունը ուղիղ համեմատական է լինելու ներքին կոմունիկացիայի աստիճանի հետ: