Արտաքին իրադարձություններն, իհարկե, զարգանում են չափազանց արագ ու դինամիկ, ի տարբերություն Հայաստանի ներքաղաքական կյանքի, որտեղ անշտապ ծավալվում է 2026 թվականի խորհրդարանի հերթական ընտրության նախընտրական ալիքը:
Իհարկե, այդ անշտապ ընթացքը որևէ կերպ չի բացառում որևէ «սև կարապի» ի հայտ գալն ու, ըստ այդմ, անկանխատեսելի արագությունների հնարավորությունը, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի ներքին կյանքի վրա կարող են մեծ ազդեցություն ունենալ նաև հենց արտաքին փոփոխությունները:
Այդուհանդերձ, տեսանելի հանգրվանը մարտի 30-ին Գյումրիում կայանալիք Ավագանու, այսինքն` դե ֆակտո Գյումրիի քաղաքապետի արտահերթ ընտրությունն է: Գյումրին, իհարկե, Երևան չէ՝ իր տեսակարար կշռով, սակայն իր որոշակի խորհրդանշականությամբ անշուշտ շատ ավելին է, քան պարզապես ՏԻՄ կատեգորիան: Իհարկե, չափազանցություն է դիտարկելը, թե Գյումրու ընտրությունը կլինի համապետական ընտրության որոշակի «մոդելային» արտահայտություն:
Այո, փաստացի Գյումրու քաղաքային իշխանության արտահերթ ընտրությանը ներգրավվում է Հայաստանի քաղաքական գունապնակի թերևս զգալի մասը, գուցե որոշ բացառություններով: Բայց, նախ, ինքնին հենց որևէ բացառություն արդեն իսկ կարող է բերել գնահատականների շեղման, և երկրորդ՝ անգամ ամբողջ գունապնակի առկայության պարագայում մեկ առանձին վերցրած քաղաքային համայնքը չի կարող լինել սոցիալ-քաղաքականության ճշգրիտ ցուցիչ:
Օրինակ, ուժերի նույն կազմը կարող է մի արդյունք արձանագրել Գյումրիում, մեկ այլ արդյունք՝ Կապանում: Հետևաբար, կրկնեմ, Գյումրու ընտրությունը խորհրդարանական ընտրություն մոդելավորելու միջոց չէ:
Այն մոդելավորման միջոց է լինելու մասնակից յուրաքանչյուր քաղաքական միավորի համար: Այլ կերպ ասած, Գյումրու ընտրությունը դրա մասնակից ուժերի համար է դառնալու ինդիկատոր, այլ ոչ թե հանրության համար:
Մասնակից ուժերը Գյումրիում կփորձարկեն իրենց նախընտրական մեթոդաբանության, բովանդակային և ծրագրային պաշարի, հաղորդակցության արդյունավետության աստիճանը:
Իսկ այդ իմաստով, Գյումրին, իհարկե, յուրաքանչյուրի համար կլինի էական ինդիկատոր, քանի որ, թերևս, ընտրողների իմաստով ամենաբծախնդիր քաղաքներից մեկն է, եթե չասենք՝ ամենից բծախնդիրը: Թերևս, այդտեղ է Գյումրու ընտրության համապետական քաղաքական առանձնահատկությունը: Իհարկե, ընտրությունն այսպես ասած առանձնահատկության նոր շերտ կստանա, եթե պարտվի կառավարող քաղաքացիական պայմանագիրը:
Այդ դեպքում, սակայն շատ բան կախված կլինի, թե ինչ հարաբերակցությամբ կլինի հնարավոր պարտությունը, ինչպիսին կլինի «հաղթող» կոմբինացիան:
Բաց մի թողեք
Ադրբեջան – Հայաստան նոր պատերազմի հարցում Թրամփի վարչակազմում կան իրարամերժ կարծիքներ ու մոտեցումներ
Հայաստանին իրավազուրկի կարգավիճակ է սպառնում
Խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչ կտա Ադրբեջանին, իսկ Հայաստանի՞ն ․․․