20/03/2025

ԵՊՀ դասախոսների խափանման միջոցները փոխվել են

Մեկ տարի առաջ իրավապահ մարմինները մեղադրանք առաջադրեցին ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը 23 տարի ղեկավարած 76-ամյա Հայկ Սարգսյանին, նույն ֆակուլտետի ամբիոնի մի շարք դասախոսների` «ուսանողներից տարբեր չափի գումարներ պահանջելու եւ ստանալու» համար:

Հրապարակ թերթը գրել է․ Պաշտոնական հաղորդագրությունում խոսվում էր կոնյակ, դրամ եւ դոլար վերցնելու մասին: Հենց այդ ժամանակ էլ կալանավորվեցին դեկանը, դոցենտ Գագիկ Տոնոյանը, իսկ դեկանի տեղակալ Արմեն Ներսիսյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք խափանման միջոցը։ Եվս հինգ հոգի ձերբակալվել էին, ապա երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակվեցին։

Գործի նախաքննությունն ամիսներ առաջ է ավարտվել, այն այժմ քննվում է Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սուրիկ Խաչատրյանի վարույթում է։ Ամբաստանյալներից մեկի` Գ. Տոնոյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այս պահին դատաքննության միջնամասերում են` կեսն անցել են, բայց դեռ չեն ավարտում։ Ամբաստանյալներից ոչ մեկն այս պահին կալանքի տակ չէ, Տոնոյանի խափանման միջոց կալանքը մինչդատական վարույթի ժամանակ փոխվել է գրավով, իսկ Հայկ Սարգսյանի կալանքը՝ նախ տնային կալանքով, ավելի ուշ՝ դատաքննության փուլում վարչական հսկողությամբ է փոխարինվել։ Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը մասնակի է ընդունում մեղքը, սակայն չմանրամասնեց, թե որ դրվագի հետ է համաձայն, որի հետ` ոչ։