18/03/2025

Թուրքիան փորձում է ատամ ցույց տալ ԱՄՆ – ՌԴ տանդեմին

Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել էր իր պատրաստակամության մասին՝ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների հարթակ դառնալու հետ կապված։

Հրապարակ թերթը գրել է․ «Ամենաբարձր մակարդակով պատրաստակամություն է հայտարարվել բոլոր կողմերի մասնակցությամբ բանակցություններն ընդունելու հարցում»,- ասել է դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ հատուկ ռազմական գործողությունը պետք է անհապաղ ավարտվի, եւ պատրաստակամություն էր հայտնել աջակցել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։

Ավելի ուշ Թուրքիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Ուկրաինա ուղարկել իրենց խաղաղապահ զորքերը` պայմանով, որ ներգրավված լինեն Ուկրաինայում խաղաղապահ առաքելության ստեղծման հետ կապված բոլոր շփումներում, ինչը, ըստ էության, ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածություններին դեմ է: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Թուրքիան փաստացի ձեռնոց է նետում երկու գերտերություններին` ԱՄՆ-ին եւ Ռուսաստանի Դաշնությանը: Ի դեպ, այս երկու երկրների հետ նույն Թուրքիան ունի մի շարք ընդհանուր շահեր, սակայն այսօր փաստացի փորձում է նրանց հակադրվել:

– Չեմ կարծում, թե Թուրքիան կարող է ձեռնոց նետել ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, ավելի շատ Եվրոպան է մարտահրավեր նետողն այստեղ: Եվրոպան փորձում է ԱՄՆ-ին այլընտրանք փնտրել, Զելենսկին արդեն հայտարարում է, որ Թուրքիայի եւ Ուկրաինայի բանակները Եվրոպայում ուժեղագույն բանակներն են, եւ եթե Թուրքիան համաձայնի, հարցերը կլուծվեն, սակայն ես այն կարծիքին չեմ, որ Թուրքիան կհամարձակվի այդ քայլին գնալ, որովհետեւ մինչ այս պահը Թուրքիան մնացել էր ձեռնպահ: Թուրքիան ավելի շատ փորձում է միջնորդի դեր կատարել` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, եւ որպեսզի կարողանա միջնորդի դերը հաջողել, այժմ փորձում է շոյել Ուկրաինային, որպեսզի ուկրաինացիները վստահեն իրեն: Չեմ հավատում, որ Թուրքիան ԱՄՆ-ի դեմ դուրս կգա: Ամեն դեպքում, Թուրքիան փորձում է ատամ ցույց տալ, քանի որ նեղվել է այն փաստից, որ Սաուդյան Արաբիայում են տեղի ունեցել ռուս-ամերիկյան բանակցությունները: Այժմ այդ դերը փորձում են Քաթարից խլել, դրա համար էլ ուկրաինահաճո քայլեր են անում։ Խնդիրը սա է:

– Իսկ ինչո՞ւ է Թուրքիայի համար միջնորդի դերն այդքան կարեւոր:

– Շատ պարզ պատճառով. Թուրքիան մեծ երկիր է, փորձում է դերակատարում ունենալ, տրամաբանական է ամեն ինչ:

– Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի դիվանագիտական սկանդալից հետո միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Զելենսկին պետք է Թրամփից կա՛մ ներողություն խնդրի, կա՛մ հրաժարական տա: Ձեր տպավորությամբ` ի՞նչ տեղի ունեցավ այդ օրը:

– Թրամփը փորձում է ամերիկացիներին համոզել, որ Զելենսկին մի անձնավորություն է, որը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Քանի որ Թրամփը նախապես էլ փորձել է նույն բանն անել, սակայն չի ստացվել, այս անգամ որոշեց հրապարակայնացնել քննարկումները, որպեսզի ամերիկացի ժողովուրդը տեսնի, որ եթե ինչ-որ մի բան չի ստացվում, ապա դա Զելենսկու մեղքն է: Թրամփն ուզում է ամերիկացիներին ցույց տալ, որ չի ցանկանում Զելենսկուն ֆինանսավորել, միեւնույն ժամանակ գիտակցում է, որ արեւմտյան աշխարհում այն կարող է մեծ աղմուկի պատճառ դառնալ, ուստի գնաց այս քայլին, որպեսզի իր ընտրողները տեսնեն, թե ով է այս իրավիճակի մեղավորը:

Ի՞նչ քայլեր կհաջորդեն այս պրոցեսներին:

– Զելենսկին օբյեկտիվորեն չի կարող խաղաղություն հաստատել: Նախքան 2022 թվականը ռուսական կողմը հողեր չէր գրավել, չէր հայտարարել, որ Դոնբասը պետք է միանա ՌԴ-ին, Ռուսաստանն այդ ժամանակ պահանջում էր միայն Ղրիմը: Այժմ, այս տարիների ընթացքում 100 հազարներով մարդիկ են զոհվել պատերազմում, պատկերացրեք՝ վաղը Զելենսկին համարձակվի իր ժողովրդին ասել` պատրաստ է խաղաղության Ռուսաստանի Դաշնության պահանջներով, ի՞նչ կանի ուկրաինացի ժողովուրդը: Այստեղ տրամաբանական հարց կառաջանա․ եթե պատրաստ էիր համաձայնել ՌԴ-ի պահանջներին, ապա ինչո՞ւ դա չարեցիր 2022 թվականին: Արդյունքում Զելենսկին կդատապարտվի սեփական ժողովրդի կողմից եւ պատմության մեջ կմնա որպես մեծ դահիճ: Զելենսկու համար շահավետ չէ պատերազմի ավարտը ռուսական պայմաններով, իսկ Ռուսաստանն էլ չի հանձնվի: Փաստացի պատերազմը շարունակվելու է, եւ եթե այն խորանա, երրորդ համաշխարհային պատերազմի հոտ կարող է գալ: Պատերազմները ոչ միայն ծրագրերի եւ ցանկությունների արդյունքում են տեղի ունենում, այլեւ պատերազմները չկանխելու եւ խորացնելու արդյունքում կարող են լինել: Եթե միջուկային զենք կիրառվի, ամեն ինչ այլ ճանապարհով կգնա: Հիշո՞ւմ եք՝ մի շրջան կար, որ ասում էին` տանկեր չեն տրամադրելու Ուկրաինային, հետո ասում էին` հրթիռներ չեն տրամադրի, սակայն փաստացի ամեն ինչ էլ տվեցին:

– Այսինքն` միֆ էր այն պնդումը, որ Թրամփը կկանգնեցնի պատերազմը, ստացվում է, որ իրավիճակը դեռ մի բան էլ կարող է լարվել:

– Չէի ասի, թե միֆ էր, կա ցանկություն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից: Նրանք, համենայնդեպս, փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունենա: Եթե Զելենսկու փոխարեն այլ մեկը գա, խաղաղություն կարող է հաստատվել: Այլ մեկին չեն ասի` դու ես մեղավոր, չեն մեղադրի զոհերի համար եւ այլն: Զելենսկին այս պատերազմը չի կարող կանգնեցնել, նրա փոխարեն ով էլ լիներ, չէր կարող: