Այսօր հերոսներ ունենք, որ թվում է, թե նրանց վերցրել, փոխել, տեղն ուրիշ են դրել։ Դա հատկապես ավելի ակներև է երևում, երբ նրանց հետ գործի բերումով Արցախյան առաջին պատերազմում շփվել, տեսել ես նրանց քաջագործությունները, սխրանքները։ Սար ու ձորով չընկնեմ, այս անգամ խոսքս Մելիքսեթ Պողոսյանի մասին է։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա Տեղ գյուղում կամավորական ջոկատի հրամանատար էր։ Պարզ ու ջինջ մի գյուղացի տղա էր։ Պատերազմի թեժ օրերին համարյա ամեն օր հեռախոսով կապվում էի Գորիսի սահմանամերձ գյուղերի կամավորական ջոկատների հրամանատարների հետ։ Ռազմական թղթակից էի։ Թիրախի տակ էին հիմնականում Գորիսի Տեղ, Կորնիձոր, Խնձորեսկ, Խնածախ, Խոզնավար, Արավուս գյուղերը, Գորիս քաղաքը։ Զանգում, ասում էի՝ հը, Մելո, ի՞նչ կա։ Խնձորեսկում Սանոյին էի նեղում՝ Սանո, ո՞նցա վիճակը։ Կորնիձորում Սեյրանն էր՝ Սեյրան, դե խոսա․․․
Բաներ կան, որ հիմա էլ չեմ բացի ու ասեմ, թե ո՜նց էինք իմանում, որ Գորիս քաղաքին թշնամին խփելու է ու ռադիոկապով քաղաքի բնակիչներին զգուշացնում էի, որ անհապաղ ապաստարաններ իջնեն։ Հիմա Սեյրանն ու Սանոն չկան։ Չէ, չզոհվեցին, չգիտենք էլ՝ ինչ եղան։ Միայն Մելոն է, ու ես Մելոյի մասին պիտի խոսեմ։ Պարզ, անկեղծ, հայրենասեր տղա էր։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիներին հաջողվել էր տիրանալ Տեղ գյուղին շատ մոտ բարձունքներից մեկին, որը ժամանակին Տեղ գյուղի տարածքում էր:
Թուրուսի խութ բարձունքը 1988-92թթ. թշնամին դարձրել էր ռազմական հենակետ, և այստեղից էին հիմնականում հրետակոծվում Տեղն ու Արահուսը, շրջակա բնակավայրերը, նույնիսկ՝ Գորիս քաղաքը։ Չերկարացնեմ․ 1992թ. մայիսի 16-ին Տեղ գյուղի ջոկատից 34 ազատամարտիկ՝ Մելոյի հրամանատարությամբ ազատագրեց Թուրուսի խութը, որը ռազմավարական նշանակություն ունեցավ Լաչինի միջանցքի ազատագրման համար։ Մարտի ընթացքում ադրբեջանցիները տվել են զոհեր, մեծ քանակությամբ ռազմավար և թողել «Թուրուսի խութ» հենակետն ու նահանջել։
Ադրբեջանցիներից առգրավված զենք-զինամթերքով «Մելիք-Բարխուդար» ջոկատը Մելոյի գլխավորությամբ մայիսի 18-ին մասնակցել է նաև Լաչինի ազատագրմանը։ Մեր 34 տղաներին քաջեր, հերոսներ էինք անվանում։ Այն ժամանակ Մելիքսեթ Պողոսյան չէր, ժողովուրդը նրան այնքան էր սիրում, որ Մելո էր ասում՝ մեր Մելո՜ն․․․ Հիշում եմ Թուրուսի Խութի թոհուբոհից հետո երբ զանգեցի նրան, նա դժվար էր լսում։ Կանտուզիա էր ստացել։ Հետո պաշտոն տվին Գորիս քաղաքում, բայց մելոն մնաց մեր Մելո՜ն․․․ Նիկոլը եկավ ու նրան Մելիքսեթ Պողոսյան դարձրեց։ Հիմա լսում եմ նրան, թե Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուրում ինչ է ասում ու չեմ հավատում, որ խոսողը Թուրուսի խութն ազատագրող հերոսն է։ Լրագրողները հետաքրքրվում են, թե ինչու որևէ պահանջ չի դրվում, որ ադրբեջանական կողմը դուրս գա ՀՀ այն տարածքներից, որտեղ հայտնվել է:
Մելիքսեթ Պողոսյանը, էլ Մելո՜ չէ, ասում է․ «Մենք էլ 35 տարի մնացել ենք իրենց տարածքներում»։ Ո՞նց էիր ուրախացել, Մելո, երբ լռեցրել էիր թշնամու մեր բնակավայրերը գնդակոծող ռազմակետը։ Նույնիսկ գիրք գրվեց 34 քաջերիդ ու քո մասին։ Չեմ ուզում շատ բաներ ասել, որոնք կբարձրաձայնվի Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, բայց կուզեի հարցնել՝ հիմա՞ ես քեզ լավ զգում, երբ գյուղիդ գլխավերևում թշնամու դրոշն է ծածանվում, թե այն ժամանակ, երբ լռեցրել էիր հայրենի բնակավայրերդ գնդակոծող ռազմակետերը։ Ու մեկ էլ՝ հեչ քո հետ չե՞ս կռվում, գյուղավարի չե՞ս հայհոյում քեզ․․․ Եթե չէ, ուրեմն քեզ Նիկոլը վերցրել ու տեղը Մելիքսեթ Պողոսյան է դրել․․․ Ինչպես մեր շատ հերոսների հետ է վարվել։
Հասմիկ Բաբաջանյան; hraparak.am
Բաց մի թողեք
Կարո՞ղ եք մի պահ ձեզ պատկերացնել այն գերիների փոխարեն
Մեծամասնությունն անտարբեր է` «նիկոլական դրախտը» փառաբանելով
Այս իշխանությանը մասնագետներ պետք չեն