Երկրորդ և երրորդ նախագահների՝ Քոչարյանի և Սարգսյանի թիմերի միջև «ֆուտբոլային դիմակայությունը» շարունակվում է։
«Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի կողմից նախօրեին ՀՀԿ-ի դաշտ փոխանցված քարոզչական գնդակը հետ «տշելու» հերթը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանինն էր։
Երկու թիմերի «ֆուտբոլիստ» կանայք, նկատենք, բավական լավ մարզավիճակում են, բայց ոչ թե ՀՀ-ի քաղաքական ներկայի ու ապագայի մասին այլընտրանքային, կոնստրուկտիվ, արժեքավոր, ադեկվատ և ամենակարևորը՝ քաղաքական ասելիքով, այլ առանձնակի էնտուզիազմով քչփորում ու հոտոտում են անցյալի՝ նախահեղափոխական շրջանի ու բուն հեղափոխության օրերի «կեղտոտ լվացքը» ու իրար երեսով տալիս։
Այս երկուսի կռիվն, ինչպես արդեն նկատել ենք, մեկ օրակարգի շուրջ է՝ ինչպես եղավ, որ տեղի ունեցավ հեղափոխությունը, բայց ոչ թե դրա խորքային պատճառները քննելու, հասկանալու նպատակով, այլ՝ ինչպես եղավ, որ այդ գործընթացի հետևանքով կորսվեց 20 տարի պինդ, յոթ փակի տակ պահված իշխանությունը՝ դրանից բխող հետևանքներով։
Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցիչ տիկինը, հղում անելով Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի խոսքին, նորից տիրաժավորեց այն անհեթեթ միտքը, թե՝ կասկածներ ունի, որ «Քոչարյանի գրասենյակն է հորինել և Նիկոլենց տվել իշխանությունը զիջելու մասին թեզը»։
Չգիտենք՝ ով և ինչ նպատակով է որևէ թեզ հորինել և ում տվել, բայց գիտենք, որ ժողովուրդն իրացրել է իր սահմանադրական իրավունքը՝ ոտքի է կանգնել, մնացել է ոտքի վրա այնքան ժամանակ, մինչև իրականություն կդառնար Սերժ Սարգսյանին ու նրա կառավարող թիմին հեռացնելը, իրեն պատկանող իշխանությունը հետ ստանալն ու նոր, արտահերթ ընտրությունների միջոցով իրեն պատկանող իշխանությունն այսօր կառավարող ուժին պատվիրակելը։ Այս պարզ ճշմարտությունը քանի դեռ չեն ընդունել ու մարսել քոչարյանական և սերժական թիմերը, անպտուղ բանավեճը իշխանության «տալ-առնելու» մասին, շարունակվելու է։
Արդ, անդրադառնանք Աննա Մկրտչյանի կողմից քոչարյանական խաղադաշտ ուղարկված «պասերից» մեկին, որը վերաբերում էր Քոչարյանի թիմի այն դիտարկմանը, թե՝ եթե Սերժ Սարգսյանը դեմ էր իշխանությունը վարչապետի «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին հանձնելուն, ապա ինչպես ստացվեց, որ նրա ենթակայության տակ գործող ՀՀԿ-ն ձայներ ապահովեց Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու համար։
Արմեն Աշոտյանի քարոզչական «շկոլան» անցած երիտՀՀԿ-ական պատգամավորը, որն իր խոսքում նկատում է, թե ամեն ինչ տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, դիմեց մանիպուլյացիայի հնարքին, նշելով, թե Փաշինյանին կողմ քվեարկած ՀՀԿ-ականների վրա գուցե ներազդեցության միջոցներ են կիրառվել։
Նկատենք, որ Մկրտչյանի խոսքում աղաղակող հակասություն կա․ նա նախ հայտարարում է, թե քանի որ բոլորը, այդ թվում ԱԺ բոլոր խմբակցությունները՝ բացի ՀՀԿ-ից, կողմ են եղել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն՝ ստորագրահավաք են իրականացրել, վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրել, ՀՀԿ-ն էլ մնացել է «մենակ ու հալածված», ուստի․«Տեսնելով, որ երկրում քաոսը բոլորի համար ընդունելի է՝ բացի ՀՀԿ-ից, ՀՀԿ-ն այս քաոսի ստեղծման պատասխանատվությունը իր վրա վերցնել չէր կարող․․․․
Հետևապես ՀՀԿ-ն ասել ա՝ եթե 3 միլիոնը կողմ ա, և 55-ն են դեմ, ձեզ ինչքա՞ն ա պետք, էդ ինչքանդ որ ստորագրել եք, քանի՞ մարդ չի հերիքում։ Դա էլ, ընդ որում, եղել է պատգամավորների կամքի վրա ներազդեցություն, ինչը քրեական գործ ա, և պետության վերականգնումից հետո դա էլ պետք ա ճշտվի, թե ներազդեցությունը ՀՀԿ-ի պատգամավորների նկատմամբ եղել են մյուս քաղաքական ուժերի՞ց, թե՞ փողոցային շարժման ժամանակ դագաղներ պահողներից, դա էլ շատ կարևոր է»։
Պատգամավոր աշխատող անձը, փաստորեն, նախ ասում է, որ ՀՀԿ-ն է հարցրել, թե քանի ձայն է պակասում Փաշինյանի ընտրության համար և ինչքան է պետք՝ հանձն առնելով անհրաժեշտ ձայներն ապահովելու գործը, մյուս կողմից էլ կասկած է հայտնում, թե գուցե այլ ուժեր են ներազդել «պակասուրդը» լրացրած ՀՀԿ-ական պատգամավորների կամքին։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ խորհրդարանական խմբակցությունները «ում էլ առաջադրեն 1/3-ի կողմից, մենք աջակցելու ենք, որը ՀՀԿ-ի թեկնածուն չի լինելու: 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին կաջակցենք»։
Մայիսի 1-ին Փաշինյանի ընտրությունը ձախողած ՀՀԿ-ն, նկատենք, մայիսի 8-ին կակղեց ու իր մի խումբ պատգամավորների միջոցով միացավ քվեարկությանը։ Փաշինյանին կողմ քվեարկած պատգամավորների մեջ էին, ի դեպ, Արման Սահակյանը, ԴԱՀԿ-ի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը, Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը (13 պատգամավոր)։
Տիկին Մկրտչյանը, փաստորեն, այնքան պրիմիտիվ է ու այնքան վատ գիտի իր կուսակության հիերարխիան, որ կարծում է, թե գեներալ Մանվելի կամ Սեյրանի վրա հնարավոր էր ներազդել՝ շրջանցելով Սերժ Սարգսյանի ազդեցությունը։ Բայց այստեղ շատ կարևոր մի նրբություն կա՝ այդ բարդ ու ճակատագրական որոշումը ՀՀԿ-ն իր «վերխուշկայով» կայացրել է ոչ թե իշխանությունը «հանձնելու» շահագրգռությունից դրդված, այլ՝ ստիպված, ճարահատյալ, ծոծրակին զգալով համաժողովրդական՝ ամեն վայրկյան ահագնացող շունչը։
Մի կարևոր հանգամանք էլ, որը դուրս է թողնվում նախկին նախագահի թիմերի միջև տեղի ունեցող «հանձնելու» թեմայով բանավեճի օրակարգից՝ 2018-ին ժողովուրդը մերժել է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև՝ Ռոբերտ Քոչարյանին, այսինքն՝ Քոչարյան-Սարգսյան տանդեմին։ Պարզապես իշխանության ղեկին 2018-ին գտնվում էր Քոչարյանի իրավահաջորդն ու նրանից էլ ժողովուրդը վերցրեց իրեն պատկանող և առնվազն 1996-ի նախագահական ընտրություններով խլված իշխանությունը։
Այո, 2018-ին հայտնի կարգախոսում հոլովվում էր Սերժ Սարգսյանի անունը, սակայն վերջինիս մերժումը բովանդակում էր նաև նրա հետ օրգանապես կապված՝ այսպես կոչված «ղարաբաղյան կլանի» մերժումը։ «Մերժիր Սերժին»՝ նշանակում էր «Մերժիր Սերժին+Ռոբին»։ Հետևապես, եթե խոսք է գնում 2018-ին իշխանությունը «հանձնելու» մասին, ապա այդ գործողությունը կատարել են երկուսով՝ իրավական առումով մեկ սուբյեկտ, գլոբալ՝ համակարգային առումով՝ երկու սուբյեկտ՝ երկիրը յուրաքանչյուրը 10 տարի կառավարած նախկին նախագահները։ Թող Քոչարյանը չհերքի, որ թե ԱԺ-ում, թե կառավարությունում 2018-ի ապրիլի դրությամբ շարունակում էր ունենալ քաղաքական նշանակալի ազդեցության։
Հիշեցնենք, որ 2018-ին Աժ-ում կար չորս խմբակցություն՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ելք»։ «Ելք»-ի 5 անդամները և ԲՀԿ՝ 31 հոգանոց խմբակցության 12 պատգամավորները «դեմ» քվեարկեցին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն։ Վերջինս վարչապետ դարձավ 77 «կողմ», 17 «դեմ» ձայներով, իսկ երկու շաբաթ անց այս խմբակցությունները 59 «կողմ» և «42» դեմ ձայներով վարչապետ ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ ՀՅԴ-ն, որն, ի դեպ, Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի հետ կոալիցիա էր կազմել 2017-ին, «ուրանալով» Սերժ Սարգսյանի վերաբերյալ քվեարկությունը, նույնպես «կողմ» քվեարկեց Փաշինյանի վարչապետ դառնալուն։ Իսկ այսօր որպես «Հայաստան» խմբակցության գերիշխող ուժ ԱԺ-ում աշխատում է Քոչարյանի կուրացիայի տակ։
Բաց մի թողեք
Թեհրանի «լիազորագիրը» Ռուսաստանին՝ Թրամփի հետ բանակցելու համար
Ինչո՞ւ հանկարծ մոլեգնեց Էրդողանը` Թրամփի հետ խոսելուց հետո
Մարտուն Գրիգորյանը իրենից փորձում է հետին թվով կամիկաձե կերտել, չի սերտել «ընդդիմություն» բառի իմաստը