Հայաստանի կառավարության որոշմամբ ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը համատեղության կարգով կկատարի նաև ԵՄ-ում Հայաստանի պաշտպանական հարցերի կցորդի առաքելությունը:
Այդ որոշումը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ վերջին շրջանում սերտացել է պաշտպանական ոլորտում Հայաստան-ԵՄ գործակցությունը: Երևանի որոշումն, իհարկե, ֆորմալության դաշտից անդին թերևս պայմանավորված է առավել խորքային պրոցեսներով, որ ծավալվում են Եվրոպայում, և որոնք առանձնապես թափ են հավաքում այս օրերին:
Եվրոպան, ըստ էության, հայտարարել է անվտանգության սեփական համակարգի վերաբերյալ քննարկումների մասին, որոնց ընդհանուր շեշտադրումները հնարավոր է տեսնել Ֆրանսիայի նախագահի՝ նախօրեին արված ուղերձում: Իհարկե, այդ ուղերձը Եվրոպայի միասնական կարծիքը չէ, այլ Եվրոպայի ռազմավարական խնդիրների արձանագրումն և դրանց լուծման ուղղությամբ ուղենիշների սահմանումը, որոնք դեռ պետք է անցնեն, անկասկած, շատ բարդ քննարկումների միջով:
Այդ պրոցեսները, սակայն, թերևս, անշրջելի են, քանի որ աշխարհակարգի փլուզումից, այսպես ասած հին աշխարհի հարաբերությունների ապամոնտաժումից հետո եվրոպական քաղաքականության ու անվտանգության համակարգը չի կարող մնալ նույնը:
Այն պետք է փոխվի: Թե ինչպես, ինչ ծավալով, ինչ տրամաբանությամբ, ինչ դինամիկայով, սրանք հարցերի միայն մի մասն են, որոնց պատասխանները պետք է գտնեն եվրոպական երկրները: Այդ իմաստով, Հայաստանի պաշտպանական կցորդի խնդիրը պետք է լինի թերևս ձեռքն այս պրոցեսների զարկերակին պահելը:
Սա, իհարկե, խնդիր է, որով գործնականում պետք է զբաղվեն եվրոպական երկրներում և տարբեր այլ կառույցներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, դեսպանները, սակայն հաշվի առնելով այն, որ «ծանրության կենտրոնը, ըստ էության, տեղափոխվում է անվտանգության ճարտարապետության հիմքեր, այստեղ թերևս պրոցեսի հանդեպ օպերատիվ դիրքավորման և հաղորդակցության միջոց է դիտարկվում պաշտպանական կցորդի կարգավիճակը:
Եվրոպական անվտանգոության համակարգի վերակառուցումը, կամ նոր համակարգի ստեղծումը, ըստ էության անխուսափելիորեն ներառելու է նաև այդ համակարգի մերձակա փոխազդեցության գոտին, որի շրջանակում է նաև Կովկասը և բնականաբար Հայաստանը:
Հետևաբար, եվրոպական պաշտպանական պրոցեսների հանդեպ անմիջական ուշադրությունը ստանում է կարևոր նշանակություն: Իհարկե, այդ նշանակությունը մեխանիկական երեւույթ չէ և դրա գործակիցը կախված է լինելու իրողությունների ընկալման և դրանց հետ աշխատանքի դիվանագիտական որակից:
Բաց մի թողեք
Ադրբեջան – Հայաստան նոր պատերազմի հարցում Թրամփի վարչակազմում կան իրարամերժ կարծիքներ ու մոտեցումներ
Հայաստանին իրավազուրկի կարգավիճակ է սպառնում
Խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչ կտա Ադրբեջանին, իսկ Հայաստանի՞ն ․․․