Մարտի 5-ին Կինոմոսկվայում տեղի ունեցավ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի նախադիտումը, որին ներկա էր ողջ ստեղծագործական խումբը: Ես ևս հյուրերի ցանկում էի և ներկայացնում եմ տարվա ամենասպասված հայկական ֆիլմի պրեմիերան:
Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։
Ֆիլմի պրեմիերայից հետո գլխավոր պրոդյուսեր և մտահղացման հեղինակ Նոնո Սարգսյանը, որը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է, խոստովանեց՝ Սարգսյանին դուր չէր գա, որ իր մասին կինոնկար է ստեղծվել։ Նա վստահ է՝ հորեղբայրը շատ կզայրանար, քանի որ չէր սիրում, երբ իրեն նվիրված կենացներ էին խմում, իրեն նվիրված երգեր էին երգում։
Ֆիլմում Վազգեն Սարգսյանի մանկությունն է, պատանեկությունը, նրա անցած ծանր ու հաղթանակներով լի ճանապարհն է, ողբերգական մահը, սակայն Նոնո Սարգսյանը լավատեսական նոտայով է ավարտել կինոնկարը, քանի որ կարծում է՝ Վազգեն Սարգսյանի նման մարդիկ դեռ կան, իսկ կյանքը շարունակվում է, ուստի պետք է չհուսահատվել, շարունակել հորեղբոր գործը։
Ֆիլմն անվանել են «Վազգեն. վերջին սպարապետը», քանի որ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջին սպարապետն էր։ Ֆիլմի անվան ընտրությունը որևէ ենթատեքստ չունի։
«Վազգեն Սարգսյանը մահացավ 20-րդ դարի վերջին՝ 21-րդ դար մուտք գործելուց երկու ամիս առաջ, և չտեսավ 21-րդ դարը, որի մասին երազում էր»,-ավելի վաղ նշել էր Նոնո Սարգսյանն ու հավելել՝ Վազգեն Սարգսյանի մեջ շատ հույս և լույս կար, որն արտացոլվել է կինոնկարում։
Նոնո Սարգսյանը փորձել է նրբորեն շրջանցել Սարգսյանի քաղաքական գործունեությունը։ Կարծում է՝ քաղաքական հարցերն իր հայացքով, իր տեսանկյունից ներկայացնելու իրավունք չունի. ամեն բան սուբյեկտիվ կլիներ։
Սպարապետի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն ասում է․ «Ես փորձել եմ չկրկնօրինակել Վազգեն Սարգսյանին, քանի որ դա նման կլիներ մուլտիպլիկացիոն ինչ-որ բանի, փորձել եմ նյարդը, տղամարդկությունը, մտածելակերպը, էությունը հասցնել հանդիսատեսին։ Իմ ստեղծագործական կյանքը հաշտ ու խաղաղ չի անցել։ Միշտ վիճել եմ շատ բաների հետ, չեմ համակերպվել, միշտ ցանկացել եմ ինչ-որ բան դեպի լավը փոխել։ Կարծում եմ՝ դա բնավորության գիծ է, որ ժառանգել եմ իմ ընտանիքից և միշտ էլ այդպիսին կլինեմ»,-ասաց դերասանն ու վստահեցրեց՝ իր և Վազգեն Սարգսյանի միջև ընդհանրությունները շատ են։
Խորեն Լևոնյանը հայրենիքը համեմատեց Աստծո հետ։ Անդրադառնալով անկախության մասին հարցին՝ դերասանն իր հերոսի պատասխանը տվեց՝ ինչպե՞ս կարելի է անկախության մասին խոսել, դա նույնն է, թե հարցնես՝ ծնողներիդ ինչքան ես սիրում։
«Ֆիլմում ինձ դուր են գալիս այն տողերը, երբ Սարգսյանն ասում է․ «Մենք միշտ դռները բացել ենք ու ասել՝ սա մեր տունն է, արի մեզ սպանի, մեզ կեր, իսկ երբ ինչ-որ խելառ որոշել է դրա դիմացն առնել, մենք մեր ձեռքով հերն անիծել ենք»։ Հավանաբար, դա այն բանն է, որ կուզեի չլիներ, կուզեի՝ այլ կերպ մտածեինք։ Մենք մեզ շատ ենք թերագնահատում, կամ՝ գերագնահատում ենք։ Կողմ եմ, որ ճիշտ գնահատենք, թե ով ենք, ինչ տեսակ մարդ ենք, ինչ տեսակի գեն ենք, ինչ տեսակի մարդ ենք եղել անցյալում և ինչ տեսակի մարդ ենք ցանկանում լինել ապագայում։ Կցանկանամ՝ այդ հարցերն ու դրանց լուծումները նաև մշակույթի միձոցով տրվեն, որովհետև տեսողական արվեստը մարդանց շատ է գրավում»,-նշեց Լևոնյանը։
Նա վստահ է՝ շատ արժանի հայեր կան, որոնք երկրի համար կյանք են տվել՝ չվայելելով ո՛չ խնջույքներ, ո՛չ երեխաների սիրո բերկրանք, ո՛չ շքեղություն․ ուղղակի նվիրվել են հայրենիքին։
«Իմ հայրն ականատես է եղել, թե ինչպես Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի սենյակում Վազգեն Սարգսյանը պապիս՝ Խորեն Աբրահամյանին ասել է. «Ես քո Սարոյան եղբայրների Գևորգի կերպարով եմ մեծացել, վարպե՛տ»։ Արվեստը մեծ ուժ ունի։ Ըստ իս՝ մեր հաղթանակների գլխավոր պտուղն այն պետք է լինի, թե մենք ինչ մշակույթ ու արվեստ ենք տալիս սերունդներին, թե ում ենք նայում, ում ենք ուզում նմանվել։ Դուշման Վարդանը, Մոնթեն, Վազգենը և շատ այլ նվիրյալ տղաներ ի՞նչ ֆիլմերով են մեծացել․ նրանք նայել են սովետական կինոնկարներ, որոնք քարոզում էին ֆաշիզմի վերջը, հայրենիքի համար զոհվելն ու հաղթելը, իսկ մենք, կարծես, թե նման ֆիլմեր չունենք»,-շեշտեց դերասանը։
Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի դերում Մարջան Ավետիսյանն է, հոր դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։ Պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում նկարահանվել են ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլք։ Երաժշտությունը՝ Արմեն Մարտիրոսյանի, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան։
Սցենարի հեղինակներն են Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը, որը նաև բեմադրող ռեժիսորն է։ Լևոն Գալստյանը կարծում է՝ միջին և ավագ սերունդը հիշում է Վազգեն Սարգսյանին, երիտասարդները որոշակի պատկերացում ունեն այդ վառ անհատականության մասին, սակայն բոլոր սերունդներին էլ հայտնի չէ Վազգեն Սարգսյանի գրականությունը։ Ըստ նրա՝ գրականություն սիրող հասարակության շրջանում էլ Սարգսյանի գործերն առանձնապես հայտնի չեն, ինչի համար ափսոսում է։ Ուրախ է, որ ֆիլմը հնարավորություն կտա ծանոթանալու Վազգեն Սարգսյանի գրականության պատառիկներին, որոնք նրա էության մի մասն են և բացում են շատ հետաքրքիր շերտեր նրա աշխարհայացքի, մտածողության, հայրենիքի, կնոջ նկատմամբ վերաբերմունքի մասին։
Կինոնկարը նկարահանել է Genetic Production-ը։ Ընկերության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով։
Ստեղծագործական խմբի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը կարողացավ մարդկանց պարգևել հաղթանակի բերկրանքը, բայց ժամանակ չգտավ անձնական երջանկության համար՝ մենակ մնալով իր երազանքների ու ճակատագրի առջև։
Ֆիլմը հասցեագրված է և՛ փոքրին, և՛ մեծին, բոլոր նրանց, ում համար թանկ են հայրենիքն ու նրա հաղթանակը, նրա հաղթական էջերի մասին նվիրական հիշողությունն ու արժևորումը։
Ստեղծագործական խմբի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը կարողացավ մարդկանց պարգևել հաղթանակի բերկրանքը, բայց ժամանակ չգտավ անձնական երջանկության համար՝ մենակ մնալով իր երազանքների ու ճակատագրի առջև։ Ֆիլմը հասցեագրված է և՛ փոքրին, և՛ մեծին, բոլոր նրանց, ում համար թանկ է Հայրենիքն ու նրա հաղթական էջերի մասին նվիրական հիշողությունն ու արժևորումը։
Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը։ Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը (Արամիս Տատու), որը նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։ Հերոսի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը կերտել է հայտնի դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է, պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ սիրված դերասաններ։
Genetic Production-ի գործունեության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով։ Genetic Production-ը հիմնադրվել է 2024 թվականին։
Բաց մի թողեք
Կյանքից հեռացել է դերասան Արա Դեղտրիկյանը. Լուսանկար
Մանուշյանական շաբաթը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում. Լուսանկարներ
Կայացել է «Մանուշյան…» Հայաստան-Ֆրանսիա համատեղ ներկայացումը՝ ի նշանավորումն Մանուշյանական շաբաթի