Ալիեւը մերժում է Փաշինյանի բոլոր առաջարկները, իսկ վերջինս իրեն հույս է տալիս, թե դա «էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար չէ»: Փաշինյանը հերթական հուսահատ փորձն է անում՝ համոզելու Բաքվին՝ սեղմել օդում մնացած իր ձեռքը ու գոնե մի բանի շուրջ համաձայնության գալ:
Հրապարակ թերթը գրել է․ Մեկ տարուց էլ քիչ է մնացել հերթական ընտրություններին, իսկ Փաշինյանը ոչինչ չունի ցույց տալու հանրությանը՝ որպես արդյունք այն փուչիկ օրակարգի, որի անունը խաղաղություն է: Իսկ աշխարհում մեծ խնդիրների կարգավորման ուղենիշներն են ուրվագծվում, եւ գործընթացները շուտով հասնելու են Հարավային Կովկաս:
«Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ՝ նաեւ Արեւմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ, ՀՀ Մեղրիից Երասխ Ադրբեջանի (Նախիջեւան) տարածքով եւ հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է, եւ դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը»,- իր հին ու մերժված առաջարկները թվարկելուց հետո եզրակացնում է Փաշինյանը՝ ավարտելով կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ իր լավաշ տեքստը:
Իսկ Ալեն Սիմոնյանը, որ օրեր առաջ Ադրբեջանին տրվելիք անխոչընդոտ ճանապարհից էր խոսել, Փաշինյանի հոդվածից հետո շտապել է հայտարարել, թե իրադարձություններն այնպես արագ են զարգանում, որ մոտ օրերս կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինեն: «Մենք մշտապես ասում ենք, որ պատրաստ ենք անցակետեր տեղադրել եւ ճանապարհները բացել։ Սա գործընթաց է, որը չի դադարում: Կարող է այս շաբաթ վարչապետը գա` պայմանական, նոր հայտարարություն անի, կամ այդ կետերի հետ կապված նոր մեկնաբանություն լինի»,- ասել է նա:
Հետաքրքիր ու ոչ պատահական զուգադիպությամբ, նույն օրը Հ1-ը ցուցադրում է Փաշինյանի հարցազրույցն Իրանի պետական հեռուստաընկերությանը, որտեղ նա կրկնում է ապաշրջափակման վերաբերյալ նույն թեզերը, համոզում Թեհրանին, թե Հայաստանն Իրանի շահերի նկատմամբ զգայուն է, երրորդ ուժերի ներգրավվածությունն անընդունելի է, որ Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ։ Այս ազդակներից առնվազն կարող ենք ենթադրել, որ իշխանությունը մտադիր է հերթական զիջումն անել Ադրբեջանին, անունը դնել ճանապարհ կամ կոմունիկացիաների ապաշրջափակում ու տալ Ադրբեջանի բաղձալի միջանցքը:
«Փաշինյանն այդ հոդվածը գրեց Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսի ու ապաշրջափակման եւ Սահմանադրության վերաբերյալ հայկական առաջարկությունների՝ Ադրբեջանի կողմից մերժման ֆոնին»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ու շարունակում՝ ակներեւ է, որ Ադրբեջանը մերժել է կոմունիկացիաների ապաշրջափակման՝ Փաշինյանի առաջարկը, ուստի նա այլեւս չի պնդում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, այլ վերադառնում է 2022թ․ առաջարկին, որն Ադրբեջանը դարձյալ մերժել է:
«Ադրբեջանը պահանջում է միջանցք կամ ազատ երթեւեկ ՀՀ տարածքով՝ Ադրբեջանի արեւմտյան հատվածներից դեպի Նախիջեւան, փոխարենը Փաշինյանն առաջարկում էր Տավուշից, ինչպես նաեւ Գորիսից՝ Կոռնիձորից ճանապարհ տրամադրել, որ ադրբեջանցիներն անխոչընդոտ ՀՀ տարածքով անցնեն Ադրբեջանից դեպի Նախիջեւան՝ Նախիջեւանի հյուսիսային հատվածով»,- ասում է պատգամավորը:
Արդյո՞ք Ադրբեջանն այժմ կհամաձայնի 3 տարի առաջ մերժած առաջարկին: Ընդդիմադիր պատգամավորը մտավախություն ունի՝ Բաքուն Երեւանին պարտադրելու է իրեն անխոչընդոտ անցում տրամադրել, եւ Ալեն Սիմոնյանն արդեն հայ հասարակությանը պատրաստում է դրան: «Իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե Հայաստանը կառուցողական է, իսկ Ադրբեջանը` ագրեսիվ, կարծես թե կա ինչ-որ մեկը, որը կասկածում էր Ադրբեջանի ագրեսոր լինելու մեջ»,- ընդգծում է մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե ինքը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որեւէ պատասխանատվություն չի ստանձնել ՀՀ տարածքում որեւէ երրորդ կողմի իրավունքներ տրամադրելու հարցում, Խաչատրյանը հիշեցնում է. «Իր ստորագրած եռակողմ հայտարարության մեջ հստակ գրված է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողոթյունն իրականացնում են ՌԴ ԱԴ ծառայության սահմանապահ մարմինները, ինքն է այդ կետը ստորագրել եւ ինքը պետք է հիմնավորի, թե ինչու է ստորագրել»:
Մինչդեռ Ադրբեջանն իր ստանձնած որեւէ պարտավորություն չի կատարել՝ սկսած հրադադարի ռեժիմի պահպանումից, մինչեւ ԼՂ հետ անխափան միջանցքի ապահովումը, եւ որեւէ բարոյական իրավունք չունի Հայաստանից անխոչընդոտ ճանապարհ պահանջելու: Եվ ՀՀ իշխանությունները կոմունիկացիաների հարցը կարող են քննարկել բացառապես Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում, որը ներառում է Արցախի հայության վերադարձ եւ անվտանգային երաշխիքների տրամադրում:
Անդրադառնալով Ադրբեջանի համար պարզեցված ռեժիմ ապահովելու Փաշինյանի պատրաստակամությանը, մեր զրուցակիցն ասում է. «Ինքնաշխատ մեխանիզմի կամ այլ ռեժիմների մասին հայտարարությունները, երրորդ կողմի սահմանային վերահսկողությունը եւ այլն, դրանք այն առաջարկների ցանկն է, որն Ադրբեջանը մերժել է, բայց Փաշինյանը դեռ 2021-22թթ․ հստակ ասել է, որ այդ ճանապարհի վրա, ուզում եք անունը միջանցք դրեք, թե` ճանապարհ, գործելու է այլ իրավական ռեժիմ, քան ՀՀ մյուս ճանապարհների վրա, եւ խնդիրը նրանում է, թե որքան կլինի անխոչընդոտության աստիճանը՝ ինչ է առաջարկում Փաշինյանը, եւ ինչ է ուզում Ալիեւը»:
Փաշինյանի այս հուսահատ քայլը Խաչատրյանը պայմանավորում է սպասվող ընտրություններով՝ Փաշինյանին պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված լինի «խաղաղություն», որ այդ թուղթը թափահարի ու ասի՝ տեսեք, խոստացա ու բերեցի խաղաղություն, հիմա էլ գնում ենք դեպի ԵՄ: Այդ թուղթն ստանալու համար, մեր զրուցակցի համոզմամբ, նա պատրաստ է գնալ ցանկացած զիջման, այլապես ստիպված կլինի խոստովանել, որ ձախողել է իր խաղաղության օրակարգը: «Սահմանադրության մասով Հայաստանն արդեն ընկրկել է Ադրբեջանի իշխանությունների առաջ, Փաշինյանի իշխանությունը հայտարարել է, որ պատրաստ է հանրաքվե կազմակերպել եւ հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն, որտեղ այլեւս հղում չի լինի 1990թ․ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրին: Բայց հիմնավորումն էլ է անտրամաբանական` եթե Սահմանադրությունը լեգիտիմ չէ, ուրեմն լեգիտիմ չեն նաեւ Փաշինյանն ու իր ամբողջ կառավարությունը, քանի որ հենց այդ սահմանադրական նորմերի հիման վրա է նա դարձել ՀՀ վարչապետ»,- եզրափակում է Խաչատրյանը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը պատահական չի համարում Փաշինյանի հարցազրույցն իրանական հեռուստաընկերությանը։ «Իրանական կողմը, բնականաբար, մտահոգվել է գործող վարչապետի հայտարարություններից: Պատճառը պարզ է․ ազատ ռեժիմով թուրք-ադրբեջանական ճանապարհն ունի ռազմաքաղաքական նշանակություն, եւ թյուրքական աշխարհ ասվածն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ՝ Իրանը կազմաքանդելու համար: Մեր մասին չեմ խոսում, թյուրքական աշխարհում Հայաստանը տեղ չունի: Գործող վարչապետի հավաստիացումները, որ Հայաստանն Իրանի դեմ որեւէ քայլ չի անի, համոզիչ պատասխան չէ Իրանի համար, Իրանի դեմ Հայաստանը քայլ չի անելու, բայց ճանապարհ տրամադրելով, այդ քայլի հնարավորությունը տալիս է Թուրքիային ու Ադրբեջանին, էլ չենք խոսում «թփերում պախկված» Իսրայելի ու Բրիտանիայի մասին»,- ասում է Դանիելյանը:
Հարցազրույցը, ամենայն հավանականությամբ, Իրանի առաջարկով է տեղի ունեցել, ինչը, Դանիելյանի խոսքով, ցույց է տալիս, որ իրանական կողմն ունի հետախուզական տվյալներ Սյունիքի ուղղությամբ թուրք-ադրբեջանական պատրաստվող գործողության մասին եւ մտահոգված է դրանով: «Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա, ըստ երեւույթին, ուկրաինական կոնֆլիկտի սառը փուլ մտնելուց հետո Ռուսաստանը կակտիվանա նաեւ Կովկասի ուղղությամբ, եւ Հայաստանի գործող վարչախմբի կարծիքը ոչ ոք չի հարցնելու»:
Բաց մի թողեք
Վարդանյանը գիտակցում է վրեժխնդրության ռիսկերը եւ կրում դրանց փաստացի հետեւանքները․ Սիրանուշ Սահակյան
Ինչ են ասել կալանավորները Սրբուհի Գալյանին. Լուսանկար
Հիմա էլ բոլոլան Մեղրի է տեղափոխվել