09/03/2025

14-ամյա պատանին, 13-ամյա աշակերտը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 6-ին՝ ժամը 11:25-ի սահմաններում, Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, որը 3-րդ հարկում գտնվող դասարաններից մեկի պատուհանից ընկել է:

Մինչ շտապօգնության գալը, դպրոցի կոլեկտիվն է փորձել բուժօգնություն ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել տղային և տեղափոխել հիվանդանոց:

Բժիշկնեը երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները:

Մարտի 3-ին՝ ժամը 19։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր նորք վարչական շրջանի դպրոցներից մեկում դեմքին բռունցքով հարված ստանալու հետևանքով «դիմային շրջանի, փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 14-ամյա տղա է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, թիվ 1 դպրոցում նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ, ազգությամբ արաբ 14-ամյա տղան վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է աշակերտի դեմքին, ինչի հետևանքով նրա ակնոցը կոտրվել է և վնասել աչքը:

Տեղում վիրավորի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ իրենք բողոք չունեն, միայն պահանջում են կոտրված ակնոցի գումարը՝ 35 հազար դրամի չափով:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։