Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք քաղաքապետի – ավագանու ընտրություններում Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ԴԱԿ կողմից առաջադրվել է Արտյոմ Ղարաղազարյանը։ Երեկ Գյումրիում էինք, նրան հանդիպեցինք նախընտրական շտաբում ու բովանդակալից զրույց ունեցանք։
Պարոն Ղարաղազարյան, Ձեզ հետ մեր առաջին հանդիպումն է, խնդրեմ նախ ներկայացեք ․․․
Նախ՝ շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Արտյոմ Ղարաղազարյանն եմ, Գյումրիում` շինարարի ընտանիքում, 1980 թ․-ին ծնված, 1987 թ․-ից Գյումրու Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 4 դպրոցն եմ հաճախել, ապա ընդունվել եմ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան Մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ու զինվորականության ֆակուլտետը, արևելյան մարտարվեստներին եմ տիրապետում, ավարտելուց հետո որպես այլընտրանքային աշխատել եմ Տավուշի մարզի Չորաթան գյուղում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Այնուհետև՝ շարունակել եմ սպորտային կարիերաս, Տավուշի մարզի Ուշույի ֆեդերացիայի նախագահն եմ եղել, ապա Ուշույի ֆեդերացիայի տեխնիկական խորհրդի ղեկավարը, ֆեդերացիայի փոխնախագահը, մինչ օրս Ուշու – Կոնֆո ֆեդերացիայի փոխնախագահն եմ, գործարար եմ, սակայն բիզնեսներս Հայաստանից դուրս են։
Նոր եք մուտք գործում քաղաքականոթյուն։
Ոչ։ 2016 – 21 թթ․ եղել եմ Գյումրու ավագանու անդամ՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության քվոտայով, ապա ԲՀԿ համամասնական ընտրացուցակում ԱԺ պատգամավորի թեկնածու եմ եղել։ ԴԱԿ կուսակցությունով եմ այժմ առաջադրվել, որովհետև ԲՀԿ-ն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի ու ԴԱԿ-ն՝ ի դեմս Սուրեն Սուրենյանցի, դաշինքով են մասնակցում Հայաստանի տարբեր մարզերում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին։ Թեև՝ ես անկուսակցական եմ, երբեք չեմ եղել որևէ կուսակցության անդամ, սակայն ներկայումս՝ որոշել եմ քայլել ԴԱԿ-ի հետ, քանի որ այն ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների հետ կապ չունի։
Ինչու որոշեցիք առաջադրվել՝ գլխավորել ԴԱԿ համամասնական ընտրացուցակը, հավակնել Գյումրու քաղաքապետի պաշտոնին։
Ծանոթ եմ մեր քաղաքի խնդիրներին, ունենք ծրագիր, որն ի շահ մեր քաղաքի է, այն պետք է իրագործվի, ուստի՝ մեր ընկերների, համախոհների, գյումրեցիների առաջարկը չեմ մերժել, առաջադրվել եմ ու ․․․ գնում ենք առաջ։ Մեր թիմում առաջադրվել են փոքր և միջին բիզնեսի՝ արարող, ստեղծող մարդիկ, սպորտսմեններ, բժիշկներ, ապագա լրագրողներ, մի կուռ ու շատ մտավորական թիմ, որոնց հետ միասին կարող ենք զարգացնել մեր Գյումրին, գյումրեցու ասած՝ դարձնել սազական համայնք։
Որոնք են Գյումրու գլխավոր հիմնախնդիրները։
30 տարիների ընթացքում այնքան շատ խնդիրներ են կուտակվել, որ դժվար էլ է տարբերակել առաջնայինը երկրորդականից, բոլորն են կարևոր։ Ցանկացած գյումրեցու հիմնահարց ինձ համար մեծ խնդիր է։ Եթե արդեն իսկ կա հարցը, արդեն հրատապ լուծում է պահանջում։
Այդ դեպքում, գուցե հարցնեմ, թե ինչ եք խոստանում գյումրեցիներին՝ հանդիպումների ժամանակ։
Հիմնականն ու ամենակարևորը Գյումրի քաղաքի ճիշտ կառավարումն է, ամեն բան ճիշտ կազմակերպելը, ֆինանսների, եկամուտնքրի ճիշտ հաշվարկներ ունենալը, աշխատանքները կազմակերպելը։ Հիմնական շեշտը դնելու ենք քաղաքի ճիշտ զարգացման վրա՝ իր իսկ եկամուտների հաշվին ու Կառավարության աջակցությամբ։ Շատերը ծրագիր են ներկայացնում, որն իրատեսական չէ, որովհետև քաղաքապետի ղեկավարման տիրույթում չէ։ Ես անիմաստ եմ համարում այդ մասին վաղաժամ խոսելը, որովհետև այդպիսի ծրագրերը համապատասխան դիրքում, միայն այդ ժամանակ ներկայացնելի, ապացուցելի ու համոզիչ է, երբ կարող է ստանալ Կառավարության հավանությանն ու ֆինանսավորումը։ Օրինակ․ Գյումրին ունի տնակային խնդիր, արդյոք քաղաքապետարանն ի վիճակի է լուծել այն, բնականաբար՝ ոչ, դրա համար հանրապետության բյուջեի մասնակցությունն է անհրաժեշտ, քաղաքապետարանի բյուջեն բավարար չէ։
Կարելի է ասել, որ դուք ներկայանում եք իբրև այլընտրանքային՝ երրորդ ուժ, ոչ իշխանական եք, ոչ ընդդիմադիր, պարզապես այլընտրանք։
Ինչպես վերընշեցի, մենք ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների հետ որևէ կապ չունենք։ Մենք աշխատելու ենք բոլոր գյումրեցիների համար, տարբերություն չի դրվելու ով է ընտրել մեզ, ով՝ ոչ։ Մենք ակտիվ գործունեություն կծավալենք անգամ, եթե միայն հաղթահարենք անցողիկ շեմն ու ավագանիներով ներկայանանք Գյումրու քաղաքապետարանում։
Այսօր ամենաքննարկվող թեման է այն մասին, որ որևէ քաղաքական ուժ 50 + 1 ձայն դժվար թե ունենա այս ընտրություններում, հետընտրական որ քաղաքական ուժի հետ դաշինք կկազմեք, որոնց եք բացառում։
Հետընտրական պայմաններում, մենք որևէ համագործակցության եզր չենք տեսնում ՔՊ-ի հետ։ Դա մեզ համար կարմիր գիծ է, իսկ մյուս քաղաքական թիմերի հետ, ովքեր արժանի են, մեր գաղափարներին մոտ, կփորձենք համագործակցել, եթե անգամ չստացվի որևէ մեկի հետ դաշինք կազմել, մենք կարող ենք լինել ընդդիմադիր խմբակցություն ու աշխատել ի շահ գյումրեցու, նրա խնդիրների բարձրաձայնման։ Մենք չենք կատարի որևէ քայլ, որ հետո հանկարծ գյումրեցու աչքերին նայելու խնդիր ունենանք։ Ընդդեմ գյումրեցու երբեք չենք գնալու, ամեն բան ի շահ գյումրեցու։
Իսկ գուցե մյուս քաղաքական թիմերը պիտի բանակցեն մեզ հետ խոշորանալու համար, ինչի մասին է խոսքը։ Այնպես որ, թող մարտի 30-ին տեղի ունենան ընտրությունները, տեսնենք որոնք են հաղթահարում անցողիկ շեմը, այն ժամանակ ամեն բան հստակ կլինի՝ որը որի թիմակից կարող է դառնալ, կամ՝ ոչ։
Որքան եք գնահատում ձեր հնարավորությունները։
Մեր հնարավորությունները տեսանելի կլինեն մարտի 30-ի հաջորդող օրերին։ Հուսով ենք, որ գյումրեցին՝ ճանաչելով մեր թիմին, գնահատելով նրանց վաստակն, անպայման իր դրական գնահատականը կտա։
Ճիշտ է, Գյումրիի քաղաքապետի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է մարտի 15-ին, բայց այս անգամ կարծես ամեն բան վաղ է սկսվել, որքանով է ընթանում քաղաքակիրթ։
Հուսով եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ իրեն կոռեկտ կպահի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Համենայն դեպս, մեր խոսույթում, վարքագծում, ծրագրում, գործողություններում մի սկզբունք ենք որդեգրել՝ չենք վարկաբեկելու ոչ մեկին այնքան ժամանակ, մինչև հանկարծ որևէ մեկի կողմից տեսնենք անգամ փոքրիկ նշույլ վիրավորանք մեր հանդեպ։ Այդ դեպքում՝ մի քանի անգամ ավելին կստանան իրենց հանդեպ։ Մենք չենք նախապատրաստվել որևէ մեկին թիրախավորելու համար։ Այս պահին, ինչպես մեր թիմում, այնպես էլ ես՝ անձամբ, կտրականապես դեմ ենք որևէ մեկին սևացնելուն։ Գյումրին փոքր քաղաք է, մարտի 30-ը կավարտվի, հետո պիտի իրար երեսի նայենք։ Մյուս կողմից ամեն բան կարելի է ասել քաղաքական բանավեճի տիրույթում, ոչ անձնական, քաղաքական տարաձայնություններ կարող են լինել, սակայն այդ դեպքում անդրադարձը պետք է լինի քաղաքական խոսույթին, ոչ անձնականին։ Դա իմ սկզբունքն է։ Ես կուզենայի բոլորի խոսույթներում տեսնել մեր քաղաքի ցավն ու լավը։
Ձեր նախընտրական կարգախոսն է՝ Ճիշտ քաղաք, սխալ քաղաք էլ է լինում, ներեցեք։
Մեր ժողովուրդը 30 տարի սուտ է լսել ու խաբվել, ամեն ընտրությանը խոստումներ են շռայլել, մեծամասնությամբ՝ խաբել են։ Մենք պետք է բոլոր դեպքերում մեզ ճիշտը պահենք ու ճիշտը խոսենք, միայն ճիշտը։ Ներկա իշխանության դեպքում, որևէ ասելիք ճիշտի հետ կապ չունի, նրանք էլ՝ հավասարապես նախկինների, խաբել են մեր ժողովրդին, մեր ասելիքի հիմքում է ճիշտը։
Այսօր մարտի 8-ն է, մեկնարկում է կանանց ու մայրերի՝ գեղեցկության մեկամսյակը։ Ձեր շնորհավորական խոսքը։
Ես՝ ի սրտե, շնորհավորում եմ մեր մայրերին, կանանց, աղջիկներին մարտի 8-ի ու մեկամսյակի կապակցությամբ, ցանկանում եմ բոլորին առողջություն, իրենց ընտանիքներում երջանկություն ․․․ Գյումրեցին ասում է՝ անթառամ ծաղիկների նման թող չթառամեն ․․․ մեր մայրերը մեր գլխից անպակաս լինեն, Աստծո աջը բոլորից անպակաս ․․․
Ձեր կոչը գյումրեցիներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն։
Ես կոչ եմ անում մեր սիրելի գյումրեցիներին՝ անպայման մասնակցել ընտրություններին, բաց չթողնել իրենց քվեն, իսկ մինչ այդ ուշադիր հետևել քարոզարշավին, ճիշտ կողմնորրոշվել ու ընտրություն կատարել գիտակցված։ Եթե մարդն անգամ քարոզարշավի ավարտին կմնա չկողմնորոշված, կնշանակի լսելու, գնահատելու խնդիր ունի, նրան էլ պետք է ներկայանալ պատշաճ, գաղափարապես համոզել, որ մասնակցի ընտրություններին, գնա ընտրատեղամաս։ Աստված բոլորի հետ, թող ընտրեն որը ճիշտ կհամարեն ․․․ պետք չէ հուսահատվել, մոլորվել, ազատ ընտրություններ են, յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր կամքը։
Բաց մի թողեք
Մարտի 23-ի աստղագուշակ․ Անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա
Վրաստանի ազգային հավաքականի առաջատար Խվիչա Կվարացխելիան ՀՀ հավաքականի ու ֆուտբոլի մասին. Լուսանկար
Ինչո՞ւ են մարդիկ ձգտում դառնալ իշխանական պատգամավոր կամ կառավարության պաշտոնյա