Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք քաղաքապետի – ավագանում ընտրություններից առաջ զրուցում ենք Ապրելու երկիր կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող, գործող ավագանի Կարեն Մալխասյանի հետ։ Ու քանի որ Ապրելու երկիրն է, որի համանախագահ Մանե Թանդիլյանն ու ևս 2 կուսակցականներ հացադուլ են հայտարարել Երևանի Ազատության հրապարակում՝ պահանջում են Բաքվում շինծու դատավարություններով մեղադրվող Ռուբեն Վարդանյանի ու մյուս 23-ի ազատությունը, ուստի՝ մեր զրույցն էլ սկսեցինք այդտեղից։
Միանշանակ աջակցում ենք, մտահոգ ենք ու ցանկացած փոքր քայլ, որ կարող է նպաստել Ադրբեջանում գտնվող մեր ռազմաքաղաքական գերիների վերադարձին, պետք է կատարվի ու կատարվում է մեր կողմից։ Քանի որ Ռուբեն Վարդանյանն էլ Բաքվում է հացադուլ հայտարարել, մեր քայլերով նրան հեռակա խնդրում, առաջարկում ենք չգնալ նման ծայրահեղ քայլի, չվտանգել առողջությունը։
Գյումրիում վաղ է մեկնարկել նախընտրական քարոզարշավը, ըստ Ձեզ, ինչու, և փորձարկվում է 2026 թ․ խորհրդարանական, համապետական ընտրությունների քարոզարշավն ու արդյունքները, թե՝ զուտ Գյումրի քաղաքի մենեջերի ընտրության հարց է լուծվում։
Երկու տարբերակներն էլ առկա են, եթե դիտարկենք, թե ինչպիսի քաղաքական ուժեր են մասնակցում այս ընտրություններին, նրանք նախկինում երբեք որևէ կերպ իրենց մտահոգությունը չեն հայտնել Գյումրի քաղաքի խնդիրների հետ կապված։ Այժմ ընտրապայքարում են շատերը, ուստի կա և քաղաքային, և քաղաքական ընտրապայքար։ Նաև՝ նորմալ եմ համարում, երբ կա քաղաքական ընտրապայքար, ի վերջո՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, երբ ակտիվանալ։
Դուք ինչ ակնկալիքով եք մասնակցում, և որքան եք գնահատում Ձեր հնարավորությունները ընտրության անցողիկ շեմը վերստին հաղթահարելու հարցում։
2021 թ․ մենք հայտ էինք ներկայացրել, որպես նոր ուժ, և գյումրեցիները վստահեցին ու հաղթահարեցինք անցողիկ շեմը, 2 ավագանի ուենցանք գործող ավագանիում, ճիշտ է փոքրաթիվ, բայց ամենաակտիվ խմբակցությունն ենք եղել, բազմաթիվ հարցեր ենք բարձրաձայնել, առաջարկներով հանդես եկել, քննադատել ենք, շփվել ենք քաղաքացիների հետ, ակտիվ աշխատել ․․․ Կարծում եմ՝ մարտի 30-ին էլ գյումրեցիներն իրենց դրական գնահատականը կտան մեր ազնվությանն ու աշխատանքին։
Այնուամենայնիվ, ինչ հասցրեցիք անել այս կարճ աշխատանքային ժամանակահատվածում։
Մենք միշտ պայքարել ենք սկզբունքի համար, ոչ թե խոսել ենք անձերից, այլ փաստերով բարձրացված հիմնահարցերը ներկայացրել ենք ավագանու նիստերի ժամանակ։ Այն, ինչ եղել է քաղաքի հնարավորությունների շրջանակներում․ քաղաքի ասֆալտապատում, լուսավորություն, խճապատում, սոցիալական բազմաթիվ խնդիրներով աջակցություն ․․․
Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, Գյումրու խնդիրները նույնն են մնացել, թե՝ ավելացել, պակասել են ․․․
Լավ հարց եք տալիս․ այո, խնդիրները նույնն են, բայց տոկոսային հարաբերակցությամբ՝ և նվազել, և ավելացել են՝ նայած որ ոլորտում ու ինչ չափով։ Օրինակ․ երկրորդային փողոցներում ընդհանրապես ոչինչ չի արվել, անգամ սումբվենցիոն ծրագիր կար, որ պետք է իրականացվեր 2024 թվականին, սակայն ոչինչ չարվեց։
Իսկ ձեր կողմից այս քարոզարշավին ներկայացվող նախընտրական ծրագիրը նույնն է, ինչպես 2021 թվականին։
Ես սոցիալական ոլորտի մասնագետ եմ, երկար տարիներ աշխատել եմ այդ ոլորտում, սկսել շարքային մասնագետից ու հասել բաժնի պետ, տնօրենի պաշտոններին, ուստի խորքային գիտեմ սոցիալական ապահովոթյան ոլորտը։ Դրա արդյունքում էլ՝ ներկայացվող ծրագրերը հիմնականում այդ ոլորտից են։ Այս անգամ մի քիչ կտարբերվեն նախորդ ընտրություններից, մի քիչ ավելի ընդլայնված ու մեկնաբանված են։
Քանի որ՝ գործող ավագանի եք, դետալները գուցե ներսից գիտեք, Ձեր մեկնաբանությամբ, ինչու փլուզվեցին 2021 թ․ արդյուքնները՝ Բալասանյան դաշինքը հրաժարվեց մանդատներից ու քաղաքապետի պաշտոնից, որ հիմա ստիպված նոր ընտրություններ են։
Իմ մասնավոր կարծիքը պետք է հայտնեմ․ Քանի որ Բալասանյան դաշինքը մինչ օրս որևէ հայտարարություն չի տարածել ու հանրությանն էլ չի իրազեկել, թե ինչու այդպես վարվեցին, ես երբ վերլուծում եմ դեպքերի զարգացումները, ըստ էության, ՔՊ-ի կողմից իշխանազավթում է տեղի ունեցել։ 2021 թ․ ընտրությունների արդյունքում՝ Բալասանյան դաշինքը չուներ բավարար մանդատներ մեծամասնոթյուն կազմելու համար, հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, և հնարավորություն ուներ մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ դաշինք կազմել ու ղեկավարել Գյումրի քաղաքը, սակայն իրենք ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում հուշագիր ստորագրեցին իշխանական ՔՊ-ի հետ։ Հետահայաց պարզ է, որ ինչ որ բան այդտեղ այնքան էլ նորմալ չէր, երբ ընդդիմադիր ամենաշատ քվե ստացածը առաջարկում է իրեն միանալ ոչ թե ընդդիմադիրներին, այլ՝ ինքը միանում է հանրապետության իշխանությանը։ Հասկանալի է, որ ճնշումներ են եղել։ Արդյունքում համատեղ սկսեցին կառավարել, սակայն տեսանելի էր, որ ներսում ամեն բան նորմալ չէր, անընդհատ վեճեր, տարաձայնություններ, նաև՝ նույն ինքը ՔՊ ներսում Կռիլովի առակի վիճակն էր, ու իրադրությունը հասավ այնտեղ, որ ՔՊ-ն միակողմանի խզեց հուշագիրը Բալասանյան դաշինքի հետ։ Ես առաջարկեցի, որ օրենքով սահմանված կարգով, ավագանին հանրային քննարկում անցկացնի, կողմերը հանրությանը բացատրություն տան ինչու և ինչպես, սակայն մերժեցին, որի արդյունքում անորոշության վիճակ ստեղծվեց, ի վերջո՝ Սամվել Բալասանյանի ու նրա որդու հետ կապված հողերի սեփականաշնորհման հարցում իշխանությունների հետ խնդիրներ առաջացան, եղան որոշակի ճնշումներ, ստվերային գործընթացներ, որոնց արդյունքում Բալասանյան դաշինքից Գյումրու քաղաքապետն ու իրենց ավագանու մյուս 13 անդամները լուռ դիմումները գրեցին ու հրաժարվեցին զբաղեցրած դիրքերից, հեռացան նաև քաղաքականությունից։ Բայց, չէ որ 9 հազար և ավելի քվե էին ստացել, ու նրանք էին դարձել քաղաքի իշխանությունը, հետևաբար իրենք պետք է անկեղծ լինեին գյումրեցու հետ ու ասեին ճշմարտությունը։
Հիմա ամենաքննարկվող թեման է, թե հետընտրական պայմաններում որը ում հետ դաշինք կկազմի։ ԱԵԿ-ը, դուք, ում հետ դաշինք կկազմեք, ում եք բացառում։
Ի սկզբանե հայտարարել ենք, մեր վարքագծով էլ ապացուցել ենք, որ մենք ՔՊ-ի հետ կոալիցիա չենք կազմելու, չենք համագործակցելու։ Ինչու մեր վարքագծով նաև, որովհետև կոնկրետ Ապրելու երկիրը ՔՊ-ից հետո ՀՀ ՏԻՄ-երում ներկայացված երկրորդ համայնքապետեր, ավագանիներ ունեցող ուժն է ու որևէ տեղ մենք կոալիցիա կամ հուշագրի սորագրում չունենք։ Ինչպես հանդես ենք եկել ընդդիմադիր, այդպես էլ ներկայանում ենք նույն դիրքերից։ Կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք նաև ՔՊ-ին հարող ուժեր չեն ․․․
Մի բան հստակ է, որ մարտի 30-ին կայանալիք ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստանա 50 +1 քվե ու մեծամասնություն չի կազմի։ Դրա համար խնդիր ենք դրել՝ որքան հնարավոր է շատ քվեներ հավաքել, որպեսզի կարողանանք ստանձնել քաղաքը կառավարելու պատասխանատվությունը։
Մենք դեռ չենք սկսել քարոզարշավը, չենք ուշանում, ամեն բան իր ժամանակին։ Անցած ընտրություններում էլ, ովքեր նախապես էին մեկնարկել` պաստառներ էին փակցնում, նրանք չհաղթահարեցին անցողիկ շեմն՝ ի տարբերություն մեզ։
Ձեր կոչը գյումրեցիներին, առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն։
Իմ կոչն է, որ դուրս գան անտարբերությունից, հուսահատությունից, մասնակցեն ընտրությանը, որպեսզի մեծամասնության ընտրությամբ Գյումրին կատավարվի, ոչ թե փոքրամասնության, ինչպես հիմա է։ Թող ընտրեն այն արժանավորին, ով ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցել, որ կարող է արդյունավետ կառավարել քաղաքը, առաջնայինը կարողանում է տարբերակել երկրորդայինից։
Բաց մի թողեք
«Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադբեջանին
Մինչ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ճամարտակում է, որ անհույս թեկնածուին դարձնի քաղաքապետ, պետք է հիշել ․․․
Ինչո՞ւ անիմաստ ճիգեր գործադրել և Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բացատրել …