12/03/2025

ԱԱԾ-ական Չիկոն ակնառու ապացույց է, թե Փաշինյանն ինչպես է միջամտում արդարադատությանը․ Լուսանկար

Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ տարիներ առաջ կազմակերպված ցույցերի դեպքով կրկին ձերբակալվել է, նախորդ գիշեր դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել։ 

Հրապարակ թերթը գրել է․ Պատերազմի մասնակից Արամ Գասպարյանը, որ շուրջ 20 տարի ԱԱԾ-ում է աշխատել, հայտնի է «Չիկո» ծածկանունով, մեղադրվում է չորս տարվա վաղեմության գործով՝ 2021-ին Սյունիքում Փաշինյանի դեմ կազմակերպված ցույցերի եւ «սյունյաց ողջույնների» համար: Արամ Գասպարյանը, որն այդ ժամանակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում դեպարտամենտի ղեկավար էր աշխատում, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի շրջապատից է: Նրան ձերբակալել էին 2021-ի հուլիսի 14-ին` «Ալֆան» բերման էր ենթարկել: Եվ նա կալանքի տակ մնաց մինչեւ 2023 թվականի փետրվարը: Հիմա` 4 տարի անց, նրան կրկին ձերբակալել են` Երեւանի իր տնից։ Արամ Գասպարյանը գերազանց ծառայության համար պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով, ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով, մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։

Գասպարյանին երկու մեղադրանք են առաջադրել, մեկը՝ վարչապետի շարասյունը վնասելու գործողությունների կազմակերպման համար, իբրեւ թե ձվեր են նետել մեքենաների ուղղությամբ, մյուսը՝ խուլիգանություն կազմակերպելու համար: Դիմեցինք ԱԱԾ պահեստազորի սպաների միությանը, խնդրեցինք մեկնաբանել իրենց ընկերոջ նկատմամբ այս կրկնակի քրեական հետապնդումը։ Մեզ հայտնեցին, որ իրենք դեռեւս 2021 թվականին դիրքորոշում են հայտնել Գասպարյանի քրեական հետապնդման վերաբերյալ, եւ դա նույնն է մնացել։ «Ճանաչելով Արամ Գասպարյանի անձը, կամային բնավորությունը` վստահաբար կարող ենք փաստել, որ անհնար է նման մեթոդներով ազդել նրա վրա․․․․ Այս իրավիճակում Արամ Գասպարյանի հայտնվելը բոլոր սպաներիս եւս մեկ անգամ պետք է հուշի, որ անհրաժեշտ է լինել միասնական, պաշտպանել յուրաքանչյուրիս իրավունքներն ու համընդհանուր շահը…»,- հայտարարում են նրա գործընկերները։

Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին փոխանցեցին․ «Վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է կազմակերպիչներից մեկը, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով, 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք խափանման միջոցները»։ ՔԿ-ից նաեւ հայտնում են՝ գործով անցնում է միայն մեկ անձ։

Գասպարյանի մտերիմներից մեկը մեզ ասաց՝ Արամ Գասպարյանի դեմ որեւէ ապացույց՝ լինի դա տեսանյութ, լուսանկար, թե ցուցմունք, չկա, ուստի սա քաղաքական հետապնդում է, որը ձեռնարկվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։

Նկատենք, որ 4 տարվա նախաքննության ընթացքում գործում գեթ մեկ մեղադրյալ չի եղել, մինչդեռ օրեր առաջ, երբ Փաշինյանը հայտարարեց՝ «Մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որն ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում», իրավապահներն անմիջապես «սխալների ուղղում» ձեռնարկեցին։ Իսկ դրանից մի քանի օր առաջ էլ Փաշինյանն անբարոյականություն էր անվանում արդարադատության համակարգի գործողություններին իր միջամտության վերաբերյալ կասկածները:

«Հրապարակ». Չիկոն ակնառու ապացույց է, թե ինչպես է Փաշինյանը միջամտում արդարադատությանը