Կառավարության փետրվարի 27-ի նիստից հետո մի շարք լրատվամիջոցներ տարածեցին, որ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, թե Հայաստանում կլինի ընդհուպ օդանավերի ու տիեզերանավերի արտադրություն:
Լուրը զարմանալի էր, զավեշտալի: Երկու օր անց իշխանական civilnet-ը հատուկ հրապարակմամբ հանդես եկավ, որում հերքում էր 5 ԶԼՄ-ներով տարածված նյութերը՝ շեշտելով, որ լրատվամիջոցները սխալ տեղեկություն են տարածել` նախարարը նման բան չի ասել:
Ինչպե՞ս կարող էին 4-5 հեղինակավոր ԶԼՄ-ներ, մի շարք այլ կայքեր՝ բոլորը միաժամանակ սխալ հասկանալ նախարարին: Բացում ենք նախարար Մխիթար Հայրապետյանի ելույթը եւ շատ ավելի զարմանալի ու սենսացիոն բացահայտում անում: Ներկայացնելով կառավարության աջակցության ծրագրերը ԲՏԱ ոլորտին, հունվարի 1-ից գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները, նախարարն ասում է. «Եթե նախկին տարիներին կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը … ծրագրային ապահովում, համակարգչային ծրագրերի մշակում, տվյալների հետ աշխատանք, ապա այս օրենքի հիմքում դրված է միջազգային փորձը, եւ ստանդարտները հաշվի առնելով` փորձել ենք առաջին անգամ նաեւ ձեւակերպել, սահմանել, թե բարձր տեխնոլոգիաները որոնք են, եւ այս ծրագրի հիմքում դրել ենք ոչ միայն ՏՏ ոլորտը, այլեւ իսկապես բարձրտեխնոլոգիական արտադրության ոլորտը՝ որպես հիմնական նախապայման՝ գիտահեն տնտեսություն ունենալու մեր նպատակին»:
Այլ կերպ ասած՝ այսօր, ԲՏԱ նախարարության ստեղծումից մոտ 6 տարի անց, մենք նոր ենք ձեւակերպում ու սահմանում, թե որն է բարձրտեխնոլոգիական արդյունաբերությունը։ Հարց է առաջանում՝ բա ինչի՞ նախարարն էիք Դուք այս ամբողջ ընթացքում, եթե մենք նոր ենք սահմանում ԲՏ ոլորտը:
Այնուհետեւ նախարարը թվարկում է այն արտադրությունները` ըստ դասիչների, որոնք ԲՏ ոլորտի մասն են, ու որոնց վրա տարածվելու են կառավարության սահմանած արտոնությունները: Հայրապետյանն ասում է, որ հունվարի 1-ից կառավարության ծրագրերի շահառուներ են լինելու հետեւյալ արտադրությունները՝ էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն, հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն, համակարգիչների եւ ծայրամասային սարքվածքների արտադրություն, կապի սարքավորանքի, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ սարքավորանքի, ճառագայթային էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն, օպտիկական գործիքների, մագնիսական եւ օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն, շարժիչների, տուրբինների, հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն, օդանավերի, տիեզերանավերի, այլ թռչող սարքերի արտադրություն, դրանց համար մասերի ու լրամասերի եւ այլն:
Զարմանալի չէ, որ, լսելով այս ճոխ թվարկումը, Մխիթար Հայրապետյանի ունկնդիրները որոշել են, որ մենք ունենք այս ամենը, ներառյալ օդանավերի, տիեզերական նավերի, տարատեսակ թռչող օբյեկտների արտադրություն, եւ Հայաստանում կլինի նաեւ օդանավերի եւ տիեզերանավերի արտադրություն: Հակառակ դեպքում, ինչո՞ւ ենք արտոնություն տալիս այս լավ-լավ բաների արտադրությանը, եթե դրանց մեծ մասից չունենք ու ապագայում չենք էլ ունենալու: Այնպես որ, լրատվամիջոցները սխալ չեն, մեծ հաշվով, իսկ կառավարության անդամները խոսելիս պետք է յուրաքանչյուր բառը կշռեն, նոր արտաբերեն:
Կենսաֆիզիկոս, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սասուն Գեւորգյանն այս առնչությամբ ասում է. «Նոր տեխնոլոգիաներ ունենալու 3 ուղի կա՝ կա՛մ ստեղծում ես, կա՛մ` գնում, կա՛մ էլ` գողանում։ Այս մեթոդները կապված են անհրաժեշտ պայմանով՝ պետք է հասկանաս, թե ինչ ես ուզում։ Այս անհասկանալի հումանիտար կրթությամբ տղային նշանակելով ԲՏԱ նախարար՝ ի սկզբանե երկիրդ դատապարտում ես տեխնոլոգիական կոլապսի։ Նա չի կարող հասկանալ, թե երկրին ինչ է պետք՝ ո՛չ համապատասխան գիտելիք ունի, ո՛չ էլ աշխատանքային փորձ։ Իհարկե, եթե չհաշվենք նրա ձեռքով փակված սփյուռքի նախարարությունը եւ ԱԺ գիտության ու մնացած հարցերի հանձնաժողովը ղեկավարելը։
Նա համառորեն խոսում է գիտության բարեփոխման մասին, այնինչ բացարձակ անտեղյակ է գիտության կազմակերպման ստրուկտուրայից եւ ԱԺ ամբիոնից ասում է՝ «ֆիզիկայի ինստիտուտի թղթակից անդամ»։ Այնպես որ զարմանալի չէ, որ կառավարության նիստին երկու կիսատ-պռատ հումանիտար կրթությամբ «ղեկավար» այնպես են խոսում բարձր տեխնոլոգիաների մասին, որ նրանց «զրիցն» ընկալում են որպես տիեզերանավեր սարքելու հայտարարություն։ Դիլետանտիզմի առաջնային ցուցիչներից է, երբ պատահաբար ղեկավար պոստերի հայտնված կիսագրագետ մարդիկ սկսում են ինչ-որ քայլեր անել՝ առանց բացատրելու նպատակը, առանց հստակ ձեւակերպելու թիրախում եղած պրոբլեմը»։
Սրա վառ օրինակը Սասուն Գեւորգյանը համարում է «ակադեմիական քաղաք զառանցանքը»։ ««Հեղինակները», որոնք կրթության մասին մակերեսային գիտելիքներ ունեն, այդպես էլ չբացատրեցին, թե ում եւ ինչին է պետք այդ անհեթեթ նախագիծը։ Լրատվամիջոցներն էլ միանգամից գոռացին՝ «աման, հասեք, ինստիտուտների շենքերը ծախում են», ու գնաց կորավ այս աղմուկի մեջ գիտության ու կրթության իրական պրոբլեմների քննարկումը»։
Լավ, իսկ Ձեր կարծիքով, ինչո՞վ պետք է զբաղվի ԲՏԱ նախարարությունը։ «Ասեմ` օրինակ, շերտաքարերից մեթան ստանալու տեխնոլոգիաները ներդնելով։ Հայաստանում դեռ կա քիմիկոսների պրոֆեսիոնալ մեծ խումբ, ում հասանելի է նման տեխնոլոգիա, սկզբում նշածս մեթոդներից որեւէ մեկով ձեռք բերել, ես գողությանն էլ դեմ չեմ։ Իսկ որ ածխաջրածիններով հարուստ շերտաքարեր Հայաստանում կան, դա հայտնի փաստ է։ Գիտեմ, որ երկրորդ համաշխարհայինի ժամանակ Լենինականում ձմեռը վառարանների մեջ Ջաջուռից բերված շերտաքարեր էին այրում՝ անունը ածուխ դնելով»։
Բաց մի թողեք
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար ամենաբարձր միավորները ստացել է Արգիշտի Քյարամյանի սանիկը․ Լուսանկար
754 հազար 839 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել 69.000-ը
«Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով