«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:
– Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ընդդիմության ներսում ծավալված վեճին, թե «ով է բերել Նիկոլին», եւ հայտարարեց, թե ժողովուրդն է իրեն իշխանության բերել, ժողովուրդն էլ կարող է հեռացնել: Բայց նրա էջի մեկնաբանություններից պարզ երեւում է, որ ժողովուրդն ուզում է նրան հեռացնել: Վերջին ՏԻՄ ընտրությունները նույնպես փաստեցին, որ հասարակությունը ՔՊ-ին ձայն չի տալիս: Փաշինյանը ո՞ր ժողովրդի մասին է խոսում:
– Նա ապավինում է իր հավատարիմների թվին, սակայն այդ թիվն օր-օրի նվազում, փոքրանում է, դա տեսնում ենք բոլորս: Նիկոլի հույսը ՏԻՄ ընտրություններն են: Այս պահին փորձում են երկրորդ քաղաքն իրենց ձեռքը վերցնել, նորից զոռբայությունների են փորձում դիմել, ինչպես Փարաքարում, Վանաձորում: Կապանում դեռ խնդիր ունեն, եւ այսպես շարունակ: ՏԻՄ ընտրությունների միջոցով Փաշինյանը փորձում է իր համար լեգիտիմություն ապահովել, բայց փաստացի մենք կիրակի օրը տեսանք, որ Գյումրին շատ վատ ընդունեց նրան, կարելի է ասել` չընդունեց: Սա ցուցիչ է, որ ժողովուրդն այլեւս իր հետ չէ: 2018 թվականի ժողովուրդը 2021-ին նվազեց էականորեն, հիմա էլ առհասարակ համեմատելու բան չկա: Ժողովուրդ չկա այս իշխանության կողքին: Նա իր հույսը դնում է փոքր թվի վրա, բայց այդ փոքր զանգվածն այլեւս ոչինչ չի կարող անել: Այժմ այլ հարց է առաջանում` Փաշինյանի դեմ պայքարող զանգվածը կհամախմբվի՞, թե՞ ամեն մեկն առանձին-առանձին իր էշն առաջ կքշի: Նիկոլը հենց դրանից է օգտվում, ի տարբերություն իր գոյությունը չցանկացող զանգվածի, իշխանության ներսում աշխատում են իրար շահերով կապակցված: Ստացվում է, որ իշխանական թիմն այսօր ավելի հավաք է, քան իշխանության դեմ պայքարողները:
– Խոսքն ընդդիմությա՞ն մասին է:
– Այո, թե՛ ընդդիմության, թե՛ ընդդիմության շարքերից դուրս այն մարդկանց, ովքեր տանել չեն կարողանում Նիկոլ Փաշինյանին, սակայն չեն էլ համախմբվում: Սա մեծ խնդիր է: Մարդիկ ուղղակի չեն ընդունում Նիկոլին, սակայն ոչ մի այլ թիմում չեն կարողանում համախմբվել, որպեսզի ուժ դառնան եւ հարցը լուծեն` այնպես, ինչպես 2018 թվականին արվեց, թեեւ արդեն ակնհայտ է, որ 2018-ին մի շարք գործոններով պայմանավորված տեղի ունեցավ իշխանափոխություն:
– Փաշինյանին կհաջողվի՞ Գյումրիում իշխանություն վերցնել: ՏԻՄ ընտրություններում բազմիցս ՔՊ-ն ձախողվել է:
– Նա ամեն ինչ անելու է իշխանություն վերցնելու համար. պաշտոնական դիրքի չարաշահում, քրեական գործեր, մարդկանց վախեցնելու փորձեր եւ այլն, սակայն Գյումրին այն քաղաքը չէ, որտեղ մարդիկ վախի ազդեցության տակ ընտրության գնան, շուտով այնպիսի ապտակ կտան, որ նոր իրենց տեղը կհասկանան: Թեպետ փրայմերիզ կոչվածի ժամանակ արդեն նա իր բաժին ապտակը ստացավ: Դեռ այդ ժամանակ գյումրեցիները ցույց տվեցին իրենց վերաբերմունքն այս իշխանության հանդեպ: Այդքանից հետո եթե Նիկոլ Փաշինյանն ամոթ ունենար, թեկնածու չէր առաջադրի: Խայտառակություն է սպասվում ՔՊ-ին: Ռեալ ձայներ ունեցող ուժերը հաստատ ՔՊ-ին չեն միանալու, իսկ այն ուժերը, որ պատրաստ են ՔՊ-ին միանալ, գրեթե ձայն չունեն: Իրենց տված թուլափայը ոչինչ չի փոխելու:
– Նիկոլ Փաշինյանը երբ խոսում է ժողովրդի պահանջներից, արդյո՞ք 2023-ի սեպտեմբերին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ այդ նույն ժողովուրդը չմերժեց ՔՊ-ին: Քաղաքի 50 տոկոսից ավելին չէր մասնակցել ընտրություններին, ընդամենը երեւանցիների 9 տոկոսի ձայները ստացավ: Դա մերժում չէ՞ր:
– Չմասնակցելը եւս քաղաքական դիրքորոշում է: Ամեն դեպքում, ֆարսի միջոցով Նիկոլը կարողացավ իր կոմպրոմատներն օգտագործել սրա-նրա վրա եւ իշխանություն ստացավ` Ավինյանին կարգելով քաղաքի թագավոր: Վատ է, երբ ժողովուրդն ընտրություններին չի մասնակցում, եթե մասնակցեին եւ քվեն տային այլ մեկին, շատ ավելի ճիշտ կլիներ:
– 2018 թվականին Փաշինյանը խոստանում էր նախկինների թալանը «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձնել բյուջե: Կիրակի օրը կրկին խոստացավ «Բրաբուս առ Բրաբուս» վերադարձնել: Փաստորեն, նա դեռ կարծում է, որ Գյուլնազ տատի հեքիաթներին հավատացողներ կան, այն դեպքում, երբ ողջ Հայաստանը խոսում է Նիկոլ Փաշինյանի թիմի, կնոջը պատկանող «Իմ քայլը» հիմնադրամի թալանից:
– Այս հայտարարություններով առաջ կարողացել է մարդկանց ուղեղները լվանալ, այսօր փորձ է անում նոր դոզայով խաբել մարդկանց, բայց սթափ մարդիկ ռեալ հասկանում են, որ Նիկոլն այս 7 տարիների ընթացքում միայն իր խոստացած քյաբաբներն է հետ բերել` նրանց ափսեից իր ափսե, մնալով հենց քյաբաբի մակարդակի վրա: Ասեմ, որ նախքան 2020 թվականի պատերազմն էլ Փաշինյանը նման թեզերով էր հանդես գալիս, եւ ես անգամ մի քանի անգամ Ազգային ժողովում ելույթ ունեցա՝ նշելով, որ իշխանությունն ընդդիմություն է խաղում: Այդ մարդն իշխանության գալուց հետո էլ իր կեցվածքով շարունակում է ընդդիմություն խաղալ: Այդպես հեշտ է, այդպես պատասխանատվությունն իր վրայից գցում է այլոց վրա: Մենք սովոր ենք լսել ընդդիմադիր բարձրագոչ խոսքեր` իշխանությունից, արդյունքում ստացվում է, որ իշխանությունից պահանջ չկա:
– Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրար են մեղադրում` «Նիկոլին իշխանության բերելու» համար: Ի վերջո` ո՞վ է Փաշինյանին բերել իշխանության. նախկին նախագահնե՞րը, դրսի ուժե՞րը, թե՞ հասարակությունը:
– Եթե ինձ այս հարցը տայիք 2018-2019 թվականներին, ես ինձ կհամարեի ամենակարող եւ կասեի, թե մենք ենք նրան բերել իշխանության, բայց հետագայում, երբ ակնհայտ դարձավ, թե ինչպես է ամեն բան տեղի ունեցել, մենք հասկացանք, որ թեպետ մենք էլ մեր դերն ունեցել ենք, սակայն մենք չէինք նրան իշխանության բերողը: Պայքարում էինք, արձանագրեցինք փոքրիկ հաջողություններ, բայց հանձնվեց Արցախը, եւ պարզ դարձավ, որ գլոբալ համաձայնություն է տեղի ունեցել: Այդ ամենը եղել է բոլոր կողմերի համաձայնությամբ, չգիտեմ՝ Քոչարյանը մաս կազմո՞ւմ է այդ ամենին, թե՞ ոչ, սակայն վստահ եմ, որ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս ազդեցություն ունի բոլորի վրա…. ես ամեն անգամ ցավով երանի եմ տալիս Սերժի ժամանակները, մեր կռիվն այն ժամանակ հոսանքի մի քանի դրամ թանկացման, տրանսպորտի 50 դրամի համար էր, մանր սոցիալական հարցեր էին, հիմա երանությամբ ենք հիշում այդ ամենը: Բայցեւայնպես, նախկին բոլոր իշխանությունները, իրար վրա մեղքեր բարդելու փոխարեն, թող ամեն մեկն իր բաժին մեղքն ընդունի, քանզի Նիկոլի՝ իշխանության գալու համար բոլորն են մեղավոր, եթե մեղավոր չլինեին, Նիկոլը չպետք է գար, չպետք է հանձներ իրենց ազատագրած Արցախը: Եթե այդ ամենը թույլ տվեցին, ուրեմն բոլորն էլ մի կաթսայում են եփվել, արդյունքում հայ ժողովրդին միայն այսքան կորուստ ու ցավ մնաց:
Բաց մի թողեք
Ընտրությունը փակ է լինելու, սակայն կան շատ լավ թեկնածուներ․ Բաբայան
Ռուբեն Վարդանյանին նույնացնում եմ Լևոն Հայրապետյանի հետ․.. մեր առաջին թշնшմին մեր անտարբերությունն է. Լուսանկարներ
Համախմբվածությունը ոչ թե իշխանությանը հեռացնելու հարցում պետք է լինի, այլ, թե ինչ ենք ուզում. Մանուկյան