12/03/2025

Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Օրեր են, կմթնեն ու անց կկենան» անունը

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը խիստ հանձնարարականներ են տվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին, որ Պարեկային ծառայությունը պետք է չհանդուրժի նաև այն անձանց, ովքեր կերթևեկեն թիկնապահներով, շքախմբով ու նշված անձինք, առանց մեկ վայրկյան հապաղելու, պետք է հայտնաբերվեն ու տեղափոխվեն ոստիկանություն։

Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները և նույն վարչության հատուկ ջոկատայինները Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Օրեր են, կմթնեն ու անց կկենան» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցում մի քանի ավտոմեքենաներ ուղեկցում են միմյանց և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նրանց մոտ լինի զենք-զինամթերք։

Հատուկ ջոկատայինները Թումանյան փողոցում հայտնաբերում են նշված շարասյունը և 4 անձի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված անձին Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն են։