Նախօրեին հայտնի է դարձել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով հատուկ բանագնացն այցելել է Իրան և Իրանի Գերագույն ղեկավարությանը փոխանցել Դոնալդ Թրամփի նամակը, որի մասին ԱՄՆ նախագահը հայտարարել էր երկու օր առաջ:
Նամակի մանրամասներ ԱՄՆ նախագահը չէր ներկայացրել՝ կրկնելով իր այն միտքը, որ Իրանի հարցում կա երկու տարբերակ՝ կամ պայմանավորվածություն և գործարք միջուկային ծրագրի վերաբերյալ, կամ ուժային տարբերակ:
Իհարկե, չնայած հռետորաբանությանը, այդուհանդերձ, շատ դժվար է պատկերացնել, որ Դոնալդ Թրամփն առողջ դատողության պայմաններում Իրանի հարցում դիմի ուժային գործողության կամ արտոնի Իսրայելի որևէ ուժային գործողություն:
Թրամփը, իհարկե, Սպիտակ տուն վերադառնալուց հետո կայացրեց Իսրայելին գրեթե 1 տոննա հարվածային ծանրությամբ խորը հասանելիության ռումբեր տրամադրելու որոշում, բայց դրանց տրամադրումը թերևս ունի Իսրայելի համար ավելի շուտ պաշտպանողական-անվտանգային, քան հարձակողական նշանակություն:
Համենայն դեպս, նախորդ տարի Իսրայելին հասցված հարվածներով Իրանը ցույց տվեց, որ ունի բավարար ներուժ իսրայելական ՀՕՊ համակարգերը հաղթահարելու համար՝ զանգվածային հրթիռային հարվածների դեպքում:
Հետևաբար, Իրանի դեմ որևէ հարձակողական գործողություն կարող է պարզապես բերել Մերձավոր Արևելքում ինքնաոչնչացման մեխանիզմի գործարկման, որը Միացյալ Նահանգների համար էլ կարող է դառնալ շատ ավելի բարդ ու ճահճային իրավիճակ, քան Ուկրաինայի պատերազմը, որը Թրամփը փորձում է կանգնեցնել:
Իհարկե, Թրամփը դա փորձում է ամենևին ոչ խաղաղասիրական նպատակներով, այլ ընդամենը ելնելով հենց իր նախագահական-քաղաքական խնդիրներից և ԱՄՆ առաջնահերթությունների իր պատկերացումներից: Բայց, դրանց շարքում է եւ այն մոտիվը, որ Թրամփն իր նախագահական իշխանությունն ամրապնդելու համար ունի արտաքին խաղաղության կարիք, համենայն դեպս տեսանելի ապագայի համար:
Եվ ավելին, պատերազմները կարող են լինել Թրամփի դեմ, իսկ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ որևէ պատերազմ՝ առավել ևս:
Իհարկե, Թրամփը կարիք ունի «խաղալ» հրեական լոբբիի հետ, որը մեծ դեր ունի ԱՄՆ-ում և այդ թվում, իհարկե, այսպես ասած իշխանության ձեւավորման գործընթացում: Բայց խաղալ ամբողջապես այդ լոբբիի կանոններով և պահանջներով, Թրամփի համար կլինի կործանարար և գործարարը թերևս շատ լավ կարողանում է հաշվել դա: Իրանին ուղղված նամակը թերևս այդ հաշվարկի արդյունքն է: Դա չի նշանակում, որ նամակը դառնալու է Իրանի հետ նրա երկխոսության կամ բանակցային գործընթացի մեկնարկ:
Այն չի փոխի ամերիկա-իրանյան հարաբերության և հռետորաբանության մեխանիկան: Բայց, ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահի նամակը Իրանին ուղղված համակեցության առաջարկ է, այսպես ասած համակեցության ոչ ուղիղ մեխանիզմների, սակայն ընդհանուր ուղենշող սկզբունքների տրամաբանությամբ:
Այդ պարագայում, հեռանկարը կարող է հնարավորություններ պարունակել նաև Հայաստանի համար՝ որպես իրան-ամերիկյան համակեցության գուցե համեստ, սակայն այսպես ասած անմիջական «ոչ ուղիղ» մեխանիզմներից մեկը:
Բաց մի թողեք
Էրդողանը խրվելու է սիրիական ճահճում, Պուտինը հրում է, թե փրկության օղակ նետում
Բրիտանիան ունի խնդիր ցույց տալ, որ առանց իր մասնակցության հնարավոր չէ որևէ սկզբունքային պայմանավորվածություն
Ինչ սպասել ԱՄՆ – Չինաստան հարաբերություն – հակամարտությունում մեզ համար