GALLUP International Association-ը ներկայացրել է քաղաքական զարգացումների, սահմանադրական փոփոխությունների, տնտեսության զարգացման վեկտորների, կուսակցությունների վարկանիշների եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ «А вы, друзья, как ни садитесь…» խորագրով նոր հարցման արդյունքները, որն իրականացվել է փետրվարի 27-ից մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում:
Հրապարակ թերթը գրել է․ Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գեւորգ Պողոսյանը, ընդհանուր առմամբ, լուրջ եւ էական փոփոխություններ չի տեսնում հանրային տրամադրություններում, բայց ընդգծում է․ «Շատ լավ է, որ ժամանակ առ ժամանակ «Գելափ»-ը հարցումներ է իրականացնում, որովհետեւ, բոլոր դեպքերում, դա ինֆորմացիա է, որը հանրությանն անհրաժեշտ է։ Սա հայելի է, ու մեր հանրությունն ինքն իրեն պետք է տեսնի այդտեղ։ Իհարկե, մենք ունենք մեր կարծիքը՝ մեր շրջապատում ընկերների հետ խոսելիս, որոնց հետ կարծիքներ ենք փոխանակում, բայց երբ տեսնում ես 1.100 հարցվածների վիճակագրություն, սա մի քիչ այլ է, ինչն օգտակար է։ Նույնիսկ եթե առանձնապես բան չի փոխվում այդ հարցումների պատկերում, դա էլ է ինֆորմացիա, որ շատ լուրջ փոփոխություններ չեն եղել»։
Սահմանադրությանը վերաբերող հարցման պատկերը որքանո՞վ է արտացոլում հանրային տրամադրությունները, հատկապես որ, ի տարբերություն 2024-ի հուլիսի (11.7%), 2025-ի փետրվարին հարցվածների 18.4%-ը կարծում է, որ «Պետք է որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող սահմանադրության մեջ», ավելին՝ ի տարբերություն նույն ժամանակահատվածի, այս տարվա փետրվարին մոտավորապես 4%-ով ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ «ՀՀ-ին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն», ինչո՞վ է սա պայմանավորված։
«Այստեղ ինչ-որ աճ տեսնում ենք, ինչը բացատրվում է նրանով, որ ամբողջ իշխանական քարոզչամեքենան աշխատում է այդ ուղղությամբ, որ նոր սահմանադրությունն անհրաժեշտ է։ Այսինքն, այս պատկերն ուղղակի ակտիվ քարոզչության արդյունք է, իհարկե, տոկոսային պատկերը կարող էր նաեւ ավելին լինել, բայց, ըստ էության, թույլ է նրանց քարոզչությունը, թե չէ 18.4%-ը կարող էր 25% դառնալ, կամ գուցե կդարձնեն։ Այստեղ իշխանության եւ հասարակության միջեւ հարաբերություններում շատ մեծ նշանակություն ունի այն, թե պետական լրատվամիջոցներն ինչ ուղղությամբ են ինֆորմացիան տանում․ եթե ասում են՝ դա անհրաժեշտություն է, այնուամենայնիվ, դա մարդկանց վրա ազդում է։ Նույն ձեւով Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, որն առաջ շատ բարձր էր ու հիմա շատ ցածր է, դա էլ է ավելի շատ քարոզչության արդյունք, քան իրական վերաբերմունքը, որովհետեւ մենք համարյա Հայաստանի չափ բնակչություն՝ 2.5 մլն հայություն էլ Ռուսաստանում ունենք, որտեղ մեր բարեկամներն են, ընկերներն են, ու որոնց հանդեպ մենք, ըստ էության, չենք կարող շատ վատ տրամադրված լինել, բայց քանի որ դա քարոզչություն է, դրա հետեւանքները բոլոր դեպքերում զգացվում են, թե ինչպես է աշխատում պետական քարոզչամեքենան»,- ասում է սոցիոլոգն ու նկատում, որ, մեծ հաշվով, լուրջ չէ սահմանադրության վերաբերյալ բնակչության կարծիքը հարցնելը, քանի որ մարդկանց մեծ մասը չի կարդացել ու նույնիսկ սահմանադրության դրույթները չգիտի, ինչը նորմալ է, քանի որ հարցման դեպքում բոլոր երկրներում էլ նույն պատկերն է գրանցվելու։
Անդրադառնալով «Ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոնի հետ եք տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները» հարցին, Գ․ Պողոսյանը նկատում է, որ մեր բնակչությանը նման կարգի հարցեր տալը մի քիչ միամիտ է, որովհետեւ հայությունը բնակվում է 120 երկրում, եւ խոշոր սփյուռք ունենք թե՛ ՌԴ-ում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում։ «Ու երբ մեր ժողովրդին հարցնում ես հարաբերությունների, հեռանկարների մասին, ապա ժողովուրդը բոլորի հետ էլ կուզենա, եւ, մեծ հաշվով, սա ժողովրդի որոշելու խնդիրը չէ, ուրիշ խնդիր է, որ պետությունն իր ժողովրդի նպատակներից, շահերից ելնելով պետք է որոշի, թե իրեն որն է ավելի ձեռնտու առաջիկա 10 տարվա համար։ Սա լուրջ քաղաքական գործիչների խնդիր է»,- արձանագրում է զրուցակիցս։
«Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կայո՞ւն է» հարցին հարցվածների 56.3%-ը պատասխանում է, որ «ընդհանրապես կայուն չէ», 16.7%-ն էլ մտածում է, որ «ավելի շուտ՝ կայուն չէ»։ «Սա արդեն լուրջ սիգնալ է, մտահոգող ցուցանիշ, որը ցույց է տալիս, որ բնակչության մեջ մտահոգությունը ոչ թե կա, այլ կայուն աճում է․․․, հենց սրա արդյունքն է այն, որ բնակչության ընդամենը 11.8 տոկոսն է պատրաստվում ՔՊ-ին ձայն տալ։ Ի դեպ, աճ չկա նաեւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մեջ՝ 9 տոկոս, որը երբ համադրում ենք երկրի վիճակի, ապագայի հետ, երեւում է, թե ինչու չկա, որովհետեւ չի երեւում ոչ մի հույս, պատուհան, որ այլեւս պատերազմ չի լինի, իսկ բնակչությանը հուզող հարցերը հիմնականում անվտանգային են, եւ կյանքի կենսամակարդակը։ Եթե այդ հարցերի պատասխաններն իշխանությունը չի տալիս, մենք ի՞նչ կարող ենք սպասել մեր ժողովրդից, որ ինքն ի՞նչ կարող է անել»,- ասում է Պողոսյանն ու անդրադառնում կուսակցությունների վարկանիշային ցուցակին, որտեղ ՔՊ-ի վարկանիշը 11.8% է՝ + 0,5% աճով, ինչը, ըստ սոցիոլոգի, շատ չնչին բան է, հատկապես որ հարցման ճշգրտությունը (այլընտրանքային սխալը) +- 3 տոկոս է։
«Դրա համար դրանք էական նշանակություն չունեն, եւ այդ 0.5 տոկոսը որպես աճ չի կարելի ընկալել, ի դեպ, եթե նվազեր էլ, որպես նվազում չէր կարելի ընկալել։ Բայցեւայնպես, ՔՊ-ի այդ 11.8%-ից բարձր ոչ մի կուսակցություն չկա, սա էլ է իրողություն, որովհետեւ, սովորաբար, երբ մարդկանց կուսակցությունների մասին հարցնում են, եթե դա ԱՄՆ-ն չէ, որտեղ 2 կուսակցություն է միայն, կամ այն երկրները, որտեղ տարիներով կայացած 2-3 կուսակցություններ են, այնտեղ ժողովրդի կողմնորոշումն ավելի պարզ է ու հասկանալի։ Մեզանում քաղաքական դաշտը, երբ ընդհանրապես կայունացած չէ, իսկ հիմա էլ քարուքանդ է եղել, երբ այսպիսի հարցադրում ենք անում, բնականաբար, 0.2-0.5 տոկոսից ավել չենք էլ ստանա, շատերն անուններով էլ չգիտեն այս կուսակցություններին։ Ու ժամանակին, երբ մենք հարցումներ անում էինք, նկատեցինք, որ կուսակցությունների անունը երբ տալիս էինք, մարդիկ չէին հասկանում, դրա համար ստիպված տալիս էինք առաջին դեմքերի անունները եւ ասում էինք՝ այսինչի կուսակցությունը, այդ դեպքում գոնե կողմնորոշվում էին, քանի որ մեր բնակչությունն անձնակենտրոն է։
Այդուհանդերձ, ՔՊ-ի այդ 11.8%-ը պատմական մինիմում է, եւ այսպիսի տոկոսով չեն գնում ընտրությունների, իրենց ամբողջ հույսը մնալու է ադմինիստրատիվ ռեսուրսը, որ տեղերում մարդկանց համոզելով, կաշառելով, վախեցնելով՝ այդ 11.8%-ը գոնե 20 տոկոսով աճի։ Սա է իրենց ամբողջ հույսը, եւ սա մեր քաղաքական վակուումի մասին է վկայում։ Իսկ ժողովուրդը հիասթափված է կուսակցություններից եւ ռեալ քաղաքական ուժի է սպասում, որին կարելի է հավատալ»,- եզրափակում է սոցիոլոգը։
Բաց մի թողեք
Կորպուսի հրամանատարը ցուցմունք է տվել գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ
Փաշինյանին անհանգստացնում է գերիների վերադարձի թեմայի տարածումը. նա շեղելու օրակարգեր է մշակում
Փաշինյանի իրավական շոուները դեռ կշարունակվեն. ովքեր են հաջորդ պատգամավորները