14/03/2025

Թուրքիան եվրոպական ուղղությամբ իր դերի իրացումն ուղղակիորեն շաղկապելու է Հայաստանի հետ

Եվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտնել է, որ Թուրքիա է այցելել և տեղի պաշտոնյաների հետ լավ քննարկում ունեցել Կովկասի հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Վրաստանի, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերության:

Իհարկե, թարմ է դեռևս Մագդալենա Գրոնոյի նախորդի՝ Տոյվո Կլաարի հայտարարությունը, Անթալիայի դիվանագիտական ֆորումում, որ Բրյուսելը Կովկասի ռեգիոնում Թուրքիան դիտարկում է դաշնակից:

Այդուհանդերձ, ներկայումս տեղի են ունենում զարգացումներ, որոնք այս խնդրին տալիս են, իհարկե, նոր շերտեր ու երանգավորում: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ եվրոպական անվտանգության նոր համակարգի վերաբերյալ ակտիվացած խոսակցությունների և քննարկումների ֆոնին Թուրքիան առաջարկում է իրեն՝ հայտարարելով, որ հնարավոր չէ եվրոպական անվտանգության համակարգ առանց Թուրքիայի մասնակցության:

Ըստ էության՝ Թուրքիան Եվրոպայի հետ իր հարաբերությունում առաջարկում է նոր օրակարգ՝ հաշվի առնելով առաջին հերթին, թերևս, այն, որ նոր օրակարգ է հայտնվել նաև ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում:

Այդ համատեքստում արդիական է դառնում Թուրքիա-Եվրոպա փոխհարաբերությունների հնարավոր նոր շեշտադրումներում և օրակարգում Կովկասի նշանակության վերափոխումը, դրա հնարավոր հեռանկարները և շեշտադրումները: Կասկած չկա, որ Անկարան փորձելու է բարձրացնել Կովկասի նշանակությունը եվրոպական անվտանգության համակարգի ապագա համայնապատկերում՝ դրանով նաև, իհարկե, ձգտելով բարձրացնել հենց իր դերը:

Սա էլ կարող է նշանակել, որ եվրոպական կողմում այդ հարաբերակցության բավարար ընկալում չգտնելու պարագայում, Անկարան կդիրքավորվի որպես կովկասյան ուղղությամբ Եվրոպայի ճանապարհի արգելափակոց: Դա հաղթահարելը, մի շարք հանգամանքներից ելնելով, Եվրոպայի համար կլինի բավականին բարդ խնդիր:

Հետևաբար, Կովկասի հարցերի թուրք-եվրոպական քննարկումների պարագայում առաջանում է բովանդակային տրանսֆորմացիայի հարցը, այդ թվում, բնականաբար, Հայաստանի և Ադրբեջանի գործընթացի առնչությամբ:

Առավել ևս հաշվի առնելով այն, որ Անկարան եվրոպական ուղղությամբ իր դերի իրացումն, անշուշտ, ուղղակիորեն շաղկապելու է արևելյան ուղղությամբ Թյուրքական աշխարհի իր ռազմավարության հետ: