14/03/2025

Իրանում զորավարժությունն ինչ է հասկացնում Ադրբեջանին

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների միջև: Ուշադրության է արժանի դրա վերաբերյալ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ Իրանով անցնող՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի մասին արվող հիշատակումը:

Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ Իրանով անցնող «տրանսպորտային միջանցքը» նոր հնարավորություն է ստեղծում ռեգիոնի համար:

Սա նշանակո՞ւմ է, որ Բաքուն այդպիսով անուղղակիորեն հավաստիացնում է Իրանին, որ չի լինի որևէ սադրանք Հայաստանի տարածքով «միջանցքային» հավակնության ուղղությամբ: Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը տեղի է ունենում մի քանի հետաքրքրական իրողության ֆոնին:

Նախ՝ Անկարայում տեղի ունեցավ Էրդողան-Ալիև հանդիպում, որի ընթացքում քննարկել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացը: Դրանից հետո Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը մեկնել էր Լոնդոն և հանդիպել է Բրիտանիայի պաշտպանության նախարարության պետական նախարարի հետ:

Թե ինչո՞ւ է Բաքուն տեսել այդպիսի հանդիպման անհրաժեշտություն, որում ջերմ ընդունելության համար հետո շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին, մնում է ենթադրել: Իսկ այդ առումով հնարավոր է դիտարկել տարբեր սցենարներ, հատկապես նկատի ունենալով ուկրաինական ուղղությամբ ռուս-ամերիկյան գործընթացն ու դրանից առավել ևս Լոնդոնի դժգոհությունը:

Արդյո՞ք այս զարգացումները Թեհրանում առաջացրել են մտահոգություն՝ Ադրբեջանի միջոցով իրավիճակը մեր ռեգիոնում ապակայունացնելու մտավախությամբ: Համենայն դեպս, վերը նշածս իրողությունների ֆոնին Իրանի արտգործնախարարի հեռախոսազրույցը Բայրամովի հետ՝ հատկանշական է:

Չի բացառվում, որ Իրանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» կարևորությունն ընդգծելով, Բաքուն փորձել է հավաստիացնել Թեհրանին, որ չունի սադրիչ գործողությունների նպատակ:

Ի դեպ, ուշադրության է արժանի այն, որ Աբաս Արաղչիի հեռախոսազրույցը Բայրամովի հետ կայանում է այն պահին, երբ իրանական Չաբահար նավահանգստի հարակից ջրերում տեղի է ունենում Իրան-Ռուսաստան-Չինաստան ռազմածովային զորավարժությունը: Այդ ֆոնին հեռախոսազրույցը Բաքվի հետ կարող էր լինել բավականին թափանցիկ ակնարկ այն հետևանքների մասին, որ կարող է լինել Կովկասում իրավիճակը ճոճելու պարագայում:

Իհարկե հարց է, թե ինչպիսի ազդեցություն կունենա դա Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով, որ «հակընդդեմ» կողմում էլ քիչ չեն Ադրբեջանի հանդեպ ազդեցության լծակները: