14/03/2025

Կորպուսի հրամանատարը ցուցմունք է տվել գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել ՊՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որի արդյունքում գեներալը շուրջ 1,5 ամիս կալանավորվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ում գործող պաշտոնյաներից մեկը, որ ցուցմունք է տվել Տիրան Խաչատրյանի դեմ, 2021 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Արտակ Բուդաղյանն է։

Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դատավարությունը։ 53-ամյա Խաչատրյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածում իրեն վստահված Ալփաշայի բարձունքի, Սուլթանլիի եւ Արաքսավանի բնագծերի պաշտպանությունը ձախողելու համար:

Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքը նա չի ընդունում: «Այն, ինչի հիման վրա եզրահանգումներ են արվել, զինվորական մասնագիտական որակումներից դուրս են: Չի կարելի ոչ մասնագիտական՝ ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ, եզրահանգումներ անել եւ նմանատիպ եզրահանգումները դատարան ներկայացնել որպես մեղադրանք», – դատարանում հայտարարել էր Տիրան Խաչատրյանը:

Գեներալ-լեյտենանտի պաշտպանը պնդում է, որ Հարավային խմբավորման հրամանատարությունը ստանձնած Խաչատրյանը 2020-ի հոկտեմբերի 11-ին՝ ադրբեջանական զորքերի հարվածից հետո, Ալփաշայում կապի հնարավորություն չի ունեցել հատուկ նշանակության զորքերի հետ, որպեսզի նրանց հրահանգեր զբաղեցնել բաց մնացած հատվածը: Իսկ այդ օրը զոհվել էին հրամանատարն ու հրամանատարի տեղակալը:

Խաչատրյանը զեկուցել է, որ կապի հնարավորություն չունի, նրան հաղորդել են, որ կապ չեն կարող ապահովել, ինչից հետո գեներալ-լեյտենանտը դարձյալ փորձել է կապի դուրս գալ հատուկ նշանակության բրիգադի հետ, բայց էլի ապարդյուն։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանը բանակային սխրագործությունների համար ազգային հերոսի կոչում տվեց եւ հիմա էլ դատապարտում է»: