Բաքվում բացվել է Գլոբան համաժողով, որ թվով արդեն տասներկուերորդն է: Միջոցառման բացմանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իր ելույթում նա առանձնահատուկ անդրադարձ է կատարել Եվրամիության երկրների ռազմական ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը, որ, նրա կարծիքով, օր ու գիշեր զբաղված է հետախուզական տվյալների հայթայթմամբ և ամեն տեղ ճեղք է որոնում, որպեսզի Ադրբեջանի մասին ավելի շատ տեղեկություններ ունենա:
Ալիևը խոսել է նաև եվրոպական երկրների կողմից Հայաստանին «մահաբեր զենքեր տրամադրելու» մասին և ընդգծել, որ դրանք ուղղված են Ադրբեջանի դեմ: Նա միաժամանակ ենթատեքստային հղում է արել, որ Ադրբեջանը 2005 թվականից է մեծացրել ռազմական ծախսերը և «կառուցել ուժեղ բանակ»:
Պետք է, երևի, այնպես հասկանալ, որ նա Եվրամիության երկրներին «հորդորում է» Ադրբեջանի հետ հարաբերություններում այդ հանգամանքը հաշվի առնել:
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին և կարևորել Աֆղանստանում կողմերի համագործակցությունը: Ալիևը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինքենին և նրան մեղադրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեջ:
Ավելի վաղ նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ քննարկումների արդյունքում կհաջողվի վերականգնել գործընկերային հարաբերությունները, որ ձևավորվել էին Թրամփի նախագահության առաջին շրջանում:
Իլհամ Ալիևի ելույթը ժամանակային առումով հակընկել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Վիտկոֆի Մոսկվա այցին, որին ընդառաջ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը լրագրողներին խորհուրդ է տվել «երկնակամարը չցնցել», քանի որ այն, ինչի մասին նրանք խոսում են՝ ռուս-ամերիկյան բանակցությունները դեռևս չեն սկսվել:
Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տպավորություն է փոխանցել, որ Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցում Վաշինգտոնը Եվրամիությունից դիստանցավորված է, քանի որ քաջ գիտակցում են, թե ռազմական տեսանկյունից դա ինչի կարող է հանգեցնել:
Զախարովան, իհարկե, վերապահում է արել, թե ԱՄՆ այդ դիրքորոշումն առայժմ միայն խոսքերով է դրսևորվում, ինչից հասկացվում է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում Մոսկվան պնդելու է, ու Ուկրաինայում ցանկացած ռազմական ներկայություն Ռուսաստանի անվտանգության սպառնալիք է:
Եթե համեմատենք Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդության մասին Ադրբեջանի նախագահի և Ուկրաինայում խաղաղապահ զորքերի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ասածը, ապա սկզբունքային առումով նրանց «անհանգստությունները» նույնական են:
Գրեթե համարժեք են նաև ԱՄՆ հանրապետական վարչակազմից և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփից Մոսկվայի և Բաքվի ակնկալիքները, երկուսն էլ ձգտում են Վաշինգտոնի և Բրյուսելի միջև հնարավոր համաձայնությունների խոչընդոտմանը և գերադասում գործ ունենալ պրագմատիկ առաջնորդ Թրամփի հետ:
Իհարկե, այդ համատեքստում Ռուսաստանի և Ադրբեջանի ռեսուրսներն անհամադրելի են, բայց կարևորն աշխարհաքաղաքական կողմնորոշումն է, այդ առթիվ դիվանագիտական խոսույթի գրեթե ունիսոնը: Դա վկայում է, որ չնայած Մոսկվա-Բաքու վերջին երկու ամսվա առերևույթ սառնությանը, սկզբունքային հարցերում Իլհամ Ալիևը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինի «ակումբում»: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը «լրտեսական գործառույթ» վերագրում է նաև Մոսկվան կամ առաջինը հենց Ռուսաստանի հատուկ ծառայություններն են այդ մասին հայտարարել:
Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում շարունակվող քննարկումների մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Բաքուն դեմ է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմի ներկայությանը:
Այս պահին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նկատմամբ Մոսկվայի և Բաքվի տեսակետները համընկնում են: Բայց Ալիևը կընդունի՞ ռուսական ներկայության առաջարկը: Թուրքիան, կարծես, նպատակադրված է Ադրբեջանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից:
Բաց մի թողեք
Քարոզչական «պինգ-պոնգ»՝ ՌԴ-ի «հաճախորդը» դառնալու համար․ ինչու են «իրար միս ուտում» Քոչարյանը և Սերժ Սարգսյանը
Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել. կոծկված գործի մասին. Փաստաթղթեր
Բաքուն թույլ չի տալիս Անկարային երկխոսություն սկսել Երևանի հետ. թուրք լրագրողը վերլուծություններ է արել