Մեկնարկում է Գյումրիի քաղաքապետի և Փարաքարի համայնքապետի ընտրության քարոզարշավը: Ինչպես հայտնի է, ընտրությունը կայանալու է մարտի 30-ին: Դրանց մասնակցում են Հայաստանի, իհարկե, ոչ բացարձակապես ամբողջ, սակայն, թերևս, քաղաքական ներկապնակի գերակշռող մասը:
Սա, իհարկե, ինքնին չի նշանակում, որ Գյումրիի ընտրության ստացվելիք պատկերը կարտացոլի համապետական ինչ-որ «մանրակերտ», քանի որ տեղական ընտրությունները բոլոր դեպքերում ունեն իրենց հենց տեղային առանձնահատկությունները:
Բայց Գյումրիի ընտրությունը, անշուշտ, թույլ կտա ստանալ քաղաքական հարաբերությունների, ուժերի հարաբերակցության, հանրային տրամադրությունների որոշակիորեն գործնական մի ցուցիչ:
Իսկ դա հատկապես կարևոր հանգամանք է այսօր՝ հաշվի առնելով այն զարգացումները, որ ծավալվում են պետական քաղաքականության արտաքին սեգմենտում: Խաղաղության պայմանագիրը, որի տեքստը համաձայնեցնելու մասին հայտարարել են Հայաստանն ու Ադրբեջանը, 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի այսպես ասած նախընտրական քարոզչության և ծրագրի համատեքստում էր:
Բայց դրանում չէր ասվում այն մասին, որ ի վերջո այդ պայմանագիրը համաձայնեցվելու է Արցախի կորստից հետո: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի, ինչպես նաև «Անջատում հանուն փրկության» մասին: Հետևաբար, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը տեղի է ունենում բացարձակապես այլ «համայնապատկերով»:
Ըստ այդմ՝ հնարավոր է արձանագրել, որ սա չի կարող համարվել այն խաղաղությունը, որ 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրությանը խոստանում էր Նիկոլ Փաշինյանը: Եթե, իհարկե, ընդհանրապես սա հնարավոր է համարել խաղաղություն, այլ ոչ թե դրա պատրանքի վերաբերյալ փաստաթուղթ, որի համաձայնեցումը կա, բայց չկա ստորագրման հեռանկար:
Դրա փոխարեն կան նոր պայմաններ, ստորագրման նախապայմաններ, որ առաջ է քաշում Բաքուն: Ընդ որում՝ դրանք պարզապես պայմաններ չեն: Դրանք նախապայմաններ են, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության իրավա-քաղաքական հիմքերին: Ավելին՝ այդ փաստաթղթից դուրս են մնում այսպես ասած խաղաղության ու պատերազմի հարցում հիմնարար նշանակություն ունեցող գործոններ:
Այդպիսով ակնառու է, որ գործընթացը Հայաստանում, ըստ էության, չունի հանրային մանդատ: Այն մանդատը, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2021-ին, չի եղել այն պատկերի մասին, որը առկա է այսօր՝ չորս տարի անց:
Փաստացի ստացվում է, որ ծավալվում է Հայաստանի Հանրապետության համար բախտորոշ մի պրոցես, որը չունի հանրային մանդատ: Այդ համատեքստում, Գյումրիի և Փարաքարի ընտրությունը ստանում է որոշակի «հատկանշականություն», կրկնեմ՝ ոչ համապետական մասշտաբով նույնականացման, սակայն համապետական մանդատի խնդրի հարցում պատկերի որոշակիացման իմաստով:
Բաց մի թողեք
Պետական քաղաքականության և անվտանգության համատեքստում առանցքային բացերից մեկն է
Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում թաղել Մինսկի խումբը
Ովքեր են ներկա եղել Հռոմի պապի թաղմանը, ով ում կողքն է նստել․ Լուսանկարներ