15/03/2025

Պատերազմն առաջնագծից տեղափոխվելու է երևանյան փողոցներ

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդները դուրս կգան հայ-ադրբեջանական սահմանից, միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կկանչվեն․ այս կետերում էլ Բաքուն հասավ իր ուզածին։

Հրապարակ թերթը գրել է․ Չնայած Հայաստանն Ադրբեջանին առաջարկում էր ԵՄ դիտորդներին հանել միայն սահմանազատված հատվածներից, իսկ սահմանի ամբողջական սահմանազատումից հետո` մյուս մասերից, լրագրողի հարցին ի պատասխան, վարչապետը նշեց, որ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո կողմերը համաձայնել են իրենց ընդհանուր սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայել։

Հարցին, թե ինչու Երեւանը փոխեց դիտորդների վերաբերյալ դիրքորոշումը, նա պատասխանեց. «Մենք, ըստ էության, մեր նախապես հայտարարված դիրքորոշումը չենք փոխել, փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում»։ Հիշեցնենք․ հայտարարվեց, որ «խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծն արդեն ավարտուն տեսքի է բերվել:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը մեզ հետ զրույցում նշում է. «Հերթական դավադրությունն է տեղի ունեցել մեր երկրի, ժողովրդի` մեր բոլորի թիկունքում: Առաջինն այդ մասին խոսեց Ադրբեջանի ԱԳ նախարարը, հետո Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնին պատահմամբ հայտնվածը հաստատեց: Կրկին մեզնից թաքուն՝ նենգ դավադրություն, որը մոտալուտ ժամկետներում Հայաստանին սպասվող աղետների մասին է:

Խաղաղության մասին խոսք լինել չի կարող: Միակողմանի` ադրբեջանական կողմի թելադրանքները, պահանջներն ընդունելու հետեւանքով ինչ-որ մի թուղթ են պատրաստում, որն իրավամբ աղետաբեր է: «Բանակցություն» բառը ենթադրում է փոխադարձություն:

Փաշինյան-Ալիեւ երկխոսության մեջ չկա փոխադարձություն, մի կողմից կա թելադրանք, մյուս կողմից` կատարող: Հայկական կողմը ներկայացնում է մի մարդ, որը չի սպասարկում հայկական շահը: Ամենասարսափելին այն է, որ 9 տոկոս քվե ունեցող այս խմբակը, որն արդեն վաղուց չի վայելում հանրության վստահությունը, որոշում է, որ Հայաստանի Հանրապետություն պետք է վերադառնա 300 հազար ադրբեջանցի: Սա աղետ է մեզ համար:

Այս գործողություններով Փաշինյանը փորձում է վերջակետ դնել հայ քաղաքակրթությանը, քանզի դրան ուղեկցելու է հայ քաղաքացիների արտագաղթը, Հայաստանի թրքացումը: Արդյունքում առաջանալու է նաեւ տնտեսական աղետ: Թուրքական բիզնեսը կուլ է տալու փոքրիկ Հայաստանը: Ամենահետաքրքիրն այն է, որ այս մարդիկ առանց վախենալու, բացահայտ արդեն հայտարարում են: Իմ ասածները ենթադրություններ չեն, շատ հստակ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Երեւան են մտնելու առանց տանկերի, եւ, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը նրա ասածներին դեմ չէ: Սա նշանակում է, որ աղետալի վիճակում է Հայաստանը: Պատերազմն առաջնագծից տեղափոխվելու է Երեւանի փողոցներ: Սահմանադրության մեջ մի կետ են ամրագրելու, որ երրորդ կողմի ներկայություն է հարկավոր` Հայաստանում ադրբեջանցիների ապահով բնակեցման համար, իսկ այդ երրորդ կողմը լինելու է Թուրքիան:

Անգամ քաղաքականությունից ամենահեռու մարդու մոտ հարց է առաջանում. ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանից պահանջում միջազգային հայցերը հետ վերցնել, սակայն Հայաստանի դեմ հայցեր է ներկայացնում: Շաբաթներ առաջ նորից հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ: Անգամ այս հարցերում մեր զիջումները միակողմանի են, էլ ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել: Հայաստանին պետք է բացառապես արժանապատիվ խաղաղություն, փոխադարձություն կողմերի միջեւ: Այս թուրքից ավելի թուրքերը, չգիտես ինչու, փորձում են այդ պայմանագրի տակ ստորագրել:

Ադրբեջանը չի կնքելու խաղաղության պայմանագիր, ինչու, որովհետեւ նրա պահանջները գնալով շատանում են: Հաջիեւը խոսում է ինչ-որ ռազմական հանցագործների Բաքվին հանձնելու մասին: Հանցագործ ասելով՝ նկատի ունի մեր զինվորականությանը, նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, նախագահներին: Խոսում են սահմանադրական փոփոխությունների մասին: Նրանց պահանջներն անվերջ են: Այնպես որ, ոչ մի պայմանագիր Ադրբեջանը չի կնքելու: Ասում է՝ պետք է սահմանադրություն փոխեք, որ խաղաղություն հաստատենք:

Ըստ «Գելլափի» հարցումների, Նիկոլը չունի բարձր վարկանիշ: Եթե սահմանադրական փոփոխությունների հարցը նա դնի հանրաքվեի, կտապալվի։ Հետեւաբար, կա 2 տարբերակ` կա՛մ կկեղծեն հանրաքվեն, կա՛մ ադրբեջանական կողմը կրկին կհարվածի եւ կստանա այն, ինչ ցանկանում է: Ձեր պարբերականն էր օրեր առաջ գրել, որ Փաշինյանը նոր վախեր տարածելու մասին հանձնարարություններ է տվել իր թիմին: Ադրբեջանը Հայաստանին քամելու է` բառի բուն իմաստով, ամեն ինչ ստանալու համար»: