Միջազգային բոլոր դերակատարները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և բանակցության ավարտը՝ հայտնելով պայմանագրի ստորագրման ակնկալիք:
Բայց այդ ակնկալիքների կամ ցանկությունների ֆոնին անպատասխան է մնում հարցը, թե ի՞նչպես են պատկերացնում ստորագրումը՝ հաշվի առնելով այն նախապայմանները, որ դրա համար առաջ է քաշում Ադրբեջանը: Միջազգային դերակատարները լոյա՞լ են այդ նախապայմանների հանդեպ:
Այստեղ բուն հարցն այն է, որ այդ նախապայմանները ինքնին միայն բովանդակություն չեն, թեև անգամ այդ առումով դրանց հանդեպ լոյալությունը չի կարող ունենալ որևէ տրամաբանված և իրավա-քաղաքականորեն փաստարկված հիմք: Բայց դրանից բացի, այդ նախապայմանները լոկ բովանդակություն չեն, այլ մեթոդաբանություն, և դա թերևս հիանալի պատկերացնելի է միջազգային դերակատարների, հատկապես Կովկասի հարցում առանցքային ներգրավում ունեցած և ունեցող սուբյեկտների համար:
Նրանք շատ լավ են հասկանում, պատկերացնում, գուցե անգամ գիտեն, որ Ադրբեջանի համար նախապայմանները ընդամենը Հայաստանը մշտական ճնշման ներքո պահելու և Հայաստանից առավելագույնը կորզելու միջոց են:
Եթե բավարարվի մեկը, հաջորդելու է մյուսը, և այդպես շարունակ, մինչև որ Հայաստանը, ըստ էության, կդադարի լինել կենսունակ իրավա-քաղաքական սուբյեկտ: Վերջին հաշվով, նաև դա էր պատճառը, որ Բաքուն, ըստ էության, ստեղծեց մի իրավիճակ, երբ հայ-ադրբեջանական գործընթացը միջազգային միջնորդությունների հարթությունից տեղափոխվեց երկկողմ հարթություն:
Այդ միջնորդներից որևէ մեկը սկզբունքորեն դեմ չեղավ դրան: Հիմա, երբ հայտարարում են պայմանագրի ստորագրման ակնկալիք, ապա դա թույլ է տալիս մտածել, որ այդ ակնկալիքը նույն այն տրամաբանության շրջանակում է, որում իրավիճակը զարգացել է մինչև այսպես ասած տեքստի համաձայնեցումը:
Իսկ իրավիճակը զարգացել է գերազանցապես ադրբեջանական մոտեցումների գերակայությամբ: Իհարկե, դա արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտության և հետո Արցախի կորստի դառը հետևանքն է, բայց հենց այդ իրավիճակը հավասարակշռելու համար էր կարևոր, որ հայ-ադրբեջանական գործընթացը ծավալվի միջազգային ֆորմալ միջնորդական պատասխանատվության ներքո:
Միջնորդի դերն այդ իրավիճակում պետք է լինի ուժերի հավասարակշռության թեկուզ նվազագույն պատկեր ապահովելը, որպեսզի տեղի չունենա պատերազմում պարտվածի այսպես ասած վերջնական զրոյացում: Իհարկե, միջնորդը, բնականաբար, այդ պարագայում ոչ թե զբաղվում է բարեգործությամբ, այլ իր շահերով:
Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե չկա ֆորմալ միջնորդություն, դա չի նշանակում, որ չկան այն ուժային կենտրոնները, որոնք կարող են լինել այդպիսին: Նրանք կան, նրանք դարձյալ ամենևին ոչ պակաս հետևողականությամբ առաջ են մղում իրենց շահերը, պարզապես արդեն շատ ավելի նվազ պատասխանատվությամբ:
Հայ-ադրբեջանական գործընթացում Հայաստանի շահերի պաշտպանության համար շատ կարևոր է միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնումը:
Բաց մի թողեք
Հայաստանի առաջ թիվ մեկ խնդիրը ուղիղ համեմատական է Ադրբեջանի շանտաժի աստիճանին
Ինչի հետևանք է, որ Հայաստանի համար ավելի է աճում պետական – արտաքին պարտքի բեռը
Ամերիկա-ռուսական գործարքը Կովկասի համար կլինի՞ կայունության ամրագրման իրողություն