24/04/2025

Քաղաքական սակարկումների նոր շրջափուլ, որտեղ փորձում են դիրքավորվել բոլորը

Հայաստանի պաշտպանության նախարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, թե մարտի 17-ի գիշերը հայկական զինուժը դարձյալ խախտել է հրադադարը: Նկատենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը չորս անգամ տարածել է այդպիսի տեղեկություն, ինչին հաջորդել է Հայաստանի ՊՆ հերքումները:

Միաժամանակ, ՊՆ-ն նաև հիշեցրել է հրադադարի խախտումների մասին տեղեկությունների համատեղ հետաքննության մեխանիզմի մասին Երևանի առաջարկը, որ արվել է Բաքվին շատ վաղուց և առ այսօր մնացել անպատասխան:

Սակայն Հայաստանի ՊՆ հերթական հերքման մեջ ուշագրավ է այն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում:

Հայաստանի պաշտպանության նախարարության այդ ավելորդ պատրաստակամությունն արդյո՞ք նշանակում է, որ Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունները առաջացնում են որոշակի լուրջ անհանգստություն:

Համենայն դեպս, իհարկե, հատուկ ուշադրության է արժանի, որ Բաքուն վերջին օրվա ընթացքում չորրորդ անգամ է տարածում այդպիսի ապատեղեկատվություն: Դա է տեղի է ունենում այն հայտարարությունների ֆոնին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման առիթով հնչում են միջազգային գրեթե բոլոր դերակատարներից:

Բոլորը ողջունում են տեքստի համաձայնեցումն ու բանակցության ավարտը և կարևոր համարում դրա ստորագրումը: Բայց Ադրբեջանը ստորագրման համար առաջ է քաշում հայտնի նախապայմանները: Արդյո՞ք հրադադարի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվական արշավի նպատակն է այսպես ասած «հակադարձել» խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ ստորագրման մասին հայտարարությունների մթնոլորտին, որպեսզի այդ մթնոլորտը չդառնա այսպես ասած որոշակիորեն գերակշռող և սկսի ճնշել Բաքվին:

Անշուշտ, խոսքը թերևս այն մասին չէ, որ Բաքվից պահանջում են արագ ստորագրում, իսկ նա փորձում է դիմադրել, քանի որ չի ցանկանում ստորագրել: Պատկերը և իրերի դրությունը թերևս շատ ավելի բարդ ու շերտավոր է, քան ստորագրել-չստորագրելը:

Միջազգային բուռն արձագանքը վկայում է այն մասին, որ հայ-ադրբեջանական գործընթացում այսպես ասած նոր հանգրվանի արձանագրումը տեղավորվում է թերևս միջազգային նոր իրավիճակի շրջանակում, որ ծավալվում է Թրամփի պաշտոնամուտից և մասնավորապես Թրամփ-Պուտին երկխոսության մեկնարկից հետո:

Իսկ դա նշանակում է քաղաքական սակարկումների նոր շրջափուլ, որտեղ փորձում են դիրքավորվել բոլորը: Ադրբեջանն էլ , ըստ ամենայնի, փորձում է իր դիրքավորման խնդրի լուծմանը ծառայեցնել հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվական արշավը: Սա, իհարկե, գուցե դրա միակ նպատակը կամ մոտիվը չէ, սակայն գուցե առանցքայինն է այս փուլում:

Translate »